Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Երիտասարդ գրողներ» / «Երիտասարդ գրողներ» — Սուսաննա Ղազարյան

«Երիտասարդ գրողներ» — Սուսաննա Ղազարյան

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio eritasard groghner suasanna ghazaryanԳրականութունն է կյանքի հայելին, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. գրականությունը նաև կյանքի դպրոցն է: Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն, ինչը կա, այլ նաև պետք է ցույց տա այն, ինչը չկա, բայց ցանկալի է, որ լինի: Մեր երիտասարդներից ոմանք ոչ միայն մոլի ընթերցասերներ են, գնահատում և արժևորում են գրքի նշանակութունը, այլ նաև իրենք են հայտնվում ժամանակակից գրականության կիզակետում, հրատարակում իրենց հեղինակային գրքերը, արդի գրականություն ներմուծում նոր խոսք, նոր որակ: Մեր այսօրվա հյուրը գրական-մշակութային կյանքի ակտիվ ներկայացուցիչներից է, աշխատում է Երևանի գրողների միությունում: Նա դեռևս երիտասարդ, բայց արդեն իսկ որոշակի ճանապարհ անցած բանաստեղծուհի է և միշտ պատրաստ է աջակցել ու սատարել սկսնակ ստեղծագործողներին: Իսկ թե ինքն ինչպես է հարթել իր ուղին դեպի գրականություն կբացահայտենք միասին:
Մեր այսօրվա հյուրն է բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը:
Բարև ձեզ, Սուսաննա:
Սիրով ողջունում եմ ձեզ:
Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար: Խնդրում եմ, պատմեք, թե ինչպես եղավ ձեր մուտքը գրական աշխարհ:
Ստեղծագործել սկսել եմ 13 տարեկանից: Առաջին անգամ տպագրվել եմ 2008թ.-ին՝ «Նոր դար» հանդեսում: Հանդես եմ եկել պատմվածքներով, տպագրվել տարբեր մամուլներում և այդպես տարածվել:
Ի՞նչ դեր ունի գրականությունը ձեր կյանքում:
Գրականությունն ինձ համար կյանքի աղբյուր է, ամենամեծ դաստիրակը:
Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեր գրիչը:
Ինչպես բոլոր գրողները՝ ես ևս ունեմ ասելիք: Եթե չունենայի ասելիք, գրիչը ձեռքս չէի վերցնի: Ասելիքս ուզում եմ հասցնել ընթերցողին, հույզ առաջացնել, ինչպես ես եմ սովորել ավագներից:
Ո՞րն է ըստ քեզ ժամանակակից գրողի կերպարը: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել բացասական քննադատությունը և թևաթափ չլինել:
Ժամանակակից գրողի կերպարը պետք է ձևավորվի, այսպես ասած, ավանդական գրողի ուղին անցնելուց հետո՝ չպետք է կտրվենք մեր արմատներից: Եթե ծառն արմատից կտրենք՝ չի աճի, չի վերընձյուղվի: Պետք է ինքներս վերադառնանք մեր արմատներին, վերցնենք լավը, գեղեցիկը և ձևավորենք գրողի կերպարը:
Սկսնակ ստեղծագործողներին պետք է ոգևորել՝ նրբորեն ցույց տալով թերությունները: Քննադատությանը շատ դրական եմ վերաբերվում: Թեկուզ անարդարացի լինի քննադատությունը. մեկ է, դրանից էլի սովորում ենք:
Ինչպե՞ս հղացավ հեղինակային գիրք տպագրելու միտքը: Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունները:
Գիրքը կոչվում է «Վերադարձ դեպի արև», տպագրվել է 2009թ.-ին: Ստեղծագործությունների թեմատիկան տարբեր էր՝ հեռացած սեր, մտահոգություններ, տարբեր խոհեր: Ուներ տերյանական, սևակյան ազդեցություններ:
Ե՞րբ տպագրվեց երկրորդ գիրը:
Գիրքը տպագրվեց 2015թ.-ին, կոչվում է «Վաղը կգա»: Այն բաղկացած է երեք շարքից: Առաջին շարքը կոչվում է «Դարի դեմքը»: Այստեղ խոսում եմ հավատի մասին, ցանկանում, որ հավատը միշտ արթուն պահենք, որովհետև հավատը մեր փրկությունն է: Ունեմ նաև հայրենասիրական գործեր, որտեղ խոսում եմ մերօրյա խնդիրների մասին, փորձում տալ դրանց պատասխանները: «Գնացքները» շարքը հիմնականում տխուր ստեղծագործություններ է ներառում: Եվ «Վաղը կգա» շարքը լավատեսական գործեր է ամփոփում. փորձում եմ հույս արթնացնել, հավատ՝ գալիք օրվա նկատմամբ: Ունեմ նաև համանուն ստեղծագործություն՝ «Վաղը կգա»:

ԹԻԹԵՌՆ Ի՞ՆՉ ԳԻՏԵՐ…
Թիթեռն ինչ գիտեր, որ վաղն այլևս
Ծաղկի ափի մեջ չի արթնանալու,
Թիթեռն ինչ գիտեր, որ օրն այլևս
Իրեն հարահոս կյանք է թվալու:

Եվ ինչ իմանաս լուսեղեն հեռվում
Քեզ ո՞վ է տենչում, ո՞վ էր քեզ կանչել.
Եվ ինչ իմանաս մի նոր արթնացում
Ցավի բացիկներ քեզ չի ուղարկել:

Թիթեռն ինչ գիտեր, որ ծաղկող հովտում
Հույսի գարունը չի արթնանալու,
Սպասման կարոտ՝ թևում էր հեռվում,
Կարծես մի ամբողջ կյանք էր անցնելու:

Քո այս բանաստեղծությունը բավականին խոսուն և հասուն տողատակեր ունի: Առհասարակ, կյանքի և մահվան խնդրին հաճա՞խ ես անդրադառնում:
Այո, շատ հաճախ եմ անդրադառնում: Ինչպես նշեցի, գրականությունը կյանքի աղբյուր է, և կյանքի արտացոլումն է: Իմ ստեղծագործություններում էլ կյանքի արտացոլումն է տարբեր տեսանկյուններից, տարբեր իրավիճակներում: Այս ստեղծագործությունը ես ինքս շատ եմ սիրում: Թիթեռը, բնականաբար, ինքը՝ մարդն է, որ ապրում է իր կյանքը՝ չմտածելով մայրամուտի մասին: Մեկ օր մտածելով մայրամուտի մասին, մենք մեր այդ օրը փչացնում ենք:

ԿԳԱՄ
Երբ կհոգնես մոլոր ճամփիս նայելուց,
Ասես կյանքում ես չեմ եղել, ես չկամ…
Երբ կհեգնես դժգույն բախտին անհատույց`
Իմացի’ր, որ սերն ապրում է, սերը կա:

Երբ դալկադեմ օրերի հետ հաշտվես,
Աշնանային նվագները քեզ դյութեն,
Հիշիր մի պահ. հայտնվեցի ծաղկի պես`
Թոշնած հոգուդ լուռ ցավերը ամոքեմ:

Երբ մոռացման մուժով պատվեն կոպերդ,
Էլ չհիշես այն հեքիաթի աղջկան,
Իմացի’ր, որ մի տեղ ապրում է սերը.
Սիրո ճամփով մի օր նորից ետ կգամ:

Քո մատուցած սիրերգությունը նուրբ է և եթերային, հերոսուհիներդ՝ սիրավառ ու կյանքով լի: Հավատո՞ւմ ես սիրո գոյությանը: Միգուցե սերը հենց իրենք՝ գրողնե՞րն են հորինել. որովհետև կյանքում շատ քիչ ենք հանդիպում անձնուրաց և անդավաճան սիրո օրինակների:
Մի այսպիսի հրաշալի միտք կա՝ «Աստված սեր է»: Եվ մեր հողանյութ շինվածքի մեջ Նա այդ սերը դրել է: Եթե մի օր ես չհավատամ սիրո գոյությանն ու զորությանը, ապրելու իմաստը կկորչի: Ես պետք է սիրեմ իմ գիրը, աշխարհը, մարդկանց, կյանքը, բնությունը: Սերն ամեն ինչի հիմքն է:
Շնորհակալություն քեզ ջերմ և անկեղծ զրույցի համար, մաղթում ստեղծագործական կյանքի նորանոր ձեռքբերումներ, նոր գրքերի տպագրություններ:
Շնորհակալ եմ:
———————
Բեկված գալիքի ուսերին փխրուն
Հենվել ենք ահա երկու կաղ ոտքով,
Սանձած մեր հոգու հողմերն աննկուն,
Գտածը կորցրած՝ գնում ենք փութով:

Եվ պտտվում է առանցքն օրերի
Արևն ուրացած այս խառնարանում,
Մեր իսկ շվաքում դարձել ենք գերի՝
Տեսնես այդ ու՞մ ենք կեղծ հաճոյանում:

Մեզ ծառայողի կաթով չեն սնել,
Ոչ էլ՝ ավանդել քծնողի ոգի,
Հիմա ահով ձեզ ուզում եմ հարցնել՝
Ի՞նչ պատասխան տանք մեր նախնիներին:
———————————————

Ինչ սառն է արևի համբույրը,
Իմ ծաղկած կարոտն է թառամում,
Չեմ զգում էլ գարնան արբունքը,
Օրերս կառքով են սլանում։

Ես փխրուն թևերս պարզեցի
Մի բուռ սեր ու մի շող գրկելու,
Ծաղկի պես հույսերս թափվեցին,
Ձեզ թողած՝ հեռուն եմ գնալու։

Ու հեռվում՝ կարմրող հասկի մեջ,
Մեղրաբույր մի օր է ծվարել,
Այս կյանքը ալիքվող ելևէջ,
Ինձ փրկող հավատը չի մարել։
Սուսաննա Ղազարյան
————————————-
«Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը» — այսպես է ասում Վոլտերը:
Ինձ մնում է միայն հավելել՝ յուրաքանչյուր նոր գրողի բացահայտում հույսն ու ապավենն է ժամանակակից գրականության նոր ու պայծառ լուսաբացի:
—————————————
Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)
—————————————
«Օնլայն Ռադիոյի» անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
———————————————————————————————

Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Սոնա Վանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

6 + ten =