Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «ՌՈԶ-appetit» / «ՌՈԶ-appetit» — Մեքսիկական խոհանոց (Մեքսիկական աղցան «Գուակամոլի», բաղադրատոմս)

«ՌՈԶ-appetit» — Մեքսիկական խոհանոց (Մեքսիկական աղցան «Գուակամոլի», բաղադրատոմս)

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio roz appetit meqsikakan khohanotsԱնսպասելի, ինչպես իսկական մեքսիկական խառնվածքը. այսպես կարելի է բնութագրել մեքսիկական խոհանոցը:
Մեքսիկան հսկայական երկիր է, որտեղ բազմաթիվ զարմանալի պտուղներ եւ մթերքներ կան. մանգո, կակաո, գետնանուշ, արքայախնձոր, բրինձ, ավոկադո, սուրճ, ցորեն, պղպեղ: Եվ սա ամբողջ հարստության միայն մի մասն է: Այստեղ համադրում են ամենից անհավանական մթերքները, ինչը մեքսիկական խոհանոցի ուտեստներին բազմաթիվ համային նրբերանգներ է հաղորդում:
Մեքսիկական խոհանոցը հազիվ թե կարողանանք առողջարար անվանել՝ կծու սոուսներ, տապակած միս, չիփսեր և գրեթե ոչ մի ապուր: Չնայած այս ամենին մեքսիկական խոհանոցը բավականին հայտնի է ողջ աշխարհում: Ուտեստների մեծ մասի բաղադրության մեջ մտնում է տորտիլան` եգիպտացորենի կամ հացահատկի ալյուրից պատրաստված բլիթը: Դրանից պատրաստում են բուրիտո, տակո, նաչոս և այլն: Գլխավոր ալկոհոլային խմիչքը մեսկալն է: Որպես աղանդեր մեքսիկացիներն օգտագործում են կակաո կամ տաք շոկոլադ:
Սալսա – սոուս` պատրաստված տոմատի մածուկով, չիլի պղպեղով, կորիանդրայի տերևներով, սոխով և սխտորով:
Ֆահիթա – տապակված միս, որը շերտաձև կտրատված է:
Բուրիտո – փափուկ տորտիլա, որը պարունակում է բրինձ, ֆարշ, բանջարեղեն և սոուսներ: Այն պատկանում է արագ սննդի տիպին։ Բուրիտոն լցոնված է ցորենի խմորիչով, իսկ արտաքինից փաթաթված է խմորով։ Բուրիտոյի մեջ առկա են տարբեր համեմունքներ, աղացած միս, լոբի, բրինձ, լոլիկ, ավոկադո և պանիր։
Տակո – եգիպտացորենի կամ հացահատիկի տորտիլա` բանջարեղենային և մսային միջուկով` թաթախված չիլի և գուակամոլե սոուսների մեջ:
Նաչոս – չիփսեր` պատրաստված տորտիլայից: Ընդունված է մատուցել սոուսով կամ պանրով:
Չիմիչանգա – բուրիտոյի «ազգականը», միայն թե՝ թավայի մեջ տապակված վիճակում:
Չորիսո — խոզի մսից պատրաստված նրբերշիկ է։ Պատրաստման համար օգտագործվում է չորիսո և պղպեղ, որն ուտեստին տալիս է երշիկին բնորոշ համ ու կարմրավուն գույն։
Պոլվորոն շաքարային թխվածքաբլիթ է։ Պատրաստում են ալյուրից, շաքարավազից, կաթից և ընկույզից։ Հնում պոլվորոններ սովորաբար թխում էին սեպտեմբեր-հունվար ամիսներին, բայց հիմա թխվածքաբլիթները կարելի է գնել ցանկացած ժամանակ։ Պոլվորոնները Մեքսիկայում սովորաբար մատուցվում են հարսանիքներին և ուրիշ տոներին։ Պատրաստում են փոքր գնդերի ձևով։
Մեքսիկական խոհանոցը դարերի պատմություն ունի եւ իր մեջ բազմաթիվ համեղ գաղտնիքներ է պարունակում: Գյուղատնտեսության զարգացման հետ մեքսիկացիների սեղանին հայտնվեցին դդումը, պղպեղը, կարտոֆիլը, եգիպտացորենը և լոլիկը:
Մինչև իսպանացիների գալը Մեքսիկայի բնակիչները ծանոթ չէին յուղին կամ ձեթին: Ուտելիքը պատրաստում էին ջրի մեջ եռացնելով կամ շոգեխաշելով, հաճախ նաև գետնի մեջ փորած փոսի մեջ: Հիմանական սննդամթերքը եգիպտացորենն էր:
Մայաների առասպելաբանության համաձայն մարդիկ ստեղծվել են եգիպտացորենի զանգվածի ու աստվածների արյան խառնուրդից: Այս պատճառով եգիպտացորենին տվել էին աստվածային կարգավիճակ: Եգիպտացորենը դարձավ հացի և թխվածքների հիմքը:
Մեքսիկական շատ ճաշատեսակների հիմքում եգիպտացորենն է: Հին պերուացիները, ի տարբերություն մեքսիկացիների, եգիպտացորենից ալյուր չէին ստանում եւ հաց չէին թխում, այլ ամբողջական հատիկները խաշում եւ տապակում էին:
Իսպանացիները՝ Մեքսիկան գաղութացնելուց հետո, իրենց հետ բերեցին ցորեն, շաքարեղեգ, ոլոռ, սոխ, մաղադանոս, ճակնդեղ, ընտանի կենդանիների որոշ տեսակներ: Տեղական խոհանոցն աստիճանաբար փոխվեց՝ ավելի բազմազան դարձավ: Անապատային շրջանների բնակիչները ճաշեր էին պատրաստում նաև կակտուսից, որը կոչվում է «նոպալ»:
Մեքսիկան մոտավորապես 20 տարբեր տեսակի լոբիների հայրենիք է: Եգիպտացորենի հետ համատեղելով լոբին՝ մարդու օրգանիզմն ապահովվում է բավարար ամինաթթուներով, որոնք անհրաժեշտ են սպիտակուցներ արտադրելու և ճիշտ սննդակարգի համար: Լոբին կարող է մատուցվել բուրավետ կանաչիների հետ եփած կամ եփելուց հետո տրորելով, ինչպես նաև՝ օգտագործել որպես տորտիլլաների լցոն:
Ժամանակի ընթացքում մեքսիկական խոհանոցն ավելի ու ավելի է հարստացել այլ երկրներից ներկրվող մթերքներով: Օրինակ՝ Չինաստանից բերված բրինձը, որին նրանք արագորեն ընտելացան եւ դարձրեցին իրենց խոհանոցի կարևոր մասը:
Մեքսիկայում տաք ճաշատեսակներ պատրաստում են մի քանի տեսակ մսից. տարածված են «Օլյա պոդրիդա» գուլյաշը, կարնե ասադոն՝ տապակած տավարի միսը ոլոռի խավարտով եւ հանրահայտ չիլի կոն կարնեն:
Մեքսիկայում չիլին եղել է, կա և կլինի համեմունքների թագուհին: Մեքսիկացիներն այնքան շատ են սիրում չիլի, որ նույնիսկ ամենալավ ու ամենանրբահամ ճաշն անավարտ է համարվում, եթե այս համեմունքը պակասում է: Ավելի հաճախ նրանք պատրաստում են չիլի սոուսներ. Կարմիր կամ կանաչ լոլիկով աղացած պղպեղ՝ թանձրացված դդումից կամ արևածաղկի սերմերից, գետնանուշից կամ կակաոյից պատրաստված պաստայով, և համեմած տարբեր տեսակի կանաչիներով: Կան չիլիի տարբեր գույնի, ձևի ու համի 90 տեսակներ:
«Չիլի» ասելիս մեքսիկացիները նկատի ունեն կարմիր պղպեղի բոլոր տեսակները: Տարածված է սխալ կարծիք, թե մեքսիկական բոլոր ճաշատեսակները շատ կծու են եւ չափից դուրս համեմված: Սակայն, նրանք ոչ բոլոր ուտեստներին են ավելացնում մեքսիկական խոհանոցի խորհրդանիշը դարձած չիլի պղպեղը:
Գվակամոլեն ավոկադոյից` ամենաօգտակար մթերքներից մեկից պատրաստված մածուկ է: Մեքսիկայում այն մատուցում են եգիպտացորենի չիպսերի հետ: Շատ համեղ է մսի հետ նույնպես:
—————————————
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
Աղցան «Գուակամոլի» (մեքսիկական)
Բաղադրիչներ.
հասած լոլիկ – 3 հատ,
կարմիր քաղցր պղպեղ – 1 հատ,
Խալապենյո պղպեղ, կարելի է` ծիծակ – 3 հատ,
համեմ – 1 փունջ,
լայմի հյութ – կես հատի,
հասած ավոկադո – 3 հատ,
աղ, սև պղպեղ:

Լոլիկը, սոխը, համեմը և խալապենյոն լվանալ, մանր կտրատել: Լցնել մեծ ամանի մեջ և խառնել: Վրան քամել կես լայմը, մի փոքր աղ անել: Զգուշորեն խառնել առանց ճզմելու, որպեսզի շատ հյութ դուրս չգա: Ավոկադոները կիսել, կորիզները հանել: Միջուկը գդալով հանել, դնել մեծ ափսեի մեջ: Պատառաքաղով խյուս դարձնել: Խառնել կտրատած բանջարեղենին, մի քիչ լայմի հյութ և աղ ավելացնել: Գվակամոլեն պատրաստ է:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
———————-
Հաղորդավար՝ Ռոզա Ավագյան

Յուրաքանչյուր շաբաթ ժ. 15:00-ին (կրկնությունները. շաբաթ ժ. 19:00-ին և ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «ՌՈԶ-appetit» հաղորդաշարն է՝ Ռոզա Ավագյանի հետ:
—————————————————
Խոհանոցն ազգային առանձնահատկությունների արտահայտման ևս մեկ միջոց է:
Փորձիր. թող անուշ լինի:

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Ռոզա Ավագյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

17 − five =