«Երիտասարդ գրողներ». Զաբելա Մուրադյան

Գրականությունն օգնում է ինքնաբացահայտվել և ճանաչել իրական արժեքները:
Ժամանակակից գրականության զարկերակը շարունակում է բնականոն աշխատել, իսկ մենք փորձում ենք ուշադրության կենտրոնում պահել մեր երիտասարդ, տաղանդավոր ստեղծագործողներին, որոնցից շատերը կդառնան մերօրյա գրականության կարևորագույն դեմքերը:
«Հմուտ գրվածքը նման է անվաչմուշկի. այն ձեզ տանում է այնտեղ, ուր դուք ամենևին չէիք կամենում»,- այսպիսի հրաշալի տողերով է բնորոշում Էմերսոնը ստեղծագործության անկանխատեսելիությունը: Այո՛, երբեմն գրիչը գրողի մտքից առաջ է անցնում, գծում իր ուղին և հարթում իր ընթացքը: Տեսնենք, թե ստեղծագործական ինչպիսի՞ ճանապարհ է անցել մեր այսօրվա հերոսը, ինչպիսի՞ դժվարություններ է հաղթահարել, և ինչպե՞ս է պատկերացնում ժամանակակից գրողի կերպարը: Մեր հյուրը սիրում է թևածել հոգու գաղտնարաններում, շոշափել անցյալը, լավատեսորեն տրամադրվել դեպի ապագան, սակայն դատողությունները կատարում է ներկայի սահմանից: Նրա ստեղծագործությունները շողում են վարակիչ անկեղծությամբ, պարզ են աչքի պես և բարդ են աչքի պես, իսկ ամբողջ տաղանդը հենց պարզության մեջ է:
Մեր հյուրն է Զաբելա Մուրադյանը:
Բարև, Զաբելա: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Որտեղի՞ց ես ծնունդով, ի՞նչ մասնագիտություն ունես:
Ծնվել եմ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, այժմ ապրում եմ Էջմիածնում: Ավարտել եմ Ակսել Բակունցի անվան մանկավարժական քոլեջի «Տարրական դասարանների դասավանդում» բաժինը: Այժմ սովորում եմ հաղորդավարության և լրագրության մասնավոր ստուդիայում:
Ո՞րն է քո ստեղծագործության առանցքը, ի՞նչը կարող է քեզ համար դառնալ ներշնչանքի աղբյուր:
Դա մի քիչ անկանխատեսելի է. ներշնչանքի աղբյուր կարող է դառնալ այն ամենը, ինչը կարող է գրավել ինձ:
Կա՞ն այնպիսի թեմաներ, որոնց երբեք չես անդրադառնա: Ո՞րն է քո գրչի նպատակը:
Երևի չկա մի թեմա, որին չեմ անդրադառնա: Տարիքի ընթացքում թեմաներն էլ են փոխվում: Հիմա սիրո թեման այդքան էլ չեմ արծարծում:
Հետաքրքիր է, երիտասարդ ես և չես սիրում գրել սիրո մասին: Մինչդեռ երիտասարդները հենց այս թեման են նախընտրում, դա ինչո՞վ է պայմանավորված:
Բոլորը գրում են սիրո թեմայով. մի տեսակ ցանկություն է առաջանում տարբերվել, առանձնանալ: Ավելի շատ գրում եմ վերացական երևակայական թեմաներով:
Ո՞վ է քո ստեղծագործությունների առաջին ընթերցողը, և, առհասարակ, ի՞նչ դեր ունի ընթերցողը գրողի կյանքում:
Ընթերցողն, իհարկե, մեծ դեր ունի գրողի կյանքում: Իմ առաջին ընթերցողները «Երիտասարդ գրողներ գրական ակումբի» անամներն են:
Ստեղծագործում ես չափածո և մտքերդ արտահայտում կարճ, սեղմ և համառոտ: Ի՞նչպես կատարվեց այդ ընտրությունը, երբևէ չե՞ս մտածել արձակ ստեղծագործելու մասին:
Արձակ ոճում ևս ստեղծագործում եմ: Ընտրությունը՝ որպես այդպիսին, չեմ կարող ասել. գրեցի և ստացվեց այդպես:
Ո՞վ է քո սիրելի գրողը:
Վահան Տերյանն է:
Ինչո՞ւ հենց Տերյան. նրա մատուցած պոեզիան է քեզ հոգեհարազատ, թե՞ նրա անցած ճամփան է ուսանելի:
Տերյանի ոճն է հոգեհարազատ՝ սիրում եմ նրա թախիծը:
Տերյանը նշում էր, որ իր թախիծը լուսավոր է: Քեզ մոտ է՞լ է այդպես:
Շատ հակադիր ստեղծագործություններ ունեմ: Կան ստեղծագործություններ, որ միանգամից բարին է նկատվում, կան, որ սևի մեջ են:
Վահան Տերյանը մեր գրականության լավագույն սիրերգակներից է: Ինչո՞վ է պայմանավորված՝ սիրերգակով ոգեշնչվել, բայց չգրել սիրո մասին:
Գուցե գա ժամանակ, որ սկսեմ գրեմ սիրո մասին: Կարծում եմ, որ այդ ժամանակը շատ մոտ է:
Գուցե դու ինքդ էլ սիրահարվա՞ծ ես:
Սիրահարվելու ընթացքն անցել է:
Սիրո ո՞ր փուլն է առավել նպաստավոր մուսայի համար:
Սիրահարվածությունից հետո:
Ըստ քեզ՝ ի՞նչ է մուսան:
Մուսան մի երևույթ է, որ բնակվում է քո մեջ. յուրաքանչյուր պահի կարող է ցույց տալ իր տեղը:
Ձեր խոսքը մեր ռադիոունկդրին և գրչակից ընկերներին: Ի՞նչ խորհուրդ կտաս այն երիտասարդ գրողներին, որոնք վախենում են իրենց ստեղծագործությունները տեղադրել ֆեյսբուքյան տարբեր գրական խմբերում:
Կարծում եմ, վախենալ պետք չէ: Պետք է ռիսկի դիմել: Գնահատում եմ ոչ միայն դրական, այլ նաև բացասական կարծիքը: Շատ կարևոր է քննադատությունը. այն կարող է շատ բան փոխել գրողի մեջ:
Շնորհակալ ենք ձեզ անկեղծ և գեղեցիկ զրույցի համար: Մաղթում ենք նորանոր հաջողություններ և բեղուն գրիչ:

«Ոճը գաղափարների ծնունդ է, ոչ թե բառերի»,-այսպես է գրում Բալզակը: «Բառերի հետ խաղալը վտանգավոր է, բայց և հաճելի: Յուրաքանչյուր բառ պետք է դնել իրեն հասանելի տեղում, այլապես այն կնմանվի անտոմս ուղևորի, որին ցանկացած ընթերցող կարող է ճանաչել և դուրս հանել»:

Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)

Ես փոխում եմ առավոտը.
Նրա լույսին կաթացնելով գիշերվա մութ,
Այն դարձնում եմ հեքիաթային՝ գիշերվա պես,
Երազային մթում առկա լռության պես,
Եվ սքանչելի ու գունագեղ:
Ես փոխում եմ մայրամուտը
Նրա բոց ու կարմիր գույնին,
Նաև խառնում երկնագույնը:
Ես փոխում եմ շողն արևի.
Եվ ուզում եմ վառ դեղինին
Մոխրագույնը փոխարինի:

Աշնան հանդես

Լռության մեջ սավառնում է հոգին իմ լռակյաց,
Եվ տանում է իր հետ աշնան տերևները թաց,
Գալարվում է ասես ծառը աշնան բեռից
Եվ արևն է կարմրում նրա հմայքից:
Սիրառատ աշունը մի երգ է շշնջում,
Երկնի ու երկնքի ջերմ ու տաքուկ գրկում:
Փոթորկահույզ քամին խառնվում է հողին,
Եվ համբույր է տալիս ոսկե տերևներին,
Աշնան այս հանդեսում իմ հոգին եմ փնտրում,
Որը թաքնվել է ծառի փոքրիկ սրտում:

Զաբելա Մուրադյան

Յուրաքանչյուր կիրակի ժ. 18:00-ին (կրկնությունները. կիրակի ժ. 23:00-ին և երկուշաբթի ժ. 13:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «Երիտասարդ գրողներ» հաղորդաշարն է՝ Սոնետի հետ:
—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով այս հղումով
—————————————————
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Սոնա Վանյան

Տես նաև

www.onlineradio.am eritasard-groghner-armen-mkheyan

«Երիտասարդ գրողներ». Արմեն Մխեյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am eritasard-groghner-arlen-shahverdyan

«Երիտասարդ գրողներ». Առլեն Շահվերդյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am hamagortsakcutyan-avart-egga

«Օնլայն Ռադիոն» դադարեցնում է ԵԳԳԱ-ի հետ համագործակցությունը

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան