Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Երիտասարդ գրողներ» / «Երիտասարդ գրողներ» — Դավիթ Սամվելյան

«Երիտասարդ գրողներ» — Դավիթ Սամվելյան

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio eritasard groghner davit samvelyanԸնթերցանությունն օգնում է վայելել միայնությունը՝ միևնույն ժամանակ չթողնելով մենակ:
Մեր այսօրվա հյուրին թերևս բնորոշենք այսպես. մասնագիտությամբ՝ աստվածաբան, ճակատագրով՝ գրող: Հեղինակի ստեղծագործությունները նկարագրում են մերօրյա կյանքը, մարդու ներաշխարհը, իրականության և երազի բախումը, պայքարն ու ընդվզումը, հավատն ու լավատեսությունը:
Ահա մեկ այդպիսի օրինակ.
Մատներս այդքան հպված լինելով քո մարմնի շաղին՝
արտասուքվեցին գրիչ բռնելուց,
Գրկումս այնքան գիրքս կարդալով իրիկնամթին՝
Դարձրեցիր ինձ մի էջանիշ կյանքիդ բարակ էջերում,
որ անպետքացավ չթերթվելուց…
Հարցազրույցներից մեկում հեղինակը նշել էր, որ իր գրվածքները երկու շերտ ունեն. առաջին շերտն իրենն է, իսկ երկրորդը՝ բոլորինը: Այսինքն`ամեն մեկը գտնում է իր համար ինչ-որ մի բան՝ լինի իրավիճակ, որ իր կյանքում ապրել է, թե զգացողություն, որ ունեցել է:
«Երիտասարդ գրողներ» հաղորդաշարը հյուրընկալել է երիտասարդ բանաստեղծ, արձակագիր Դավիթ Սամվելյանին:
Բարև ձեզ, Դավիթ: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Կխնդրեմ մի քանի բառով պատմես, թե ինչպե՞ս եղավ քո մուտքը գրական աշխարհ:
Բարև Ձեզ: Գրական աշխարհը շատ ծավալուն դաշտ է: Ավելի լավ է ասեմ, թե երբվանից եմ սկսել ստեղծագործել: Գրել սկսել եմ դեռ դպրոցական տարիներից: Ավելի լուրջ զբաղվեցի ուսանողության տարիներին՝ տպագրվեցի համալսարանական թերթում, ստեղծեցի իմ անձնական բլոգը, և այդպես՝ փուլ առ փուլ, հաղթահարեցի այդ ճանապարհը:
Ե՞րբ տպագրվեց ձեր առաջին գիրքը: Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին բանաստեղծությունները:
Հիմնականում սիրային և մարդու կյանքին վերաբերվող գործեր էին, որը լայն մասայի համար հասանելի չի եղել:
«Նա և նրա» — այսպես է կոչվում ձեր մյուս գիրքը: Վերնագիրն արդեն իսկ հրապուրում է: Ինչպե՞ս ընտրվեց խորագիրը: Գիրքը ո՞ր տարիքի ընթերցողին է հասցեագրված:
Գիրքը հասցեագրված է մարդուն՝ առանց սեռային և տարիքային տարբերության: Հասցեագրված է այն ընթերցողին, ով կարողանում է ինքն իր մեջ ուժ գտնել առերեսվելու ինքն իր հետ: Երբ որ ուժ չի գտնում, կարող է կարդալ այն ամենն ինչը մարդկանց 90% -ի հետ է կատարվում՝ թե՛ ներաշխահում, թե՛ անձնական հարաբերություններում, թե՛ հասարակության մեջ:
Ի՞նչ դեր ունի ընթերցողը գրողի կյանքում: Մինչ այժմ ինչպիսի՞ արձագանքներ ես ստացել:
Դա կախված է ընթերցողի մակարդակից: Յուրաքանչյուր գրող ինքն իրեն լավ է զգում, երբ գիտի, որ ունի ընթերցողների բանակ, որտեղ ինքն ընդունելի է: Եթե բարձր ինտելեկտի տեր մարդիկ են կարդում և իրենց կարծիքը հայտնում, դա կարող է նույնիսկ ուսուցողական լինել: Բայց եթե ուղղակի կարդում են ժամանակ սպանելու համար, ոչ մի դեր էլ չի կարող ունենալ:
Ըստ քեզ՝ գրող ծնվո՞ւմ են, թե դառնում:
Բոլորն էլ մտքեր ունեն, բայց գալիս է հաջորդ պահը, թե այդ միտքը ինչպես պետք է հանձնես թղթին: Երբ մարդիկ կարդում են և հավանության արժանացնում, ուրեմն դու գրող ես: Բոլորի մեջ էլ Աստված շնորհ դնում է, բայց ոչ բոլորն են գրող դառնում:
Որո՞նք են որպես գրող կայանալու կարևորագույն գործոնները:
Սա մեծ աստիճանակարգային համակարգ է: Առաջին հերթին, իհարկե, գրելու ունակությունն է: Գրելուց հետո գալիս են այլ աստիճաններ: Հետո գալիս է տպագրվելը, որն էլ իր հերթին ենթակետեր ունի. պետք է լինես ինքնաքննադատ, հասուն: Չեմ հավատում, երբ ասում են. «Սպասում եմ՝ պահը հասունանա, որ գործերս տպագրեմ»: Մարդուն պետք է նաև ստիպեն, որ տպագրվի, որ հետո կյանքը չանցնի և վերջում ունենա բազմաթիվ անտիպ էջեր: Գրականության մեջ կան բարձունքներ, որոնք պետք է ձգտես նվաճել: Գրած տասը բանաստեղծությունով գրող չեն դառնում: Ժամանակը տալիս է այդ հարցերի պատասխանը՝ ժամանակը մաղում է: Պետք է կարողանալ դիմանալ ժամանակի փորձությանը:
Ձեր վերջին գիրքը կոչվում է «Արտագաղթած կարոտ»: Ինչի՞ մասին է այն: Ինչպիսի՞ ստեղծագործություններ է ամփոփում:
Նախորդ գրքի պես՝ արձակ բանաստեղծությունների և էսսեների ժողովածու է: Կա նաև պատմվածք, որի անունով էլ գիրքը վերնագրվել է: Այն ունի իր շարունակությունը՝ «Կարոտից արտագաղթած»: Առաջին անգամ անուն է օգտագործվել՝ հերոսներին փորձել եմ զգայական մակարդակից կյանք մտցնել և քննել մեր հասարակության, հայ ժողովրդի համար ծանոթ և ցավոտ թեմաներ: Արտագաղթը, երբ մարդը կյանքից է արտագաղթում, կոչում ենք մահ, իսկ երբ մեր սրտից է հեռանում՝ կարոտ:
Այժմ որևէ ստեղծագործության վրա աշխատու՞մ եք:
Պատմվածք եմ գրում: Չգիտեմ, թե ինչ չափերի կլինի, քանի որ, երբ խորանում եմ, զգում եմ, որ կարող եմ ընդլայնվել, լայնանալ: Անունը «Շքամուտք» է: Հերոսուհին շրջանից եկած աղջիկ է, բայց նաև մեր՝ երեևանյան կյանքում մեզ հայտնի շքամուտքային կյանքը կա, որի միջոցով փորձում եմ մեր կյանքի լավ ու վատ կողմերին անդրադառնալ:
Շնորհակալ եմ հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար: Ձեզ մաղթում եմ ստեղծագործական անսպառ միտք և օրեցօր համալրվող ընթերցողների բանակ:
Շնորհակալ եմ հրավերի համար:
—————————————
Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)
———————————————————————————————
«Օնլայն Ռադիոյի» անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
———————————————————————————————

Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Սոնա Վանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

7 + eleven =