Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Նոր ֆուտբոլ» / «Նոր ֆուտբոլ» — Պատանեկան ֆուտբոլ. «Հավաքական-Մ15», Արամ Դանիելյան

«Նոր ֆուտբոլ» — Պատանեկան ֆուտբոլ. «Հավաքական-Մ15», Արամ Դանիելյան

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio nor football havaqakan 15 aram danielyanԱյսօր կրկին անդրադառնում ենք մանկապատանեկան ֆուտբոլին: Մեր հյուրն է «Հավաքական-Մ15» պատանեկան թիմի ավագ մարզիչ Արամ Դանիելյանը:

Բարև ձեզ, Արամ:
Բարև ձեզ:
Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը: Գիտեմ, որ մասնագիտությամբ սոցիոլոգ եք, աշխատել եք որպես թարգմանիչ: Ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք ֆուտբոլի մարզիչ:
Շատ պատահական: Իհարկե, հենց սկզբից էլ ֆուտբոլ շատ սիրել եմ: Միշտ փոքր հասակից էլ երազել եմ աշխատել ֆուտբոլի բնագավառում: Այնպես ստացվեց, որ իսպաներենի իմ իմացությունն առիթ հանդիսացավ, որ հրավիրվեմ Հավաքական՝ որպես թարգմանիչ: Այդ ժամանակ Օսկար Լոպեսն էր Հավաքականի մարզիչը: Իր հետ սկսեցի աշխատել, որից հետո շատ մարզիչներ փոխվեցին, բայց ես մնացի որպես թարգմանիչ: Արդեն բավական ժամանակ անց մեծ ցանկություն ունեի և ներքուստ զգում էի, որ կարող եմ աշխատել՝ հատկապես որպես մանկապատանեկանի մարզիչ, որովհետև ես սիրում եմ կրթել, աշխատել երեխանեի հետ: Մի քանի մարզիչների խորհրդով (խորհրդակցել եմ շատ մարզիչների հետ), նաև իրենց իսկ աջակցությամբ անցա մարզչական դասընթացներ: Այսօր արդեն աշխատում եմ որպես մարզիչ:
Բավականին կրթված, զարգացած անձնավորություն եք…
…Շնորհակալություն…
… Տիրապետում եք մի քանի լեզուների: Ստացվո՞ւմ է, արդյոք, ձեր գիտելիքները փոխանցել ձեր սաներին:
Լեզվական գիտելիքները նկատի ունե՞ք:
Ընդհանուր առմամբ:
Բնականաբար: Եթե աշխատում ենք երեխաների հետ, նաև նրանց կրթում ենք ոչ միայն ֆուտբոլային առումներով, այլ՝ առհասարակ: Կրթությունը շատ կարևորում եմ, քանի որ այն երեխաներից, որոնց հետ աշխատում ենք, ոչ բոլորը կարող են դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, նաև նրանք հասարակության անդամներ են՝ դրա համար նրանց կրթում ենք:
Կրթությունը նաև պետք է գալիս խաղադաշտում: Այդպե՞ս է:
Գիտեք, ֆուտբոլն արդեն դարձել է շատ գրագետ խաղ: Եթե առաջ շատ կարևորվում էր տեխնիկան կամ ֆիզիկական պատրաստվածությունը, այսօր մեծ տեղ է գրավում ֆուտբոլիստների գրագիտությունը: Ֆուտբոլիստը դաշտում ինքը պետք է մտածի, տեսնի, խաղը հասկանա և որոշում կայացնի: Սա ժամանակակից ֆուտբոլի շատ կարևոր գործոն է: Ֆուտբոլիստները կարող են լինել ֆիզիկապես հավասար կամ տակտիկապես գրագետ, բայց շատ գրագետ ֆուտբոլիստները կարող են արագ որոշումներ կայացնել, որովհետև այսօր ֆուտբոլը շատ արագ է: Շատ արագ պետք է կողմնորոշվել, որ որոշումներ կայացվի: Այն ֆուտբոլիստները, որոնք կարողանում են շատ արագ ընկալել խաղը և գրագետ խաղալ, նրանք առանձնանում են:
Բացի մտավոր և ֆիզիկական պատրաստվածությունից կարևոր է նաև այն խաղադաշտը, որտեղ որ մարզվում կամ խաղում են ֆուտբոլիստները: Կան արհեստական և բնական խոտածածկերով խաղադաշտեր: Ձեր մարզումներն ու խաղերը որտե՞ղ եք ավելի շատ անցկացնում:
Հիմնականում, երբ եղանակային պայմանները թույլ չեն տալիս, պարապում ենք արհեստական դաշտերում: Այսօր, աշխատելով 15 տարեկանի Հավաքականի հետ, ունենք այդ հնարավորությունը: Իսկ լավ եղանակների ժամանակ՝ հիմա արդեն գարուն է, հիմիկվանից սկսած, մարզվում ենք բնական խոտածածկով խաղադաշտերում: Սովորաբար, արհեստական խոտածածկն ավելի փոքր տարիքի երեխաների հետ աշխատելու ժամանակ լավ է այն առումով, որ կարողանում ես ավելի լավ զարգացնել երեխաների, ֆուտբոլիստների տեխնիկան: Իհարկե, եթե ընտրելու լինենք, կընտրենք բնականը: Բայց Հայաստանում պայմաններն այնպիսին են, որ արհեստական խոտածածկի վրա պարապելն անխուսափելի է:
Չգիտեմ, թե իրականությանը որքանով է համապատասխանում, բայց ես՝ աշխատանքի բերումով, շատ հաճախ եմ լինում Ակադեմիայում. այնտեղ բոլոր թիմերը խաղերի և պարապմունքների հիմնական մասն անցկացնում են արհեստական խոտածածկի վրա, իսկ բնական խոտածածկով խաղադաշտերը հաճախ ազատ են մնում: Տպավորություն է, որ, այսպես ասած, «ցուցանմուշի» տեսք են ստանում այդ բնական խոտածածկով խաղադաշտերը:
Համաձայն չեմ ձեզ հետ: Դա այն խնդիրը չէ, որ մարզիչները մտածեն, քանի որ կա ղեկավարություն և իրենք ավելի լավ գիտեն, թե որ խոտածածկի վրա պարապենք: Գիտե՞ք, թե քանի թիմ և որքան երեխա է մարզվում կոնկրետ Ակադեմիայում: Եթե բոլորն անընդհատ մարզվեն այդ խոտածածկի վրա, մենք չենք ունենա խոտածածկ: Եկեք դրա վրա չկենտրոնանանք, որովհետև այդ նոր արհեստական դաշտը, որ հիմա ունենք, շատ լավ որակի է և մեզ հնարավորություն է տալիս շատ լավ մարզումներ անցկացնել: Չենք բողոքում: Հիմա էլ մարզվում ենք բնական խոտածածկի վրա՝ այնպես չէ, որ չեն մտնում երեխաներն այնտեղ և չեն պարապում:
Խնդիր չէ՝ ընդամենն ասացի, որ տպավորություն է դա: Շնորհակալ եմ պարզաբանման համար: Կցանկանամ խոսեք մանկապատանեկան ֆուտբոլի փոխարինումների հետ կապված փոփոխությանը, որ ներդրվեց անցած մրցաշրջանում: Այն է՝ որ պետք է բոլորը պարտադիր խաղան մինիմում ինչ-որ ժամանակահատված: Շատ հակասական կարծիքներ, դժգոհություններ եղան: Նույնիսկ կարծիք կա, որ այդ փոփոխությունները նախատեսված են եղել հավաքականների համար: Ի՞նչ կասեք այս մասին, քանի որ դուք ավելի մոտ եք այդ փոփոխությունները կատարողներին:
Ֆեդերացիայում կա բաժին, որն զբաղվում է այդ հարցով: Այդ բաժինը կայացրել է այդ որոշումը: Անձամբ ես դրական եմ նայում դրան, որովհետև եթե երեխան գալիս է մարզվելու ֆուտբոլային ակումբում` նա միայն նստարանին նստելով չի զարգանա: Եթե նա համարվում է այդ ակումբի սան, ուրեմն շատ կարևոր է, որ նա բոլոր հանդիպումներին մասնակցի և զգա այդ թիմի լիարժեք անդամ: Նաև այդ որոշումը, որը կայացվել է, որքանով որ տեղյակ եմ՝ պատճառներից մեկն էլ այն է, որ շատ ակումբներ այսօր միայն մտածում են հաղթանակի հասնելու, այդ փոքր տարիքում հաղթելու համար: Սակայն, դա խանգարում է իրենց ավելի կենտրոնանալու ֆուտբոլիստներին զարգացնելու վրա, որովհետև մանկապատանեկան ֆուտբոլում ամենակարևորը ֆուտբոլիստների զարգացումն է: Կան մարզիչներ, որոնք կենտրոնանում են հաղթելու վրա, բայց երբ ֆուտբոլիստն արդեն մեծանա` պետք է պայմանագիր ստորագրի արդեն պրոֆեսիոնալ մակարդակի վրա, ես չեմ պատկերացնում, որ որևիցէ մի մարզիչ հարցնի. «Փոքր տարիքում չեմպիոն դարձե՞լ ես, թե ոչ», որպեսզի պայմանագիրը ստորագրեն, կամ չստորագրեն: Միանշանակ նայելու են, թե այդ ֆուտբոլիստը տեխնիկապես, տակտիկապես ինչպիսի՞ ֆուտբոլային կրթություն է ստացել: Իսկ եթե մարզիչը կենտրոնանում է հաղթելու վրա, այդ դեպքում մյուս երեխաներին նստացնում է, մանավանդ երբ հաշիվը համապատասխան չի: Կան երեխաներ, որոնք փոքրամարմին են, ուժը կարող է չհերիքել, բայց նրանց ժամանակ է պետք՝ նրանք անընդհատ պետք է ընդգրկվեն խաղերի մեջ: Սա են հիմնականում այն պատճառները, որոնց համար այդ օրենքը մտցվել է: Փորձը ցույց է տվել, որ նախկինում շատ թիմեր գալիս էին 8 հոգանոց թիմով՝ փոքր տարիքում ութը ութի դեմ են խաղում, վերջում 1 րոպե հնարավոր է փոփոխություն տեղի ունենալ, թե ոչ: Դա խանգարում է այդ փոքրամարմին կամ ուշ զարգացող երեխաներին՝ ավելի շատ խաղի մեջ մտնելու:
Իսկ այդ փոփոխությունում կար կետ, որ պետք է նաև յուրաքանչյուր թիմ ունենար իր կազմում ամենաքիչը 18 հայտավորված ֆուտբոլիստ: Չեք կարծո՞ւմ, որ այդ կետը չէր համապատասխանում Հայաստանին:
Հենց դրա համար էլ փոխվեց այդ կետը, այլևս չկա: Հիմա կա մինիմում, եթե չեմ սխալվում, 14 հոգի է: Կային թիմեր, մանավանդ շրջաններում, որոնք չէին կարողանում լրացնել այդ քանակը: Հենց դա էր խնդիրը, որ փոխեցին: Բայց ճիշտ կլինի, որ օրենքների հետ կապված հարցերն ուղղվեն Ֆեդերացիայի համապատասխան բաժնին, որոնք զբաղվում են այդ օրենքներով: Իսկ մազիչներն ավելի շատ պետք է կենտրոնանան իրենց պարապմունքների վրա:
Պարզ է: Հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում շատ կարևոր է տաղանդներին բացահայտելու հարցը: Այսինքն՝ սելեկցիոն աշխատանքը: Կա՞ն այդպիսի անձինք Ակադեմիայում, որ զբաղվում են այդ աշխատանքով՝ գտնել շրջաններից տաղանդավոր ֆուտբոլիսների:
Այդ աշխատանքը կատարվում է ամեն ակումբում: Ամեն ակումբ ունի իր մարզիչները՝ սելեկցիոն մարզիչներ, որոնք անընդհատ գուցե շրջագայում են: Օրինակ՝ թիմերը մեկնում են շրջաններ խաղալու, և եթե այնտեղ ի հայտ են գալիս լավ ֆուտբոլիսներ, դա արդեն ակումբի գործն է, Ֆեդերացիան էստեղ…
… Չէ, Ակադեմիայում, կոնկրետ Ակադեմիայում, կա՞ն մարդիկ, որոնք զբաղվում են այդ հարցով:
Գիտեք, ես Ակադեմիայի մարզիչ չեմ, չգիտեմ Ակադեմիան ինչ մեխանիզմով է աշխատում:
Իսկ ձեր Հավաքականո՞ւմ:
Հավաքականի մարզչի գործը հենց ընտրություն կատարելն է: Եթե Հավաքականի մարզիչ ես, արդեն քո աշխատանքն է, որ ոչ միայն կենտրոնանաս այն տղաների վրա, որ այդ պահին պարապում են, այլև հնարավորության դեպքում շատ հետևես այդ տարիքի մյուս երեխաների…
… Այսինքն, դուք եք կատարում այդ ընտրությունը:
Իհարկե:
Կա՞ն խաղացողներ այս պահին ձեր թիմում, որ եկել են շրջաններից:
Այո, ունենք շրջաններից ֆուտբոլիստներ:
Ի՞նչ է պետք փոխել ֆուտբոլում այս պահին Հայաստանում, որպեսզի զարգացումն ընթանա դրական ուղղությամբ:
Առաջին հերթին պետք է շատ աշխատել: Կարծում եմ, առաջընթաց ունենում ենք, քիչ-քիչ: Մանավանդ մանկապատանեկան ֆուտբոլում՝ հենց այս պրոյեկտը, որ հիմա մենք աշխատում ենք՝ 14-15 տարեկանների հավաքականների հետ, ինքն արդեն առաջընթաց է: Բայց արդյունքը չեմ կարծում, որ մոտ ժամանակներում երևա: Տարիների աշխատանք է պետք: Ուժեղ ֆուտբոլիստները հիմա իրար հետ են մարզվում՝ չգիտեմ, թե որքանով են տեղեկացված մեր ռադիոլսողներն այս պրոյեկտից, 2001թ. և 2002թ. ծնվածներից՝ լավագույն 20 երեխա, մարզվում են Հավաքականի տեխնիկական կենտրոնում: Այնտեղ էլ ապրում են, սովորում են նույն դպրոցում: Այսինքն, մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն մարզումների ընթացքում, այլ՝ ընդհանրապես, առօրյա կյանքում էլ՝ սնվում են այնտեղ: Այսինքն՝ սովորում են նաև ճիշտ սնվել, ճիշտ հանգստանալ, ճիշտ ռեժիմ պահել, նաև հետևում ենք, որ դպրոցում լավ սովորեն, կրթվեն: Բացի դրանից, այս պրոյեկտը հնարավորություն է տալիս ֆուտբոլիստներին՝ այս տարիքի երեխաների միջազգային խաղեր անցկացնել, որովհետև առանց միջազգային խաղերի առաջընթացն ավելի քիչ կլինի: Կարծում եմ, ինչքան հնարավոր կլինի շատ միջազգային հանդիպումներ անցկացնել՝ դա կօգնի ֆուտբոլի զարգացմանը:
Իմ հաջորդ հարցը հենց դրան էր վերաբերում. ապագայում ինչպիսի՞ մրցաշարերի եք մասնակցելու, նաև՝ արտերկրում:
Կոնկրետ հիմա պատրաստվում ենք: Մայիսի 15-22-ը Մակեդոնիայում միջազգային մրցաշար կա, որին մասնակցելու են մեր թե 14, և թե 15 տարեկանների Հավաքականները: Մասնակցելու են նաև այն երկրները, որոնք նույն պրոյեկտով աշխատում են՝ Բելոռուսիան, Վրաստանը և Մակեդոնիան:
Շնորհակալ եմ, որ եկաք և հարցերին պատասխնեցիք, նաև՝ հետաքրքիր զրույցի համար: Ցանկանում եմ նպատակների կատարում, և որ հաջողությունները միշտ ձեր և ձեր թիմի հետ լինեն:
Շնորհակալություն: Ես էլ մաղթում եմ, որ ձեր հաղորդումը նույնպես զարգանա և մեծ լսարան ունենաք:
Շնորհակալ եմ:

Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է:
————————————————-
Հաղորդավար՝ Նոմա

Յուրաքանչյուր ուրբաթ ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. ուրբաթ ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)

www.onlineradio.am-ի եթերում «Նոր ֆուտբոլ» հաղորդաշարն է՝ Նոմայի հետ:
—————————————————
Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

seven − 5 =