Radio online
Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Կինո-ՄԱԳ» / «Կինո-ՄԱԳ» — Կինոպատմություն

«Կինո-ՄԱԳ» — Կինոպատմություն

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio kino mag kinopatmutyunՈղջույն, այսօր կխոսենք համշխարհային կինոյի և հայ կինոյի ձևավորման և նրանց անցած ճանապարհի մասին:

Մինչ այդ հիշեցնեմ, որ «Կինո-ՄԱԳին» կարող ես հետևել նաև ֆեյսբուքյան էջում՝ գտիր էջը, հավանիր այն, և հենց այդ էջից էլ հետևիր մեր եթերին՝ անցնելով «Ձայնարկիչի բաժին» (Radio Player):

Այժմ պտտենք կինոարտադրության պատմության անիվը, և տեղեկանանք հետաքրքիր ու զվարճալի դեպքերի, հանրաճանաչ ու հռչակավոր կինոդեմքերի մասին:

Եվ այսպես…

Դուբլ 01
Աշխարհում առաջին անվճար կինոդիտումները կայացել են 1894թ.-ին, իսկ 120 տարի առաջ՝
1895թ. դեկտեմբերի 28-ին Փարիզի «Գրան կաֆե» սրճարանում Օգյուստ և Լյուի  Լյումիեր եղբայրները առաջին կինոցուցադրությունը, որի ժամանակ հանդիսատեսը նայեց 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ։ Առաջին վճարովի կինոների շարքում էին «Գնացքի ժամանումը» և «Աշխատավորների ելքը գործարանից» կարճամետրաժ ֆիլմերը: Լյումիերները հանդիսանում են կինոյի հիմնադիրները, և ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖ սարքի գյուտարարները: Ստեղծելով սարքը, եղբայները չեն էլ գիտակցել նրա լրջությունը, Լյուի Լյումերը կարծել է, որ նրանք ստեղծել են մի խաղալիք, որը մոռացվելու է մեկ-երկու տարի հետո, սակայն նրանք այդպիսով հիմնադրել են արվեստի նորագույն տեսակի հիմնքը: Հետաքրքրական է, որ «Գնացքի ժամանումը» ֆիլմի  ցուցադրության ժամանակ հանդիսատեսը վախեցած դուրս է վազել սրճարանից՝ կարծելով, որ էկրանից եկող գնացքը կարող է սպանել իրենց: Պատմության մեջ առաջին խաղարկային ֆիլմը՝ «Թրջված ջրվորը» նույնպես եղբայրների աշխատանքն է:

Դուբլ 02
Աշխարհի տարբեր երկրներում կինոյի ծնունդը եղել է տարբեր ժամանակաշրջանում: Այսպես, օրինակ՝ իտալական կինոյի  ծնունդն ընդունված է համարել 1904թ.-ը: Իհարկե, այլ վկայություններ էլ կան, ըստ որոնց` Իտալիայում կինոնկարահանման փորձեր են արվել դեռևս 1896թ.-ից («Գնացքի ժամանումը Միլանի կայարան», «Ումբերտո և Մարգարիտա Սավոյացիներն այգում զբոսնելիս»):
Իտալիայում ևս կինոն ժամանակին բավական լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջող արտադրության տեսակ էր և բնավ էլ արվեստի վերածվելու ձգտում չուներ: Դեռ 1910-ականներին իտալական ժապավենները երկրի սահմաններից դուրս էլ մեծ պահանջարկ ունեին:
Կինոն ֆրանսիայում համարվում եր աղքատ խավի ժամանցի միջոց: Կինո էին այցելում ցածր խավի ներկայացուցիչներ: Մտավորականությունը և հարուստ խավը հետաքրքրված էր թատրոնով, և կինո գնալը նրանց հարիր չէր:
Կինոյին ավելի լուրջ սկսեցին վերբերվել ԱՄՆ-ում, և կինոն սկսեց արագ տեմպերով զարգանալ: Ամերիկյան առաջին ֆիլմն է  “Գնացքի մեծ կողոպուտը” (1903):
Նշեմ, որ կինոյի սկզբնավորման տարիներին բոլոր ֆիլմերն էկրան էին բարձրանում առանց համահունչ ձայնի և կոչվում էին համր կինո։  Հնչեղ խոսքի բացակայությունը խթան հանդիսացավ պատկերի արտահայտչական հնարավորությունների որոնման համար՝ առաջացան տիտրերը, դերասանական խաղում առաջ եկավ յուրահատուկ մնջախաղի տեսակ։ Ժորժ Մելիես, Ֆրից Լանգ, Պաուլ Լենի, Դեյվիդ Գրիֆիթ, Չարլի Չապլին, Սերգեյ Էզենշտեյն, Լև Կուլիշով, Դզիգա Վերտով — սրանք անուններ են, որոնք իրենց մեծ հետքն են թողել համր կինոյի զարգացման գործում:

Դուբլ 03
1927թ. հոկտեմբերի 6-ին նկարահանվել է առաջին ձայնավոր ֆիլմը՝ «Ջազի երգիչը»: Այս ֆիլմը «Warner Bros.» (Ուորնըր բրազըրս) ընկերությանը բերեց 3.5 միլիոն դոլար եկամուտ, հակառակ հայտնի  ռեժիսորների այն կարծիքի, որ ձայնը միայն կվնասի կինոարտադրությանը:
1935թ.-ին Հոլիվուդում նկարահանվեց առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմը՝ «Բեկկի Շարպը», որի ռեժիսորն ու պրոդյուսերներից մեկը հայազգի Ռուբեն Մամուլյանն է: Ի Դեպ Համաշխարհային կինեմատոգրաֆում իրենց տեն են ունեցել նաև Սերգեի Փարաջանովը, Արտավազդ Փելեշյանը և այլ հանրահայտ հայեր, որոնց մասին դեռ կխոսենք մեր հաջերդ հաորդումներում:

Դուբլ 04
Այժմ անդրադառնանք հայկական կինեմատոգրաֆիայի ստեղծմանն ու զարգացմանը:
Հայկական կինոն ունի իր նախապատմությունը, ըստ որի 104 տարի առաջ՝ 1911 թ. կինոօպերատոր Ալեքսանդր Դիգմելովը, ժամանել էր Էջմիածին՝ ժապավենին հանձնելու Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Երկրորդի թաղման արարողությունը, իսկ 1913թ. մարտի 13-ին Կահիրեում կայացել է Վահան Զարդարյանի ստեղծած առաջին հայկական կինոնկարի՝ “Հայկական սինեմա” ֆիլմի շնորհանդեսը:
1913 թ. Իվան Փերեսթիանին Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» վիպակը՝ այն կոչելով «Երդումով կապվածները»: Սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն էր Վահրամ Փափազյանը: Նախահեղափոխական ռուսական ֆիլմերում նկարահանվել են այնպիսի հայ դերասաններ, ինչպիսիք են՝ Արշավիր Շահխաթունին, Արուս Ոսկանյանը, Արշակ Բուրջալյանը, Օլգա Մայսուրյանը և ուրիշներ, իսկ Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը և այլ հայ դերասաններ նկարահանվել են նաև թուրքական ֆիլմերում: 1919 թ. Հովհաննես Զարիֆյանը նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը, որը, սակայն, ժապավենի լույս  տեսնելու պատճառով իր ավարտին չի հասել:
1923թ. ապրիլի 16-ին Հայաստանի Ժողկրթկոմի կողմից ընդունված որոշման համաձայն ազգայնացվեցին մասնավոր կինոթատրոնները: Հիմնվեց «Պետական կինո»  կազմակերպությունը, որը նույն տարվա աշնանը վերակազմավորվեց որպես «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերություն, և մինչև 1928թ.-ը կոչվեց «Կինոֆաբրիկա»: Ավելի ուշ՝ «Հայկինո», իսկ 1957 թ.-ին՝ «Հայֆիլմ» կինոստուդիա, որը 1966թ.-ին կրեց Համո Բեկնազարյանի անունը: Այսօր այն հանդես է գալիս որպես «Հայաստանի ազգային կինոկենտրոն»:
1923 թ.-ի ապրիլի այդ որոշման հետևանքով «Պետկինոյի» դրամարկղը չէր լցվում: Այս պատճառով հայ դասական գրողների գործերի էկրանացման մի շարք փորձեր չիրականացան: Տնօրեն Դանիել Դզնունու ղեկավարությամբ վարձակալվեցին հին պրոյեկցիոն սարք և մաշված կինոժապավեններ, որոնք  ցուցադրվեցին Հայաստանում՝ ազգայնացված փոքրիկ կինոթատրոններում: 1920 թ.-ին օպերատոր Իգոր Կրասլավսկու ղեկավարությամբ նկարահանվել է «Խորհրդային Հայաստան» 6-մասանոց վավերագրական ֆիլմը, որի  ցուցադրումներից գոյացած եկամուտն օգտագործվեց Կրասլավսկու «Խորհրդային Հայաստան» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմի ստեղծման համար: ֆիլմ, որը չնայած, որ «եկվոր» օպերատորների նկարած կցկտուր կադրերին՝ մեծ հաջողություն է ունենում Սովետական Միության և Հայկական Սփյուռքի գաղութներում: Այս կինոնկարից ստացված հասույթով ոգևորված՝ Դզնունին նախաձեռնում է հայկական առաջին խաղարկային կինոնկարի ստեղծումը:
Հայկական առաջին գեղարվեստական ֆիլմի նկարահանման համար հայտարարվում է լավագույն սցենարի մրցույթ: Գեղարվեստական խորհուրդը որոշում է նկարահանել Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» վիպակը, որի սցենարը գրում է Համո Բեկնազարյանը մի քանի օրում: Իր հուշերում ռեժիսորը պատմում է, որ դեռ սցենարը չգրած` ֆիլմը տեսնում էր այնպես, ինչպես որ հետո նկարեց. «Ես տեսա ֆիլմն ավելի շուտ, քան դերասանները կկանգնեին կինոապարատի առջև»: Հովհաննես Աբելյան, Հասմիկ, Համբարձում Խաչանյան, Օլգա Մայսուրյան, Ավետ Ավետիսյան, Հրաչյա Ներսիսյան, Նինա Մանուչարյան — ահա այն աստղաբույլը, որը նկարահանվել է արտահայտիչ կինոլեզվով, ժողովրդի բարքերն ու կենցաղի մանրամասերը պատկերող «Նամուսում»։
Առաջին Հայկական հնչուն ֆիլմը, որը ցուցադրվեց կինոթատրոնում, «Պեպոն» է: Ականատեսները պատմում են, որ երբ ֆիլմի վերջում «Քյորօղլին» էր հնչում, ամբողջ դահլիճը սկսում էր դերասանների հետ երգել, իսկ որոշ մարդիկ նույնիսկ դուդուկներով էին գալիս` նվագակցելու համար:
Այլ ազգերի հոգսերի մասին պատմող հայկական արտադրության ֆիլմերից են 1926-ին նկարահանված, քրդերի մասին պատմող «Զարե» և «Խասփուշ» ֆիլմերը։ Հայկական կինոյի համր շրջանը հարուստ է. Համո Բեկնազարյանի կատակերգական «Շոր և Շորշոր», Ամասի Մարտիրոսյանի «Մեքսիկական դիպլոմատները», Պատվական Բարխուդարյանի «Կիկոս» կինոնկարներն արժեվորել են ֆիլմարտադրության այդ տարիները:
Հայ կինոն այսօր քիչ է խոսում, որովհետև «Նամուս» ունի: Այսօր կարող է հայտնվել կինոթատրոններում ու ասել՝ «Բարև ես եմ»: Մի քիչ՝ թերի, մի քիչ՝ թույլ, բայց միևնույն ժամանակ ամուր և ուժեղ կարող է քայլել, վազել ու պարել, ինչպես «Տղամարդիկ»: Առաջ հայ կինոն ինքնուրույն չէր, հիմա փոխվել է՝ ավելի է մեծացել, և ընդունում է, որ ինքն է իր «Տերն ու ծառան»: Հայ կինոն հիշում է «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգն» ու իր «Առաջին սիրո երգը»: Սեր, որն ուներ «Նռան գույն»: Սեր, որը միշտ փնտրում է իր հանդիսատեսին ու ամեն անգամ հուզմունքով հարցնում «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»: Հանդիսատեսն էլ պատասխանի փոխարեն «Երևանյան օրերի քրոնիկոնում» ժպտում է ու ծափահարում, ուրախանում, որ ունի հայ կինո՝ ինչպես մի «Ոսկե ցլիկ», տխրում, երբ, թեկուզև ժամանակավոր, բայց «Քաոս» է տիրում: Հայ կինոն մերն է՝ մեր «Խոշոր շահումը», որ ունի «Կտոր մը երկինք» նայող հանդիսատես, լուսավորող «Աշնան արև», որ նաև ջերմացնում է:
Չմոռանանք, որ յուրաքանչյուր ֆիլմում մեծ դեր է խաղում օգտագործվող երաժշտությունը: Նշեմ, որ 2005 թվականին, հայկական ֆիլմերում սկսվեց օգտագործվել դուդուկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դա համարեց «լավագույն գաղափար»: Այսօր դուդուկն օգտագործվում է տարբեր ֆիլմերում։ Այն օգտագործվել է նաև հոլիվուդյան տարբեր ֆիլմերում՝ դարձնելով դրանց էլ ավելի ազդեցիկ։
Ահա փոքրիկ անդրադարձ նաև հայ կինոյին: Արդի հայկական ու համաշխարհային կինոներին կանդրադառնանք մեր հաջորդ թողարկումներում:

Ասում են. «Ի տարբերություն գրքի՝ կինոն խորհելու ժամանակ չի տալիս: Քո փոխարեն ուրիշներն են մտածում»: Այդուհանդերձ, կինոն տալիս է ձայն ու պատկեր, ձևավորում գեղագիտական ճաշակ ու դաստիարակում: Ուստի, յուրաքանչյուր կինոսեր ֆիլմի կադրերը հասկանում և վերլուծում է սեփական մտքով:

Հաղորդավար՝ Մագա Պետրոսյան

Յուրաքանչյուր երկուշաբթի ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. երկուշաբթի ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)

www.onlineradio.am-ի եթերում «Կինո-ՄԱԳ» հաղորդաշարն է՝ Մագա Պետրոսյանի հետ:
—————————————————
Գունավորիր կյանքը կինոյի վառ գույներով

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Մագա Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

3 × four =