«ԼարԱնն» — Թատրոն

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio larann tatron«Արվեստն այնպիսի պահանջ է մարդու համար, ինչպես ուտելը և խմելը: Ստեղծագործության պահանջը, որն իր մեջ մարմնավորում է գեղեցկությունը, անբաժան է մարդուց» Ֆեոդոր Դոստոևսկի

Այսօր ևս, ինչպես յուրաքանչյուր մեր հաղորդմանը, վերցրել ենք խնդրահարույց մի հարց, որին անդրադառնալու ենք միասին՝ իմ գործընկերուհին և ընկերուհին՝ Լաուրա Մարտիրոսյանն ու ես՝ ԱննաԳարեգինյանը:
«Չկա գիտություն՝ գիտության համար, չկա արվեստ՝ արվեստի համար. դրանք բոլորն էլ գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վեհ ու վսեմ դարձնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական բարիքներով հարստացնելու համար»: Սրանք Լև Տոլստոյի խոսքերն են դեռևս տարիներ առաջ արտահայտած: Հետաքրքիր է՝ մեր օրերում ի՞նչ դեր ու նշանակություն ունի արվեստը մեր հասարահության համար:

Հենց այս հարցն էլ այսօր քննարկելու ենք «ԼարԱնն»-ում: Արվեստի ճյուղերից մեկն էլ թատրոնն է՝ իր բոլոր կերպարներով և խաղով: Ինչքանո՞վ են մեր հասարակության անդամներն այցելում թատրոն, ի՞նչ նշանակություն ունի թատրոնն ու, առհասարակ, ի՞նչ ճանապարհ է անցել հայկական թատրոնը. սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող եք գտնել այսօր «ԼարԱննում»:
Հայկական թատրոնը՝ հունական և հռոմեական թատրոնների հետ միասին, աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։ Այն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի:
Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում՝ ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։ Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69թ. Տիգրան Մեծ արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում  կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում, ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Իսկ հույն պատմիչ Պլուտարքոսը վկայել է, որ 53 թ. մ.թա Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը: Հետագա դարերում Հայաստանում գործող ինքնատիպ ժողովրդական թատրոնների մասին վկայություններ կան հայ պատմիչների երկերում, իսկ մանրանկարչական որոշ ձեռագրերում պահպանված են դիմակավոր դերասանների պատկերներ: Նման արժեքավոր վկայություններից է 1286թ. ձեռագիրը: Հայոց թագավոր Հեթում Երկրորդի սեփականությունը հանդիսացող ձեռագրում նկարված է պանտոմիմային թատրոնի դերասանը՝ կրկնակի դիմակը գլխին: Թատրոնի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 5-րդ դարի մատենագիր Հովհան Մանդակունին և Դավիթ Քերթողը, հետագայում Թովմա Արծրունին  և ուրիշներ, որոնք վկայում են այն մասին, որ թատրոնը հարատևել է նաև հետագա դարերում:
Իսկ ի՞նչ է թատրոնն առհասարակ. Թատրոնը՝ իր ժանրում, ամենաանկեղծ երկխոսությունն է հանդիսատեսի հետ և այն երբեք չի կորցնի իր արդիականությունը: Այսօր էլ բավականին մեծ եռանդով ու պատասխանատվությամբ շարունակվում են պահպանվել Հայկական թատրոնի  ավանդույթները:
Իսկ մեզանից մնում է միայն  Հավատարիմ լինել թատրոնի փիլիսոփայությանը՝  հաճախ այցելելով այդ հրաշալի եվ գեղեցիկ աշխարհը:

Ըստ Երևան քաղաքի պաշտոնական կայքի Երևանում գործում է 17 թատրոն: Դրանց մի մասը մանկական են, գործում են կամերային, դրամատիկական, համազգային և այլ թատրոններ: Սակայն Մայր թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնն է: 1921թ-ի օգոստոսի 16-ին ՀՀ-ում հիմնադրվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը:  Նախապես կոչվում էր առաջին պետթատրոն, սակայն,  բացումը տեղի է ունեցել 1922թ-ի հունվարի 25-ին Սունդուկյանի «Պեպոն»  ներկայացմամբ: Առաջին գեղարվեստական ղեկավար է նշանակվել  ռեժիսոր Լևոն Քալանթարյանը: Թատրոնում աշխատել են նշանավոր դերասաններ Հասմիկը, Վ. Փափազյանը, Ա. Ոսկանյանը, Հ. Ներսիսյանը, Ա. Ավետիսյանը, Գ.  Ջանիբեկյանը և ուրիշներ:

Այսօր թատրոնի գլխավոր ռեժիսորը Տիգրան Գասպարյանն է: 1983թ.-ից որպես բեմադրող ռեժիսոր աշխատանքի է ընդունվել թատրոնում: Իսկ 2012թ.-ին  հունվարի 9-ից  նշանակվել է թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում: Բեմադրել է մի շարք ներկայացումներ: Որքանո՞վ է այսօր թատրոնին հաջողվում արժանիորեն կրել իր անունը  և իրականացնել հիմնական առաքելությունը: Տիգրան Գասպարյանը պատասխանում է. «Եթե այսօր նայենք թատրոնի խաղացանկը՝ անկախ նրանից, թե թատերագետ ես, դերասան, թե հասարակ հանդիսատես, խաղացանկում ներառված այնպիսի անուններ կրող ես գտնել, որ ցանկացած թատրոնի պատիվ կբերեն: Ներառված են ինչպես համաշխարհային դասական գրական գործեր, այնպես էլ հայ դասականներ: Ամեն ինչ է ներառված: Թող անհամեստ չհնչի՝ այնուայմենայնիվ իմ խորին համոզմունքն է, որ այս թատրոնը Հայաստանում ունի ամենաուժեղ դերասանական կազմը, ինչն անառարկելի փաստ է: Սրանով ամենևին էլ չեմ ցանկանում նսեմացնել կամ թերագնահատել մյուս թատրոնների դերասաններին»:

«Սունդուկյանի անվան թատրոնը հատուկ առաքելություն է ունեցել և  այսօր էլ իներցիայով հասարակական պահանջ կա, որ այն կլինի  կենտրոնական դեմք թատերական աշխարհում», — թատերագետ, դրամատուրգ Կարինե Խոդիկյան: Նրա կարծիքով. «Պատահական չէ, որ բացի ազգային բնորոշումից, հաճախ դիմում են Մայր թատրոն բնորոշմամբ, որն արդեն իսկ վերաբերմունք է՝ սկսած հանդիսատեսից մինչև թատերագետ և թատրոնի մարդ»:
Երևանում գործող յուրաքանչյուր թատրոն էլ ունի իր առաքելությունը: Կարևորը այցելել այդ թատրոններից գոնե մեկը՝ ինչ-որ բան ստանալու համար: Մնում էմիայն նշել, որ ամենազբաղված շրջանում էլ հարկ է ժամանակ տրամադրել նաև թատրոնին՝ մոտ լինելու համար արվեստին, քո ներսում սերմանելով սերը դեպի դերասանական խաղը: Թատրոն գնալ միշտ է հարկավոր, չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների շատ արագ զարգացմանն ու մեր կյանք մտնելուն:
Կհանդիպենք հաջորդ երեքշաբթի՝ նոր թեմաներով և նորություններով:
———————————————————
Կհանդիպենք օնլայն տիրույթում:
Հետևեք «ԼարԱնին», որ չհայտնվեք դարանում
———————————————————
Աննա Գարեգինյան, Լաուրա Մարտիրոսյան

«Օնլայն ռադիոյի» եթերում «ԼարԱննին» կարող եք հետևել ամեն երեքշաբթի ժ. 15:00-ին, կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին:

Հեղինակը՝ Լաուրա & Աննա (ԼարԱնն)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

fourteen + eight =