Գլխավոր էջ / Ծրագրեր / Լուրեր / Նանա Արամյան «Ստվերների գիրք»

Նանա Արամյան «Ստվերների գիրք»

Նանայի՝ գույնի ու վրձնի ուրույն զգացողությունը, էքզիստենցիալ գաղափարախոսությունը և տիեզերական մտորումների համար ներշնչված տարածությունը սպասում են ձեզ։
Երևանի Արամի 42/1 հասցեում գտնվող «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանը» հուլիսի 8-ին, ժամը 19:00-ին ներկայացնում է Նանա Արամյանի «Դռներ» նախագիծը։

Ստվերների գիրք ունի յուրաքանչյուր կախարդ, որտեղ նա պահում է իր գաղտնի հմայագրերը:
Այդ գրքից ունի նաև Նանայի կտավներում ապրող կախարդը, ով ապրում է իր ստեղծած ալքիմիկե աշխարհում, ուր փոքրիկ վիշապները, խխունջները, մորեխները և իրեն շրջապատող ամեն ինչ անընդմեջ վերածնվում ու վերակենդանանում են:
Ամեն մի առարկա՝ սիրտը, ծաղիկները, ծովաձին կենդանի են, և ունեն իրենց դերն ու նշանակությունը:
Կախարդն այս անգամ ուրիշ է: Նա դուրս է եկել իր պահարանից, և այժմ հանգիստ նստած է սեղանի մոտ. մռայլ ետնամասն, ասես, կանխորոշում է այս պատմության առեղծվածային ելքը:
Նա այլևս մելամաղձոտ չէ: Այժմ նա հասուն կին է՝ մտազբաղ, սակայն բավական ներդաշնակ իր շրջապատի հետ:
Այս անգամ Նանան անդրադառնում է գոթական արվեստին, ինչի մասին ակնարկում են նեղ ու երկար կտավները՝ նման գոթական խորանափեղկերի, մութ ֆոնը, շագանակագույնը, և այլ մանրամասներ, ինչպիսիք են գոթական պատուհանները, որոնք խորհրդանշում են ժամանակի շարունակական ընդհատումները: Այստեղ ակնհայտ է իրականի ու անիրականի սահմանը, կախարդական, երազանման, ֆանտաստիկ աշխարհն իր միկրոտիեզերքով: Նանան անդրադառնում է Բոսխի, Գրյունվալդի, Հուգո վան դեր Գուսի, Արչիմբոլդոյի արվեստներին:
Նա հակադրում է երկու կիսաշրջանաձև կտավները՝ կախարդի տրամադրության կտրուկ անցումները ցույց տալու համար: Մեկում տեսնում ենք դեռահաս կախարդին՝ միամիտ, տխուր, սրտնեղած ու վիրավոր: Նրա թևը վնասված է, ու վերքից դեռ արյուն է կաթում: Մյուս կտավում նա հաղթահարել է ընկճվածությունը, և հանգիստ քնել է: Նա երազում է իր թռիչքների մասին դեպի ֆանտաստիկ քաղաքներ՝ իրենց ֆանտաստիկ ճարտարապետությամբ՝ անցնելով զուգահեռ աշխարհների կամ անցած ժամանակաշրջանների միջով:
Զուգահեռ աշխարհի գաղափարն ակնհայտ է Նանայի «Ստվերների գրքում»: Մենք չգիտենք՝ ով է այն փոքրիկ աղջիկը, որ ուսումնասիրում է երիտասարդ կնոջը: Դա նրա մանկության երազա՞նքն է, թե ներկա հուշերն են: Կամ էլ զուգահեռ աշխարհների մասին աղճատված իրականությունն է, ու նա միաժամանակ ուսումնասիրում է սեփական «եսը»: Այստեղ է ի հայտ գալիս Նանայի գեր-սյուրռեալությունը, որով նա շարունակ շփոթեցնում է դիտողին:
Ահա, թվում է՝ Նանայի պատմությունը մոտ է հանգուցալուծմանը: Նրա երկու երկար կտավները լուսամուտներ են, որոնք կախարդի երազանքն իրական են դարձնում: Նա թողնում է փակ ու մութ անկյունները, որտեղ բնակվում էր իր «անցումային փուլի» շրջանում: Նա լքում է այն վայրերը, որտեղ իր հուշերը պինդ պահեստավորված էին, ու չէին թողնում իրեն ազատ լինել: Նրա կիրքը կողպված էր ծանր փայտե դռների ու կողպեքների ետևում, և հիմա գոթական պատուհաններից դուրս է թռչում իր հետ միասին՝ գիշերվա մթության մեջ ողողված լուսնի լույսով, վենետիկյան ջրանցքների արտացոլող ջրերի վրայով:
Եվ, երբ գաղտնիքը բացահայտված է թվում, Նանան կրկին շփոթեցնում է. այս անգամ խաղավահանակով: Ի՞նչ է անում դա այստեղ: Կվերադառնա՞, արդյոք, նա անցյալ՝ մատի միայն մեկ հարվածով: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, կծնվի մի նոր պատմություն, որը կբացահայտի մեր ներքին մղումներն ու ակնկալիքները թռչող կախարդի միջոցով:

Կարինե Մարգարյան
արվեստաբան

 

Հեղինակը՝ Ռուզան Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × 1 =