Radio online
Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Երիտասարդ գրողներ» / «Երիտասարդ գրողներ» — Արմեն Մխեյան

«Երիտասարդ գրողներ» — Արմեն Մխեյան

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio eritasard groghner armen mkheyanԺամանակակից գրողի ուղին չափազանց դժվար է: Իրենից առաջ գրեթե ամեն ինչ ասվել է ու արվել: Սակայն, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր ժամանակ փնտրում է իր հերոսին, իր սուրհանդակին:
Մեր այսօրվա հյուրը բավականին խոստումնալից ճանապարհ է անցել: Ստեղծագործում է թե արձակ, թե չափածո ժանրերում: Գրում է նաև աֆորիզմներ, հոդվածներ: Զբաղվում է լուսանկարչությամբ: Նա իր աֆորիզմներից մեկում նշել է. «Ծաղկին չես կարող ստիպել, որ ծաղկի, բայց կարող ես ջրել և նա ինքը կծաղկի»: Այժմ տեսնենք, թե ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում ծաղկեց նրա գրիչը, ովքե՞ր եղան այդ ջրողները:
Մեր հյուրն է սիրված բանաստեղծ, արձակագիր, բլոգեր Արմեն Մխեյանը:

Ողջույն, Արմեն:
Ողջույն:
Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար:
Շնորհակալություն և ձեզ հրավերքի համար: Անկեղծ ասած, վերջին ժամանակահատվածում հաճախ չի ստացվում այցելել նման հարցազրույցների, հատկապես գրական, ստեղծագործական առումով:
Կխնդրեմ՝ մի քանի խոսքով պատմես, թե ինչպե՞ս եղավ քո մուտքը գրական աշխարհ:
Գրական աշխարհ իմ մուտքը դեռ փոքրուց էր, եթե կարելի է այդպես ասել: Փոքր տարիքից ստեղծագործում էի: Հիշում եմ, դպրոցական տարիքում կար թերթ, որտեղից գալիս էին, փորձում էին տեսնել, թե ովքեր ունեն հետաքրքիր ստեղծագործություններ, վերցնում էին և տպագրում այդ թերթում: Հետո որոշ ժամանակ դադար տրվեց: Իսկ որպես արդեն գիտակցված գրական աշխարհ մուտք կայացավ 2011թ.-ին, կարելի է ասել, երբ վերջապես որոշեցի բացել գրական բլոգ ու իմ ստեղծագործությունները գրական բլոգի միջոցով ներկայացնել ընթերցողներին:
Ստեղծագործում ես և չափածո, և արձակ: Հետաքրքիր է, երբ ծնվում է միտքը, ստեղծագործելու ձևաչափի ընտրությունն ինչպե՞ս է կատարվում:
Մտքից: Երբ կա մուսա, ներշնչանք, երբ հասկանում ես այդ երկուսի համադրությունն ինչ կարող է ստեղծագործել, արդեն հասկանում ես՝ ավելի լավ կլինի ներկայացնել արձակ, թե՞ չափածո տեսքով: Երբ գրում ես առաջին տողերը, հասկանում ես, որ սա ավելի լավ կլինի ներկայացնել չափածո: Եթե արձակ, ապա ավելի ընդարձակ, ավելի մեծ գաղափարներ փորձես ներդնել ստեղծագործության մեջ: Չափածոն սիրում եմ ներկայացնել ավելի հակիրճ, ավելի կարճ, փոքրիկ: Միտքը, որը կա, ծնվեց՝ պետք է ներկայացնել հենց այդպես:
Ո՞ր գրական ժանրն է քեզ առավել հոգեհարազատ:
Եթե ստեղծագործություններիս անդրադառնալով ասեմ, ապա արձակը: Վերջին շրջանում աշխատում եմ չափածո չգրել:
Ինչո՞վ է դա պայմանավորված:
Կարծում եմ, որ արձակն ավելի լայն հնարավորություն է տալիս առավել ամբողջական ներկայացնելու այն գաղափարները, որն ուզում ես տալ ընթերցողին:
Գիտեմ, որ տպագրվել եք մի քանի համահավաք ժողովածուներում: Ե՞րբ են տպագրվել և ինչպիսի՞ ստեղծագործություններով եք ներկայացել:
Առաջին տպագրությունը, որ եղավ, պատմվածք էր. մրցույթի էի ուղարկել: Գերմանացի հայագետ Հերբերտ Մաուրերը հավանել էր այն, թարգմանեց գերմաներեն և լույս տեսավ Ավստիական ամսագրում: Անցած տարի պատմվածքներից մեկը տպագրվեց «Երիտասարդ գրողների անթոլոգիա» գրքում (խմբագիրը Հայաստանի գրողների միության անդամ Սուսաննա Հարությունյանն էր): Այս տարի դեռ չի տպագրվել: Հուսով եմ, որ կլինի: Շուտով նաև իմ գիրքն առաձին կներկայացնեմ: Թեպետ այդ ուղղությամբ առանձնապես ինչ-որ քայլեր չեմ ձեռնարկում:
Ինչո՞ւ:
Կարծում եմ, որ ինձ համար դեռ շուտ է:
Գրում ես նաև աֆորիզմներ: Ինչպե՞ս արթնացավ այդ նախասիրությունը:
Իմ բլոգում ունեմ հատուկ բաժին՝ կոչվում է «Գրանկարներ»: Այդտեղ նկար և աֆորիզմներն են: Արձակ ստեղծագործելիս լինում են տողեր, որ բավականին դիպուկ են ու շատ լավ են հնչում: Եթե ամբողջ պատմվածքից առանձնացնենք միայն այդ տողերը, դրանք հստակ առանձնանում են: Հստակ գաղափարներ են, մտքեր: Այդտեղից ծնվեց այս մոտեցումը՝ պատմվածքից առանձնացնել այդ տողերը, մտքերը, և ներկայացնել աֆորիզմների տեսքով:
Հաճա՞խ է պատահում, որ առօրյա զրույցների ժամանակ մեջբերումներ կատարես քո հեղինակային աֆորիզմներից:
Լինում են դեպքեր, բայց աշխատում եմ այդքան շատ չանել: (խմբ. – ժպտում է)
Քո ստեղծագործություններն առկա են նաև էլեկտրոնային տարբերակով: Գրողի համար որքանո՞վ է նպաստավոր այս երևույթը:
Եթե անկեղծ ասեմ՝ ես ինձ ամբողջապես գրող չեմ պատկերացնում: Ես ստեղծագործող եմ, որ իր ստեղծագործություններով կիսվում է իր բլոգում: Բլոգը տալիս է հնարավորություն հասցնելու մտքերդ ստեղծագործությունների տեսքով ընթերցողին: Այս առումով տեղադրում եմ իմ բոլոր ստեղծագործությունները, և նաև այն հույսով, որ մի օր գրքի տեսքով նաև դրանք կկարողանամ հասցնել: Ինչո՞վ է օգնում դա: Գիրք տպագրելու դեպքում ունենում ես, օրինակ՝ 300 օրինակ, իսկ բլոգը համացանցից օգտվող յուրաքանչյուրին հասանելի է:
Ընթերցանության ո՞ր տարբերակն ես նախընտրում՝ գրքային, թե՞ էլեկտրոնային:
Եթե նայենք արդեն 21-րդ դարի այսօրվա ընթերցողի աչքերով, ապա պետք է ասեմ, որ ավելի հաճախ ընթերցում եմ էլեկտրոնային տարբերակով: Որքան էլ գրողի համար հաճելի լինի իր ստեղծագործությունները գրքի տեսքով, նյութական տեսքով ձեռքի տակ ունենալ, այնուամենայնիվ, այսօր աշխարհը զարգանում է, և էլեկտրոնային գրականությունը մեր անբաժան մասն է դարձել: Այնպես որ՝ շուտով կգա այդ ժամանակը, երբ գիրքը որպես այսպիսին այլևս չենք տեսնի: Գիրք ասելով կհասկանանք միայն էլեկտրոնային գիրք:
Ինքդ կարդո՞ւմ ես ժամանակակից գրականություն:
Ժամանակակից հայ գրականություն փորձում եմ կարդալ: Անկեղծ ասած, ժամանակի առումով չեմ հասցնում վերջին շրջանում շատ կարդալ, որովհետև սովորել, դասեր, և այլն: Բայց փորձում եմ հետևել, թե ինչ նոր ստեղծագործողներ, գրողներ կան, ովքեր են ներկայացնում իրենց ստեղծագործությունները:  Փորձում եմ անպայման կարդալ: Ինչու ոչ՝ նաև կարծիք հայտնել՚
Ինչպիսի՞ն ես ինքդ պատկերացնում մեր ժամանակի գրողի կերպարը:
Դժվար հարց եք տալիս: Օրինակ՝ ես ինձ չեմ պատկերացնում, որ տարբերվող ինչ-որ բան պետք է լինի: Գրողն այն մարդն է, որ այդ հասարակության մեջ է, այդ հասարակության անդամն է, տեսնում է խնդիրներ հենց հասարակության միջից, բայց գուցե կարողանում է նաև այդ խնդիրները ինչ-որ առումով այլ կերպ տեսնել, ընկալել, հասկանալ, նաև՝ ներկայացնել այդ զգացողությունը, հույզը, հուզմունքը:
Ի՞նչ դեր ունի բնությունը քո ստեղծագործական կյանքում:
Միանշանակ շատ, որովհետև շատ գաղափարներ, մտքեր հենց ծնվել են այն ժամանակ, երբ պարզապես հիացել եմ բնությամբ:
Երևի այդտեղից էլ ձևավորվել է լուսանկարչությամբ զբաղվելու նախասիրությունը:
Այո, իհարկե: Հավերժացնել այն, ինչ տեսնում ես:
Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը:
Ասեմ, որ ինքս հաճախ քննադատում եմ: Բավական լավ եմ վերաբերվում դրան, եթե խոսում ենք այն քննադատության մասին, որը կփոխի գրողի մեջ մի բան դեպի լավը: Քննադատությունն ինչ-որ առումով կարելի է նաև դաս համարել: Դա ավելի լավը կդարձնի գրողի գրիչը: Այստեսակ քննադատությունը պետք է: Ուղղակի կարծիք հայտնել, ասել, որ. «Վայ, շատ վատ է», «Վերջ», և այլն, և այլն, դա քննադատություն չի, դա ուղղակի կոտրում է գրողին:
Ո՞րն է քո ամենակարևոր խորհուրդն սկսնակ ստեղծագործողներին:
Ես ինձ համարում եմ սկսնակ ստեղծագործող: Կարող եմ ասել, որ չվախենալ գրելուց, որովհետև այսօր հաճախ այդ վատ քննադատությունը, վատ կարծիքները լսելով ստեղծագործության վերաբերյալ հաճախ պարփակվում ես և այլևս ցանկություն չի առաջանում ստեղծագործելու: Միակ խոհուրդս սա է. ամեն դեպքում ստեղծագործել:
Շարունակել գրել, եթե կա այդ ջիղը, և հասկանալ, որ այդպես կարողանում են տալ, օգնել ոմանց, նաև իրենց ընթերցողներին, տալ մտքեր, գաղափարներ, որոնք իրենց կարծիքով ամեն դեպքում պետքական են:
Ո՞վ է քո ստեղծագործությունների առաջին ընթերցողը:
Հիմնականում ընկերներս են: Նրանք նույնիսկ անհամբերությամբ սպասում են, թե երբ պետք է ինչ-որ նոր պատմվածք իրենց ուղարկեմ, որպեսզի կարդան: Ինչ-որ առումով նրանք նաև սրբագրում են, խմբագրում են, եթե ինչ-որ խնդիրներ են լինում: Այս առումով նրանք իմ առաջին քննադատներն են, առաջին ընթերցողները:
Գիտեմ, որ ինքդ խմբագիր ես: Նշեցիր, որ ընկերներդ էլ են խմբագրում: Ինչպե՞ս ես վերաբերվում այդ երևույթին:
Երբ դու ես ստեղծագործում և քո մտքերն են, կարող ես տասն անգամ կարդալ ստեղծագործությունն ու չնկատեմ ընդամենը մի վրիպակ, որը ուրիշների համար շատ ցայտուն կերևա: Այդ առումով իրենք ինձ շատ օգնում են՝ գտնում են այդ վրիպակները: Երբ իրենք են ստեղծագործում՝ ես եմ այդ գործն անում իրենց համար: Սրբագրման աշխատանքը շատ կարևոր է:
«Մուսա» երևույթն իր էությամբ բացատրելը գրեթե անհնարին է: Ամեն դեպքում, քո կարծիքով ի՞նչ է մուսան, ի՞նչ է ներշնչանքը:
Պետք է հստակ տարբերակել՝ ինչն է ներշնչանք, ինչն է մուսա, և ինչն է ոգեշնչում: Ներշնչանքը ներքուստ այն գիտակցությունն է, որ դու կարող ես, ունակ ես տալու ինչ-որ մի բան և ունես այն ապրումակցումային ամենն ինչ որ անցել ես, արդեն փորձառությունը, գուցե նաև ինչ-որ առումով: Մուսան այն արտաքին ազդակն է, այն կետը, որը երբ տեսնում ես այդ ներշնչանքը միախառնվում է մուսայի հետ և դու կարողանում ես տալ այն ամենն, ինչ արդեն կուտակված է ներսում: Հենց այդ ժամանակ ծնվում են ստեղծագործությունները:
Ներշնչանք և ոգեշնչում բառերը կարելի՞ է նույնացնել:
Միանշանակ ոչ, քանի որ ներշնչանքը ներքուստն է, իսկ ոգեշնչումը մուսայից եկող այդ ազդակներն են: Երբ տեսնում ես մուսան, զգում ես նրանից եկող ազդակները և դա արդեն ոգեշնչում է քեզ՝ քո ներքինն արդեն տարածել, ցույց տալ ուրիշներին:
Արմեն Մխեյանի համար ի՞նչը կարող է դառնալ ներշնչանքի աղբյուր:
Կարելի է ասել, երբ ներքուստ ես պատրաստ եմ ինչ-որ մի բան ասելու կամ գաղափար է ծնվել իմ մեջ, այդ ժամանակ ցանկացած, նույնիսկ ամենափոքրիկ ինչ-որ մի բան կարող է դառնալ ներշնչանք, նշան որ ես պետք է արդեն ստեղծագործեմ, դա տամ ընթերցողին:
Նշեցի նաև, որ լուսանկարչությամբ էլ ես զբաղվում: Երբևէ եղե՞լ է, որ որևէ լուսանկարից ներշնչված ստեղծագործես:
Այո, եղել է նման դեպք: Հաճախ բնապատկերները բավականին ներշնչում են ինձ ստեղծագործելու և տալիս են գաղափարներ, մտքեր, հանգստացնում են իմ ներքինը, որպեսզի ես հետո կարողանամ դա հասցնել ընթերցողին:
Շնորհակալ եմ, Արմեն, հետաքրքիր զրույցի համար: Մաղթում եմ քեզ ստեղծագործական կյանքի նորանոր ձեռքբերումներ և անսպառ երևակայություն:
Շնորհակալություն:

«Հրաշալի է, երբ կարողանում ես իրականացնել դիմացինի երազանքը, և առավել հրաշալի, երբ երազանք չունեցողին դրդում ես ունենալ և հավատալ դրա իրականացմանը»:
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
————————————————————-
Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)
————————————————
«Օնլայն Ռադիոյի» անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
———————————————————————————————

Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Սոնա Վանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

two × one =