Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Նոր ֆուտբոլ» / «Նոր ֆուտբոլ» — Կանանց ֆուտբոլ. Արաքսյա Սարիբեկյան

«Նոր ֆուտբոլ» — Կանանց ֆուտբոլ. Արաքսյա Սարիբեկյան

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio nor football kananc football araqsya saribekyanԱյսօրվա թեման կանանց ֆուտբոլն է:
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Կանանց ֆուտբոլը գոյություն ունի արդեն բավական երկար ժամանակ: Սակայն, 1970-ականներից է սկսել ունենալ կազմակերպված ձև: Մինչև 1970թ.-ը կանանց ֆուտբոլը չուներ որևէ կարգավիճակ: Շատ երկրներում չէին ընդունում այն՝ սպորտաձևը համարելով միայն տղամարդկանց: Պայքարը կանանց ֆուտբոլի ճանաչման համար հեշտ չի եղել: Մարզաձևի առաջին ծաղկումը գրանցվել է 1920թ.-ին Մեծ Բրիտանիայում, որտեղ խաղերին այցելում էր ավելի քան 50.000 հանդիսատես: Բայց 1921թ. դեկտեմբերի 5-ին Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան քվեարկություն կազմակերպեց և արգելեց բոլոր տեսակի կանանց ֆուտբոլային հանդիպումները: Արգելքը հանվեց միայն 1971թ. հուլիսին: Այն համարվում է ֆուտբոլային աշխարհի «Դարի սխալը»:

Այսօր մեր հյուրն է ֆուտբոլի մրցավար Արաքսյա Սարիբեկյանը:
Բարև ձեզ, Արաքսյա:
Բարև ձեզ:
Ինչպե՞ս եք:
Լավ, շնորհակալ եմ:
Չե՞ք փոշմանել, արդյոք, ընտրելով այս ուղին:
Ոչ, քանզի ամբողջ կյանքում պայքարել եմ տարբեր ծրագրերի, մասնագիտությունների համար: Ունեմ տարբեր մասնագիտություններ՝ իրար հակասող: Ֆուտբոլն ընտրեցի ուղղակի դժվարության համար: Ավելի քան 10 տարի է, ինչ ֆուտբոլում եմ: Եվ չեմ փոշմանել:
Պատմեք ձեր մասին. ինչո՞վ եք զբաղվում:
Հիմա զբաղվում եմ միայն ֆուտբոլի մրցավարությամբ՝ վարում եմ միայն Հայաստանում տղաների թիմերի խաղեր: Միջազգային մրցավարի օգնական եմ եղել և 5 տարի շարունակ օգնել եմ միջազգային ասպարեզում տարբեր մրցավարների՝ ոչ միայն Հայաստանի, հայկական մրցավարների, աշխատել եմ նաև միջազգային ասպարեզում՝ տարբեր մրցավարների հետ: Ֆուտբոլ մտել եմ 2000թ.-ից: Մինչ այդ ապրել եմ սովորական մարդկանց նման՝ սովորել եմ տարբեր մասնագիտություններ, նկարել եմ, բանաստեղծություններ գրել, բացարձակ կապ չեմ ունեցել ֆուտբոլի հետ:
Հրաշալի է: Հետաքրքիր է, ձեր ծնողներն ինչպե՞ս ընդունեցին ձեր՝ ֆուտբոլ մտնելու փաստը:
Դպրոցում լավագույն աշակերտների ցուցակում էի: Հետո ընդունվեցի Առևտրա-տնտեսագիտական տեխնիկում՝ այստեղ ևս լավագույն ուսանողների կազմում էի: 1 տարի սովորելուց հետո, մի օր գնացի տուն և ծնողներիս ասացի, որ ես գնում եմ ֆուտբոլի: Մտածեցին, թե ես լավ սովորելու հետևանքով երևի թե ցնդել եմ (ժպտում է): Հետագայում, քանի որ աշխատասեր եմ, սկսեցի աշխատել: Իրենք վստահ են՝ եթե անգամ ֆուտբոլ եմ մտել, ուրեմն մի բանի կհասնեմ: Այսօր այդ արդյունքն ունեմ: 15 տարվա ընթացքում բավականին բարձր ցուցանիշների եմ հասել՝ թե ֆուտբոլում, թե մրցավարության մեջ:
Քանի որ խոսք գնաց ծնողներից. մենք հարցում ենք անցկացրել մեր համաքաղաքացիների շրջանում:

ՀԱՐՑՈՒՄ
Անցորդ 1.
Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց ֆուտբոլին.

— Շատ լավ: Ինքս ունեցել եմ ընկերուհի, որի քույրն զբաղվել է ֆուտբոլով: Նա շատ ուրախ, աշխույժ, գեղեցիկ է:
Ձեր կարծիքով նրանք գեղեցիկ ե՞ն ֆուտբոլային խաղադաշտում:
— Իհարկե: Շատ:
Ձեր աղջկան թույլ կտա՞ք զբաղվել ֆուտբոլով:
— Իհարկե:
Անցորդ 2.
Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց ֆուտբոլին.
— Չեմ նայում:
Եթե ձեր աղջիկը ցանկանար զբաղվել ֆուտբոլով. ձեր վերաբերմունքը դրան:
— Նախ կկանխեի, կբեկանեի: Եթե դրանից հետո ինքը չկարողանա հետ կանգնել՝ թող խաղա, ինչ ասեմ. իր կյանքն է:
Անցորդ 3.
Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց ֆուտբոլին.

— Շատ նորմալ: Անգամ՝ ավելի լավ, քան տղաների դեպքում: Աղջիկները, զգում ենք, որ տղաներից ոչնչով հետ չեն մնում:
Անցորդ 4.
Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց ֆուտբոլին.

— Նորմալ: Ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում:
Ձեր աղջկան կամ թոռնուհուն թույլ կտա՞ք զբաղվել ֆուտբոլով:
— Այո: Դեմ չեմ:
Անցորդ 5.
Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց ֆուտբոլին.

– Իմ համար, ընդհանրապես, «ֆուտբոլ» ասվածն ասոցացվում է տղամարդու հետ: Սպորտաձև է, որն ավելի հարիր է տղամարդկանց:
Դուք դ՞եմ եք:
— Ինձ դուր չի գալիս:
Անցորդ 6.
Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց ֆուտբոլին.

– Ճիշտն ասած, ես գտնում եմ, որ դա տղաների համար է նախատեսված: Չեմ նախընտրի, որ կանայք ֆուտբոլ խաղան:
Եթե ձեր աղջիկը ցանկանար զբաղվել ֆուտբոլով. ձեր վերաբերմունքը դրան:
— Որքան հնարավոր է կաշխատեմ, որ չզբաղվի: Իսկ եթե զբաղվի՝ չեմ խոչընդոտի:

Արաքսյա, շատ եք լինում եվրոպական տարբեր երկրներում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ մակարդակի վրա է գտնվում կանանց ֆուտբոլը տղամարդկանց ֆուտբոլի համեմատ:
Մակարդակը և ֆինանսական, և, ավելի շատ, մասայականությունն է, որ կանանց ֆուտբոլին չեն տրամադրում մեծ գումարներ: Եթե կինը, աղջիկը գնում է տղամարդկանց ֆուտբոլ նայելու, և ավելի հաճույք է ստանում, ամեն տղամարդ չի նայում կանանց ֆուտբոլը որպես լավ շոու, լավ սպորտաձև: Բայց, համեմատած ամբողջ աշխարհում շատ ավելի զարգացած, շատ ավելի բարձր մակարդակի վրա է կանանց ֆուտբոլը: Անգամ Դանիայում ավելի բարձր է կանանց ֆուտբոլի մասայականությունը, քան տղամարդկանցը:
Ձեր կարծիքով, աշխարհում կանանց ֆուտբոլը չի՞ զիջում տղամարդկանց ֆուտբոլին:
Շատ չնչին է զիջում: Միայն ֆինանսապես՝ քիչ ֆինանս են տրամադրում կանանց ֆուտբոլին:
Հայտնի է, որ ֆուտբոլիստները «չեն սիրում մրցավարներին»: Ինչպե՞ս ստացվեց, որ դուք մասնագիտացաք նաև այս ոլորտում:
Ես ինքս ֆուտբոլ խաղալու ժամանակ մրցավարներին չէի սիրում: Քանի որ մասնակցել եմ միջազգային խաղերի՝ մրցավարները, չգիտես ինչու, երբ հայկական թիմը խաղում էր եվրոպական թիմի դեմ, մրցավարներն անպայման մի սխալ պետք է անեին, որ հայկական թիմը ցածր մակարդակի վրա լինելով հանդերձ մի հատ էլ տուժվեր: Քանի որ ես չէի սիրում, սկսեցի զբաղվել դրանով, որպեսզի ապացուցեմ, որ մրցավարը ոչ թե ինչ-որ պարտադիր վատ մարդ է, կամ վատ երևույթ, այլ կարող է դասատուի դեր տանել: Եթե դասատուին հարգում են աշակերտները՝ հարգում են նաև նրա խոսքն ու պահվածքը: Իսկ մրցավարը նույնն է, ինչ որ ֆուտբոլիստները: Եթե հարգեցին իրեն՝ կհարգեն նաև որոշումները:
Այսինքն, մրցավարի դերը խաղադաշտում պետք է լինի նաև դաստիարակչակա՞ն:
Մրցավարն ունի դաստիարակչական դեր:
Ի՞նչ եք կարծում, այսօր Հայաստանում մրցավարները բավական մակարդակ ունե՞ն, որպեսզի ապահովեն դաստիարակչական մասը:
Ունենք հասուն, փորձառու մրցավարներ՝ թե տղաների, թե աղջիկների մեջ, որոնք իսկապես կարող են և մրցավարական սերունդ զարգացնել՝ որպես դասատու, և ֆուտբոլիստներն իրենց հարգում են հենց նրա համար, որ իրենք փորձում են դաշտում սովորեցնել, այլ ոչ թե պատժել: Իչպես ոստիկաններն են. մենք գիտենք, թե ոստիկանը պատժելու համար է, բայց ճիշտ ոստիկանը նաև սովորեցնում է մարդուն, ճիշտ խորհուրդ տալիս:
Ասացիք, որ հիմնականում տղաների խաղերն եք վարում: Դժվար չէ՞, արդյոք, լեզու գտնել պատանի ֆուտբոլիստների հետ:
Ոչ: Ավելի հեշտ է, քան աղջիկների հետ, քանի որ տղան, երբ տեսնում է կին դաշտում, մի քիչ թերահավատորեն է վերաբերվում, բայց նաև հարգում է: Մանավանդ հայ տղամարդիկ կանանց հարգում են, ընդունում են: Եթե կինը դաշտում վերափոխվեց մրցավարի՝ իրենց հետ լեզու գտնելն ավելի հեշտանում է: Փոխադարձ հարաբերություները 10 րոպե հետո կարգավորվում են: Սկզբում որպես կին շատ հարգում են, հետո արդեն ամեն ինչ ընթանում է ըստ օրենքների:
Կպատմե՞ս հետաքրքիր դեպք՝ կապված ֆուտբոլի հետ:
Շատ հետաքրիքր դեպքեր կան: Էջմիածնում մի խաղի ժամանակ տղաներ եկան: Նրանց մեջ մի պաշտոնավոր կար, ասաց. «Հը՞, էս կնիկ-մարդիկ են վարելո՞ւ մեր տղերքի խաղը»: Տպավորություն էր, որ. «Ո՞նց կարա, արա՝ կինը ո՞նց կարա…» (ժպտում է): Սկզբում ասում էին. «Պարոն դատավոր» (ժպտում է), հետո արդեն սովորեցին: Դա տպավորվել է: Դե, մենք երկար մազերով՝ արտաքինն, ամեն դեպքում, տարբերվում է: Բայց դա հենց առաջին խաղն եղավ, որ ասեցին. «Պարոն դատավոր»:
Հետաքրքիր պատմություն է: Ակնհայտ է, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում ցածր մակարդակի վրա է: Ո՞րն է դրա պատճառը: Ի՞նչ պետք է անել առաջին հերթին այն զարգացնելու համար:
Առաջին գործոնը մեր մենթալիտետն է, այն, որ մեր հայ տղաներն սկսեն ուղղակի ընդունել ֆուտբոլը՝ կապ չունի, որ մեր աղջիկները վատն են, թե լավն են: Ես մասնագիտությամբ մենեջեր եմ, կարմիր դիպլոմ ունեմ, իմ աշակերտները, սաները ևս պարուհիներ են, հաշվապահներ են, և իրենք ֆուտբոլ են խաղում: Պարտադիր չէ, որ աղջիկը լինի վատը, եթե նա ֆուտբոլ է խաղում: Եթե մեր տղամարդիկ, մեր ընտանիքները, մենթալիտետն ընդունեն ֆուտբոլը, այդ դեպքում կունենանք կանանց լավ ֆուտբոլ:
Եթե նայենք մեր անցկացրած հարցմանը, ապա տարիներ առաջ ծավալվող կարծիքի հետ համեմատած բավականին զարգացում կա: Կարծում եմ, որ կանանց ֆուտբոլը նույնպես դրա հետ մեկտեղ կզարգանա: Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու և հետաքրքիր զրույցի համար: Ցանկանում եմ, որ ապագա ծրագրերում մեծ հաջողությունների հասնեք, և նպատակների կատարում:
Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության համար. սա մեծ ուշադրություն է յուրաքանչյուր մարդու, անձնավորության համար՝ ներկայացնելու իր անձը և ներկայանալու ամբողջ Հայաստանին և, ինչու ոչ, ամբողջ աշխարհին ձեր միջոցով, տեղեկացնելու մանրամասներ և աշխատելու կանանց ֆուտբոլի զարգացման համար: Շնորհակալ եմ:

Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է:
————————————————-
Հաղորդավար՝ Նոմա

Յուրաքանչյուր ուրբաթ ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. ուրբաթ ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)

www.onlineradio.am-ի եթերում «Նոր ֆուտբոլ» հաղորդաշարն է՝ Նոմայի հետ:
—————————————————
Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

two + thirteen =