Radio online
Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Նոր ֆուտբոլ» / «Նոր ֆուտբոլ» — ՈՒԵՖԱ. Չեմպիոնների լիգա: Ֆուտբոլի խաղադաշտը

«Նոր ֆուտբոլ» — ՈՒԵՖԱ. Չեմպիոնների լիգա: Ֆուտբոլի խաղադաշտը

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio nor football uefa champions league khaghadashtԱվարտվում է ֆուտբոլային մրցաշրջանը: Մնացել են հաշված խաղեր: Դրանցից ամենակարևորը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, որը կայանալու է մայիսի 28-ին Միլանում: Այս իսկ պատճառով որոշեցի այսօր խոսել այս մրցաշարի պատմության մասին:
Այն սկիզբ է առել 1955թ.-ից: 1955-56 մրցաշրջանից մինչև 1990-91 մրցաշրջանը մրցաշարն ունեցել է «Եվրոպական Չեմպիոնների գավաթ» անվանումը: 1991թ.-ից մրցաշարը ենթարկվում է մի շարք փոփոխությունների, այդ թվում՝ նաև ստանում ներկայիս անվանումը: Մրցաշարի պատմության ընթացքում գավաթը հաղթել են 22 ակումբներ, որոնցից 12-ը հաղթել է մեկ անգամից ավելի: Իսպանական ակումբները միասին նվաճել են 15 գավաթ, որի առյուծի բաժինը հասնում է «Ռեալին»: Նրանք 10 անգամ են նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Գործող գավաթակիրը «Բարսելոնն» է, որն այս տարի ճանապարհը զիջեց «Ատլետիկո Մադրիդին»:
Անվանափոխությունից ի վեր ոչ մի ակումբի չի հաջողվել նվաճել գավաթը երկու տարի անընդմեջ: Վերջին ակումբը եղել է «Միլանը», որ կարողացել է գրանցել այդպիսի հաջողություն՝ 1989 և 1990 թթ.-ին:
Խոսելով մրցաշարի մասին, չի կարելի անտարբեր անցնել պարգևավճարների կողքով, քանի որ այսօր շատ հարցեր, եթե ոչ բոլորը, լուծում է հենց գումարը: Այսպիսով, ամենաառաջին որակավորման փուլն անցնելու համար թիմն ստանում է 200.000 եվրո, երկրորդը՝ 300.000 եվրո, երրորդը՝ 400.000 եվրո, իսկ եզրափակիչ դուրս եկած թիմերից հաղթողը՝ 15 մլն. եվրո, պարտվողը՝ 10,5 մլն. եվրո: Մրցաշարը հաղթելու դեպքում թիմը 10 ամիս կարող է գավաթը պահել իր մոտ, իսկ հինգերորդ անգամ հաղթելուց հետո այն հանձնվում է հաղթողին՝ հավերժ պահպանման: Այս նվաճումը գրանցել են՝ Մադրիդի «Ռեալը»՝ 1960թ.-ին, «Այաքսը»՝ 1973թ.-ին, «Բավարիան»՝ 1976թ.-ին, «Միլանը»՝ 1994թ.-ին, «Լիվերպուլը»՝ 2005թ.-ին, «Բարսելոնը»՝ 2015թ.-ին:

Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի լավագույն ռմբարկուների լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը.
5. Թիերի Անրի — ֆրանսիացին 112 խաղում խփել է 50 գնդակ:
4. Հոլանդացի գոլահար Ռուդ վան Նիստելրոյ — 73 խաղում խփել է 56 գոլ:
3. Ռաուլ Գոնսալես – Նրա՝ 142 խաղերում խփած 71 գոլերը երկար ժամանակ անգերազանցելի էին բոլորի համար, սակայն արգենտինացին և պորտուգալացին որոշեցին գործն ավելի բարդացնել մնացածների համար և գերազանցեցին իսպանացուն:
2. Մեսսի — 106 խաղերում խփել է 83 գնդակ:
1. Ռոնալդու — Նա 10 գնդակ ավելի է խփել, քան Մեսսին, սակայն նա այդ գնդակները հեղինակել է 125 խաղերում:
Ինչպես հայտնի է այս տարի եզրափակիչ են դուրս եկել մադրիդյան երկու ակումբները՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն»: Այս թիմերը Չեմպիոնների լիգայում իրենց հաջողություններով տարբեր բևեռներում են գտնվում: «Ռեալը» 14 անգամ է հանդես եկել եզրափակչում, որոնցից 10-ում հաղթել է, իսկ «Ատլետիկոն»՝ 2 անգամ, սակայն երկու անգամն էլ պարտվել է: 2014թ.-ին այս թիմերն արդեն վիճարկել են գավաթը, որտեղ «Ռեալը» հաղթող է դուրս եկել: 2016թ.-ի Չեմպիոնների լիգայի հաղթողը պարզ կդառնա մայիսի 28-ին: Խաղը տեղի կունենա Միլանում:

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Խաղադաշտը
Մրցումների անցկացման կանոնակարգի համաձայն, հանդիպումները կարող են անցկացվել բնական կամ արհեստական ծածկույթով խաղադաշտերում: Արհեստական ծածկույթի գույնը պետք է լինի կանաչ:
2. Խաղադաշտի չափսերը
Խաղադաշտի կողային գծի երկարությունը պետք է գերազանցի դիմային գծի երկարությանը:
Ընդհանուր խաղերի համար.
Երկարություն (կողային գիծ) — նվազագույնը՝ 90մ, առավելագույնը՝ 120մ:
Լայնություն (դիմային գիծ) — նվազագույնը՝ 45մ, առավելագույնը՝ 90մ:
Բոլոր գծերը պետք է լինեն միևնույն լայնության և չպետք է գերազանցեն 12սմ-ը:
Միջազգային խաղերի համար.
Երկարություն — նվազագույնը՝ 100մ, առավելագույնը՝ 110մ
Լայնությունը — նվազագույնը՝ 64մ, առավելագույնը՝ 75մ
3. Դարպասային հրապարակը
Յուրաքանչյուր խաղադաշտում առանձնացվում է դարպասային հրապարակ, որը համարվում է դարպասապահի տարածքը:
Դարպասասյուների ներսից 5,5մ հեռավորության վրա գծանշվում են դարպասային գծին ուղղահայացներ: Ուղղահայացները ձգվում են դեպի խաղադաշտը 5,5մ երկարությամբ և միանում դարպասային գծին զուգահեռ գծով: Այդ գծերով սահամանազատված տարածքը կոչվում է «դարպասային հրապարակ»: Այս տարածքում դարպասապահն ունի առավելություն խաղային բոլոր դրվագներում: Դարպասային հրապարակից բացի նաև գծանշվում է տուգանային հրապարակը:
4. Տուգանային հրապարակը
Դարպասասյուների ներսին 16,5մ հեռավորության վրա գծանշվում են դարպասային գծին ուղղահայացներ: Ուղղահայացները ձգվում են դեպի խաղադաշտ 16,5մ երկարությամբ և միանում դարպասային գծին զուգահեռ գծով: Այդ գծերով սահամանազատված տարածքը կոչվում է «տուգանային հրապարակ»: Տուգանային հրապարակը խաղադաշտում սահմանազատված ամենակարևոր տարածքն է, որտեղ յուրաքանչյուր խախտում արդյունք է 11-մետրանոց հարվածի: Յուրաքանչյուր տուգանային հրապարակում՝ դարպասային գծի միջնակետից 11մ հեռավորությամբ, նշվում է 11-մետրանոց նշակետը: Յուրաքանչյուր տուգանային հրապարակից դուրս՝ 11-մետրանոց նշակետից 9,15մ շառավղով, գծանշվում է շրջանագծի աղեղ: Այս աղեղը գծվում է այն բանի համար, որ 11-մետրանոցն իրացնելու ժամանակ բոլոր խաղացողները պահպանեն սահմանված հեռավորությունը գնդակից՝ 9,15մ:
5. Անկյունային դրոշակները
Խաղադաշտում կարևոր են նաև անկյունային դրոշակները, որոնք օգնում են հստակ պատկերացնել՝ գնդակը դուրս է եկել խաղադաշտից դիմային, թե կողային գծից: Անկյունային դրոշակները պետք է լինեն հարթ գագաթով և տեղադրված լինեն խաղադաշտի յուրաքանչյուր անկյունում՝ ոչ պակաս, քան 1,5մ բարձրությամբ:
6. Դարպասները
Խաղադաշտի երկու դիմային գծերին տեղադրվում են դարպասները: Դարպասը պետք է տեղադրված լինի յուրաքանչյուր դարպասային գծի կենտրոնում: Դարպասը բաղկացած է անկյունային դրոշակներից հավասար հեռավորության վրա գտնվող երկու ուղղահայաց դարպասասյուներից և վերևից դրանք միացնող հեծանից: Դարպասասյուներն ու հեծանը պետք է պատրաստված լինեն փայտից, մետաղից կամ այլ թույլատրված նյութից: Դրանք ձևով պետք է լինեն քառակուսի, ուղղանկյուն, կլոր կամ էլիպսաձև, և չպետք է վտանգավոր լինեն խաղացողների համար: Դարպասասյուների միջև եղած հեռավորությունը 7,32մ է, իսկ հեծանի բարձրությունը գետնից՝ 2,44մ:

Այստեղ ակամա հիշեցի հռչակավոր երաժիշտ Լուչիանո Պովորոտտիի խոսքերը. «Եթե դարպասի չափսերը չփոխվեին, ես կդառնայի հռչակավոր դարպասապահ»:
Հեռուստացույցով ֆուտբոլ դիտելու ժամանակ չի երևում խաղադաշտի ողջ գեղեցկությունը: Խաղադաշտի ողջ գրավչությունն զգալու համար պետք է անպայման այցելել ստադիոն և սեփական աչքերով տեսնել և զգալ դրա ողջ գեղեցկությունը:
————————————————-
Հաղորդավար՝ Նոմա

Յուրաքանչյուր ուրբաթ ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. ուրբաթ ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)

www.onlineradio.am-ի եթերում «Նոր ֆուտբոլ» հաղորդաշարն է՝ Նոմայի հետ:
—————————————————
Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

18 + 17 =