Radio online

«ԼարԱնն» — Սելֆի

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio larann selfieԱյսօր «ԼարԱննի» շրջանակներում խոսելու ենք դեռևս «Դե, սպասիր» մուլտֆիլմից հայտնի սելֆիների մասին: Հիշենք Գայլին՝ իր հայտնի սելֆիով:
«Սելֆին» նորահայտ եզրույթ է, որ նշանակում է «հայելու դիմաց արված ինքնալուսանկար»: Աշխարհում առաջին սելֆին համարվում է 1900թ.-ին «Կոդակ» լուսանկարչական սարքով անհայտ կնոջ կողմից արված ինքնալուսանկարը: Հաջորդ շատ տարածված ինքնալուսանկարը, որ հասել է մեզ, արվել է 1913թ.-ին ռուս վերջին կայսեր՝ Նիկոլայ Ռոմանովի դստեր՝ Անաստասիայի կողմից, «Կոդակ Բրոունի» լուսանկարչական խցիկով: 1914թ. հոկտեմբերի 28-ին հորն ուղարկած գրության մեջ նա նշում է. «Ես նկարեցի ինքս ինձ՝ նայելով հայելու մեջ: Դա շատ դժվար էր, որովհետև ձեռքերս դողում էին»: Այսօր, ավելի քան 100 տարի անց, սելֆիներով լի են բոլոր սոցցանցերը: Վիճակագրության համաձայն՝ բրիտանացիներն ամեն ամիս սոցցանցերում հրապարակում են 35 միլիոն ինքնալուսանկար: Բացի այդ, «սելֆի» բառը համարվել է 2013թ.-ի Տարվա Բառ՝ համաձայն Օքսֆորդյան բառարանի հեղինակների:
Ըստ Օքսֆորդյան բառարանի՝ սելֆին ինքնալուսանկար է, որտեղ մարդն ինքն իրեն է նկարում հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով, եւ տեղադրում սոցիալական ցանցում: Դեռ 100 տարի առաջ ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրեյդը փաստել է. «Նարցիսիզմն ամենուրեք հանդիպող բնավորության գիծ է, երբ մարդը բացառիկ ինքնասիրահարվածություն է ցուցաբերում իր անձի հանդեպ: Այլ կերպ ասած՝ մենք ձևավորվում ենք որպես եսասեր էակներ, որովհետև մեր հանդեպ ունեցած մեր սերը մեր հարմարվողական գոյատևման զինանոցի մի մասն է կազմում»: Ֆրեյդը նշել է նաև, որ երբ ինքնասիրահարվածության մակարդակը չափազանց բարձր է, այն մարդու համար խոչընդոտ է հանդիսանում սիրել կամ կարեկցել ուրիշներին: Այսինքն՝ դա անձնային խանգարում է, որն արտահայտվում է փառասիրությամբ, ինքնասիրահարվածությամբ ու եսասիրությամբ:
Ուստի, եթե մի փոքր նարցիսիզմը կարող է օգտակար լինել, ապա դրա չափազանց շատ լինելը բավականին ծանր արդյունքների կարող է հանգեցնել: Եվ եթե սա խնդրահարույց է անհատական մակարդակով, ապա շատ ավելի լուրջ հետեւանքներ ունի հավաքական կամ խմբային մակարդակով: Արդյո՞ք վերջին տեխնոլոգիաների ի հայտ գալը, ինչպիսիք են սմարթֆոններն ու սոցիալական լրատվամիջոցները, կարող է մի կողմից մեր ինքնասիրահարվածության միտումները բարձրացնել, իսկ մյուս կողմից՝ վնաս տալ լայն հասարակությանը: Զարմանալի չէ, որ բազմաթիվ հեգնական ուղեցույցներ են հրատարակվել, թե ինչպես պետք է չմեռնել սելֆի անելու ժամանակ:
Այս տարի Ռուսաստանում ինքնանկար անելու հետևանքով  դժբախտ դեպքերի համաճարակ է տիրում:  Նման դեպք էր գրանցվել նաև Ռյազանում, երբ դպրոցականը լուսանկարվելու փորձի ժամանակ ընկել է երկաթգծային կամրջից: Համացանցում տարածված դեպքերից էր նաև 21-ամյա մոսկվաբնակ աղջկա ողբերգական մահը, ով  ինքն իր գլխին էր կրակել զենքով լուսանկարվելիս:
Վիճակագրության համաձայն` 2015-ին սելֆին դարձել է 50 մարդու մահվան պատճառ ողջ աշխարհում:
Սելֆիի ձող օգտագործողները, անկասկած, պետք է հիշեն, որ նրանք ֆիզիկապես ապրում են ֆիզիկական եւ ոչ թե իրենց պատկերացրած վիրտուալ աշխարհում: Արդյո՞ք, սելֆիի ձողը պարզապես կոչ է ինքնասիրահարվածներին, կամ գուցե դրանք գործնականում կարող են բարձրացնե՞լ մարդկանց ինքնասիրահարվածությունը: Դեռ պարզ չէ, բայց մարդկային սովորույթների մեծ մասը դիրքորոշումների եւ շրջակա միջավայրի փոխազդեցությունների արդյունք է. ինքնասիրահարված մարդը իսկապես կարող է ավելի խոցելի լինել սելֆիի համախտանիշի նկատմամբ եւ դա իր հերթին նպաստում է, որ մարդիկ ավելի ինքնասիրահարված դառնան: Ըստ անգլիական «The Guardian» պարբերականի ուսումնասիրությունների՝ Time ամսագիրը սելֆիի ձողը համարել է 2014 թվականի լավագույն հայտնագործություններից մեկը, «Business Insider» լրատվական կայքը հայտարարել է, որ այն արձակուրդների ժամանակ «ամենապետքական» գործիքն է եւ մեծապես կիրառվում է Հարավային Կորեայում, որտեղ չգրանցված օգտվողների համար գործում են տուգանքներ: Այնտեղ արդեն կա Ազգային սելֆիի պատկերասրահ:
Անցյալ տարի «New York» ամսագրում մտահոգվելու տեղիք տվող հոդված էր տպագրվել, որտեղ գրված էր. «Սելֆիները փոխել են մեր սոցիալական փոխազդեցությունը, մարմնի լեզուն, ինքնաիրազեկվածությունը, անձնական կյանքը եւ հումորը՝ դրանք դարձնելով ժամանակավոր երեւույթ, հեգնանք եւ հանրային վարքագիծ»: Հետազոտությունը պարզել է, որ կանայք ավելի շատ են սելֆիներ անում, քան տղամարդիկ:
Սելֆիի հրապարակումը տղամարդկանց կողմից դիտվում է որպես ինքնասիրահարվածության նշան: Այս հետազոտությանն առնչվող վերջին մի քանի գիտական ակնարկները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի շատ են հակված ինքնասիրահարվածության, քան կանայք: Հետազոտողները խորհուրդ են տալիս սելֆիասեր բոլոր կանանց եւ տղամարդկանց հնարավոր ողբերգական դեպքերից խուսափելու համար ռիսկային քայլերի դիմելուց եւ կոճակը սեղմելուց առաջ մի քանի վայրկյան մտածեն իրենց առողջության մասին:
Հոգեբույժների Ամերիկյան Ասոցիացիան (ՀԱԱ) պաշտոնական եզրակացություն է տվել այն մասին, որ ինքնալուսանկարներով տարվելը՝ սելֆին՝ հոգեկան խանգարում է: Հիվանդությունը կոչվում է սելֆիտ եւ բնորոշվում է որպես օբսեսսիվ-կոմպուլսիվ ՝ ցանկություն նկարելու ինքն իրեն եւ տեղադրելու նկարները սոցիալական ցանցերում՝ սեփական անձի նկատմամբ հարգանքի եւ շփման բացը լրացնելու համար: Հոգեբույժների Ամերիկյան Ասոցիացիան հաստատել է, որ գոյություն ունի խանգարման 3 աստիճան: Սահմանային սելֆիտ. ինքն իրեն նկարում է օրական ամենաքիչը 3 անգամ՝ չտեղադրելով դրանք սոցիալական ցանցերում: Սուր սելֆիտ. ինքն իրեն նկարում է օրական ամենաքիչը 3 անգամ եւ տեղադրում դրանք սոցիալական ցանցերում: Քրոնիկ սելֆիտ. ինքն իրեն նկարելու շուրջօրյա անզուսպ ցանկություն՝ տեղադրելով բոլոր նկարները սոցիալական ցանցերում օրական 6 եւ ավելի անգամ: Համաձայն Հոգեբույժների Ամերիկյան Ասոցիացիայի՝ առայժմ չկա համապատասխան բուժում տվյալ հիվանդության դեմ, սակայն հնարավոր է ախտանիշների ժամանակավոր թուլացում՝ ճանաչողա-վարքագծային հոգեթերապիայի միջոցով:
———————————————————
Կհանդիպենք օնլայն տիրույթում:
Հետևեք «ԼարԱնին», որ չհայտնվեք դարանում
———————————————————
Աննա Գարեգինյան, Լաուրա Մարտիրոսյան

«Օնլայն ռադիոյի» եթերում «ԼարԱննին» կարող եք հետևել ամեն երեքշաբթի ժ. 15:00-ին, կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին:

Հեղինակը՝ Լաուրա & Աննա (ԼարԱնն)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 + twenty =