Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Նոր ֆուտբոլ» / «Նոր ֆուտբոլ» — Հայկական ֆուտբոլի պատմությունը

«Նոր ֆուտբոլ» — Հայկական ֆուտբոլի պատմությունը

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio nor football haykakan footballi patmutyun«Ֆուտբոլը պարզապես սպորտաձև չէ. այն ապրելակերպ է»

Այսօր շարունակելու եմ ներկայացնել ֆուտբոլի պատմությունը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական ֆուտբոլը սկիզբ է առել 1935թ.: Այդ տարի Երևանում հիմնվեց «Սպարտակ» ակումբը, որը գլխավորեց Վռամշապուհ Մերանգուլյանը: 1940թ. «Սպարտակը» տարավ իր առաջին գավաթը` հաղթելով Հայաստանի խորհրդային միության մրցաշարը: Այդ ժամանակ թիմն անվանափոխվել էր, և արդեն հանդես էր գալիս որպես «Դինամո»: 1944թ. Խորհրդային միության գավաթի խաղարկությունը վերսկսվեց: Հայկական «Դինամոն» նույնպես մասնակցեց մրցաշարին: Թիմի առաջին հակառակորդը եղավ Թբիլիսիի համանուն թիմը: 1947թ. թիմը դարձավ Երկրորդ լիգայի և Անդրկովկասյան գոտու առաջնության արծաթե մեդալակիր` ընդամենը մեկ միավորով զիջելով վրացական «Օդո» ակումբին: Այդ առաջնությունում «Դինամոն» ցույց տվեց իր լավագույն արդյունքը` 7:1 հաշվով հաղթելով Թբիլիսիի «Կրիլյով Սովետովին»: 1948թ. առաջնությունը «Դինամոն» պետք է սկսեր Բարձրագույն խմբում, սակայն կայացած 30 խաղերը չեղյալ համարվեցին: Բոլոր 16 թիմերը հանդես եկան երկրորդ խմբում: Հաջորդ մրցաշրջանը հաջողությամբ ավարտվեց «Դինամոյի» համար. թիմը դարձավ Հարավային գոտու չեմպիոն՝ 18 խաղերից 13-ում հաղթանակ արձանագրելով: Սակայն, այս հաջողությունը «Դինամոյի» համար չէր ապահովում մուտք Բարձրագույն խումբ: Գլխավոր մրցաշարին հասնելու համար թիմը պետք է մասնակցեր անցումային խաղերին` 6 թիմերի մասնակցությամբ: 5 խաղերի արդյունքում «Դինամոն» գրավեց 3-րդ տեղը, ինչը թիմին դուրս բերեց Բարձրագույն խումբ:
1949թ. «Դինամոն» իր նորամուտը նշեց Բարձրագույն խմբում: Նորամուտը հաջողված չէր՝ վերջնական հաշվով թիմը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Առաջին երկու խաղերում պարտվեց, 3-րդ տուրում՝ սեփական հարկի տակ, հաղթանակ տարավ մոսկովյան «Վէ-Վէ-Էս» ակումբի դեմ խաղում: Ունեցավ երկու խայտառակ պարտություն. 0:6 հաշվով՝ «ՑԴԿԱ»-ի, և 1:7` «Դինամո Թբիլիսիի» դեմ խաղերում: 1950-60-ականներին թիմն առանձնակի հաջողություններ չգրանցեց: 1960թ. ակումբը վերանվանվեց «Արարատ»: Այդ տարի թիմը՝ երկարատև դադարից հետո, մասնակցեց Խորհրդային միության Բարձրագույն խմբի առաջնությանը: «Արարատը» հենց առաջին խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»: Սկսած 1966թ. «Արարատը» միշտ հանդես եկավ Սովետական առաջնության Բարձրագույն խմբում: 1966թ. թիմում նորամուտը նշեցին Ալյոշա Աբրահամյանը և Ալեքսանդր Սյոմինը, ովքեր դարձան այդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ: Մինչև 1970թ. թիմն անցնում էր ձևավորման շրջան: Հայկական տարբեր ակումբներից հրավիրվում էին տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ: Նախկին Լենինականի «Շիրակից» հրավիրվեցին Լևոն Իշտոյանն ու Հովհաննես Զանազանյանը: Հրավիրվեցին նաև Բաքվի՝ հայակական ծագում ունեցող «Նեհտչի» ակումբից Արկադի Անդրեասյանը և Էդուարդ Մարկարովը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՎԵՐԵԼՔԸ
1971թ. Նիկոլայ Գլեբովի գլխավորությամբ «Արարատն» առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը: Սա առաջին լուրջ հաջողությունն էր հայկական ակումբի համար, ինչից հետո միանգամից վեց ֆուտբոլիստ` Լ.Իշտոյանը, Է.Մարկարովը, Հովհ.Զանազանյանը, Ալ.Կովալենկոն, Ա.Անդրեասյանը և Ն.Մեսրոպյանը, հայտնվեցին 33 լավագույնների կազմում:
1972թ. սեպտեմբերի 13-ին «Արարատը» նորամուտ նշեց եվրագավաթներում: Առաջին խաղը կայացավ Կիպրոսում: Երկու խաղերի արդյունքում «Արարատն» անցավ հաջորդ փուլ: Հաջորդ մրցակիցը շվեյցարական «Գրասսխոպերս» ակումբն էր: Չհանդիպելով լուրջ դիմադրության` «Արարատն» անցավ 3-րդ փուլ, որտեղ նրան սպասում էր գերմանական «Կայզերսլաուտերնը»: Թիմերը հաղթեցին տնային խաղերը միևնույն՝ 2:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակը նույնպես չորոշեց հաղթողին: Գործը հասավ 11-մետրանոց հարվածների, որտեղ հաջողությունը գերմանացիների կողմն էր:
1973թ.-ը «Արարատի» և հայկական ֆուտբոլի պատմության գագաթնակետն է: Այդ տարի «Արարատը» գլխավորեց լեգենդար Նիկիտա Սիմոնյանը: Հենց նրա անվան հետ է կապված «Արարատի» գրանցած հաջողությունները: Այդ տարի «Արարատը» դարձավ Խորհրդային միության առաջնության գավաթակիր` հաղթելով Կիևի «Դինամոյին»: Այս հաջողություններից հետո թիմի ութ խաղացողներ հրավիրվեցին ԽՍՀՄ հավաքական: «Արարատի» հաջող ելույթներին հաջորդում էին անհաջողություններ: 1974թ.-ի առաջնությանը թիմը դուրս մնաց չեմպիոնական պայքարից, իսկ գավաթի խաղարկությունում՝ քառորդ եզրափակչում, պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»: Աշնանն «Արարատը» մեկնարկեց Եվրոպայի Չեմպիոնների գավաթում: Առաջին երկու հակառակորդներին «Արարատը» հաղթեց առանց դժվարությունների: Մեկ քառորդ եզրափակչում «Արարատի» ճանապարհին կանգնեց մրցաշարի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան»: Հյուրընկալվելիս «Արարատը» պարտվեց 2:0 հաշվով: Երևանում արարատցիները հաջող էին պաշտպանվում, և կարողացան մեկ գնդակ խփել: Բայց դա բավարար չէր հաջորդ փուլ անցնելու համար: Այդ մրցաշարում Գերդ Մյուլերի հետ լավագույն ռմբարկու դարձավ Էդուարդ Մարկարովը: 1975թ. «Արարատը» կիսով չափ կրկնեց 1973թ. հաջողությունը` դառնալով ԽՍՀՄ գավաթակիր: Առաջնությունում դուրս մնաց լավագույն եռյակից: Այդ տարի փայլեց հայկական ֆուտբոլի նորահայտ աստղ Խորեն Հովհաննիսյանը: Նա արժանացավ մրցաշրջանի լավագույն նորեկի մրցանակի: 1976-1991թթ. ակումբը մասնակցեց ԽՍՀՄ-ի թվով 33 առաջնությունների, անցկացրեց 1026 խաղ` հաղթելով 352-ում, ոչ-ոքի՝ 280, պարտվելով 394 խաղում: 1150 խփած և 1306 բաց թողած գնդակներ:

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո հայկական ֆուտբոլը չի գրանցել նշանակալի հաջողություններ: Թե ի՞նչն է պատճառը՝ կփորձենք պարզել մեր առաջիկա հաղորդումներում:
Շարունակիր հետևել «Նոր Ֆուտբոլին», և ես՝ Նոման, կներկայացնեմ այս սպորտաձևում տիրող անցուդարձին:

Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է:
————————————————-
Հաղորդավար՝ Նոմա

«ԱՐԱՐԱՏ» ֆուտբոլային ակումբի թիմային կազմը

Մարզիչ՝                          Նիկիտա Սիմոնյան
Դարպասապահ՝           Ալյոշա Աբրահամյան
Պաշտպաններ՝              Ալեքսանդր Կովալենկո
                                           Նորայր Մեսրոպյան
                                           Արմեն Սարգսյան
                                           Սանասար Գևորգյան
                                           Սուրեն Մարտիրոսյան
                                           Արկադի Հարությունյան
Կիսապաշտպաններ՝   Արկադի Անդրեասյան
                                           Սերգեյ Բոնդարենկո
                                           Հովհաննես Զանազանյան
                                           Սերգեյ Պողոսյան
Հարձակվողներ՝            Էդուարդ Մարկարով
                                           Լևոն Իշտոյան
                                           Նիկոլայ Ղազարյան
                                           Նազար Պետրոսյան

Յուրաքանչյուր ուրբաթ ժ. 15:00-ին (կրկնությունները. ուրբաթ ժ. 19:00-ին և ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «Նոր ֆուտբոլ» հաղորդաշարն է՝ Նոմայի հետ:
—————————————————
Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × 2 =