Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «ԼարԱնն» / «ԼարԱնն» — «Հելոուինը» Հայաստանում

«ԼարԱնն» — «Հելոուինը» Հայաստանում

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio larann halloweenԱյսօր «ԼարԱննում» քննարկում ենք վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ ստացած Հելոուինի տոնը:
Հելոուինն ի հայտ է եկել Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից, որի պատմությունն սկսվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում։ Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ Բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինն ավանդական կերպով տոնվում է անգլիախոս երկրներում, սակայն պաշտոնապես չի համարվում հանգստյան օր։
20-րդ դարի վերջում՝ գլոբալիզացիայի ընթացքում, Հելոուինն սկսել են տոնել նաև ոչ անգլիախոս եվրոպական և ԱՊՀ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Բեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում։
Ըստ անգլերենի Օքսֆորդյան բառարանի` «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում որպես անգլերեն All-Hallows-Even — բոլոր սրբերի երեկո:
16-րդ դարում առաջացել է հոկտեմբերի 31-ին քաղցրավենիք խնդրելու սովորույթը։ Երեխաներն ու մեծահասակները հագնում էին կտորից դիմակներ և, մի դռնից մյուսը քայլելով, պահանջում հյուրասիրություն։ Դերերով հանդերձներ հագնելու և իրենց հետ «Ջեքի ջահը» տանելու սովորույթն առաջացել է 19-20-րդ դարերում: Ընդ որում, գումարի կամ ուտելիքի դիմաց նախօրոք պետք էր առաջարկել տարբեր զվարճալիքներ։
Հելոուինի խորհրդանիշերի մեծամասնությունն ունեն երկար պատմություն։
Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթն առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որն օգնում էր հոգիներին գտնել մաքրագործման ուղին: Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան արագ փոխարինման է գալիս դդումը՝ որպես ավելի էժան և հասանելի բանջարեղեն: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումն արձանագրվել է 1837 թվականին: Այդ արարողությունն, ընթանալով բերքահավաքի ժամանակ, չուներ Հելոուինի հետ կապ մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը: Հանրաճանաչ էին դասական սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, օրինակ՝ Մումիայի ու հրեշ Ֆրանկենշտեյնի: Տների տոնական զարդարանքի մեջ մեծ դեր էին խաղում աշնան խորհրդանիշերը, օրինակ՝ գյուղական խրթվիլակները: Հելոուինի հիմնական թեմաներն են՝ մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են՝ սևը և նարնջագույնը:
Տոնի գլխավոր խորհրդանիշը համարվում է «Ջեքի ճրագը»: Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Առաջին անգամ «Ջեքի ճրագը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ կամ ճակնդեղ: Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին:
Ինչպես այլ տոները, Հելլոուինը նույնպես ունի իր հայտնի երգերն ու թեմատիկ երաժշտությունը։ Փոփ երգիչ Բոբբի Փիքեթի «Monster Mash» հայտնի երգը, որը մի շարք երաժշտական քննադատների կարծիքով դարձել է Հելոուինի ինքնատիպ հիմնը: Մյուս ամենահայտնի երգերից մեկը համարվում է «This Is Halloween» երգը, որի հեղինակն է Դեննի Հելմանը, և որը հնչում է «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» անիմացիոն ֆիլմում։ Այն մի քանի անգամ երգվել է ոչ միայն ամերիկացի, այլ նաև ճապոնացի երգիչների կողմից:
Հելոուինի տոնման ժամանակ հաճախ վախեցնող ատրակցիոնների համար օգտագործվում են էմբիենտ ժանրի կոմպոզիցիաներ, որոնք բաղկացած են այնպիսի վախեցնող էլեմենտերից, ինչպիսիք են ճռճռոցները, գայլերի ոռնոցները և այլն։
Առավել հայտնի են «Midnight Syndicate» խմբի երգերը, որոնք չափանիշեր են սահմանում այդ ոճի երաժշտական արտադրության համար: Հայտնի է «Nox Arcana» խումբը, որի «Grimm Tales» ալբոմը ոգեշնչման աղբյուր դարձավ Universal Studios Halloween Horror Nights ստուդիայում Scary Tales: Once Upon A Nightmare այգու ստեղծման համար: Երեկույթների ժամանակ օգտագործվում է պարային երաժշություն, որն ստեղծվել է կատակային ու վախեցնող ոճում, կամ կոմպոզիցիաներ սարսափ ֆիլմերի երաժշտությունից: Հայտնի կոմպոզիցիա դարձավ «Let’s Get Tricky» երգը, որը կատարեցին Բելլա Թորնին և Ռոշոն Ֆեգանը։ Այն հնչում էր «Դիսնեյ» հեռուստաալիքի «Պարային տենդ» հայտնի հեռուստասերիալում։
Այս տոնը նշող բուն երկրներն են ԱՄՆ-ն, Իռլանդիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: Որոշ երկրներ էլ վերջին տարիներին են սկսել նշել Հելոուինը: Այդ երկրներից մեկն էլ Հայաստանն է:
Հելոուինը Հայաստանում նշվում է արդեն մի քանի տարի: Հիմնականում երիտասարդները Party-ներ են կազմակերպում Երևանյան ակումբներում։
Ազգագրագետների կարծիքով, որքան էլ որ մեր որոշ տոների ժամանակ կրկնում ենք նմանատիպ արարողություններ, Հելոուինը հայկական տոների հետ ոչ մի կապ չունի։ Ամանորին դիմակներով հարևաններին այցելող երեխաներն էլ բարի հերոսներ են, այլ ոչ թե «մեռյալ հոգիներ»:
Դիմակներով անցկացվող հայկական տոներից Հելոուինին ավելի մոտ է Բարեկենդանը, որը նշվում է Մեծ պասից մեկ շաբաթ առաջ։ Իսկական «Հելոուին» Հայաստանում չի նշվել երբեք:
Ոչ հայկական տոնը նշել, թե ոչ՝ որոշում է մեզանից յուրաքանչյուրը: Շատերի համար այն ուղղակի ժամանցի միջոց է, մյուսների համար՝ ևս մեկ անգամ երիտասարդությունից  բողոքելու առիթ:
———————————————————
Կհանդիպենք օնլայն տիրույթում:
Հետևեք «ԼարԱնին», որ չհայտնվեք դարանում
———————————————————
Աննա Գարեգինյան, Լաուրա Մարտիրոսյան

«Օնլայն ռադիոյի» եթերում «ԼարԱննին» կարող եք հետևել ամեն երեքշաբթի ժ. 15:00-ին, կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին:

Հեղինակը՝ Լաուրա & Աննա (ԼարԱնն)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 + two =