Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «Նոր ֆուտբոլ» / «Նոր ֆուտբոլ» — Պատանեկան ֆուտբոլ. «Բանանց» ՖԱ, Վահե Գևորգյան

«Նոր ֆուտբոլ» — Պատանեկան ֆուտբոլ. «Բանանց» ՖԱ, Վահե Գևորգյան

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio nor football banants vahe gevorgyanՖուտբոլում, ինչպես նաև կյանքի յուրաքանչյուր ասպարեզում, շատ կարևոր է սերնդափոխությունը:
Պատանիների ճիշտ դաստիարակման արդյունքում միայն կարելի է ապահովել զարգացում:

Այսօր խոսելու ենք մանկապատանեկան ֆուտբոլից:
Իմ հյուրն են «Բանանց» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ակադեմիայի մարզիչ Վահե Գևորգյանը և նրա սաները:

Ողջույն, Վահե:
Ողջույն, հարգելի Նորայր: Ողջույն, հարգելի ռադիունկնդիր:
Շատ հաճելի է գտնվել ֆուտբոլիստների կողքին: Նույնիսկ ինձ մի պահ ֆուտբոլիստ եմ զգում: Հուսով եմ, որ սա կնպաստի մեր հաճելի և բովանդակալից զրույցին:
Քանի որ այսօրվա թեման մանկապատանեկան ֆուտբոլն է, կուզեմ ձեր կարծիքն իմանալ այսօրվա հայկական մանկապատանեկան ֆուտբոլի մասին:
Նախ, օգտվելով հնարավորությունից ցանկանում եմ շնորհավորել մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեկամսյակը:
ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ միայն մեր երկրում, այլ բոլոր հետխորհրդային երկրներում ֆուտբոլը եթե ոչ հետզարգացում, ապա գոնե կանգառ ապրեց: Սոցիալական ծանր պայմանները չէին կարող իրենց հետքը չթողնել: Բոլորս էլ հիշում ենք, Նորայր ջան, պատերազմը, մութ-ցուրտ տարիները, մարդկան առօրեական անհամեմատ կարևոր խնդիրները, քան ֆուտբոլը: Բնականաբար, ներկայումս մեր երկրի վիճակը բավականին բարելավվել է՝ այդ տարիների համեմատ, նպաստելով ֆուտբոլային դպրոցների ենթակառուցվածքներն ավելի ժամանակակից դարձնելուն: Սակայն, վերջին տարիներին բոլորս էլ նկատում ենք, որ մեր պատանեկան թիմարն սկսել են զիջել արտերկրի և հենց այդ նշված հետխորհրդային երկրների թիմերի հասակակիցներին: Իմ կարծիքով այստեղ պատճառը նորից ֆինանսն է: Բարձրագույն խմբում ունենք յոթ թիմ, որոնցից միայն երեք-չորսն են լուրջ մանկապատանեկան դպրոց:
Անհրաժեշտ է պետական մոտեցում ցուցաբերել, ներդրողներին շահագրգռել: Վերջին տարիներին լուրջ առաընթաց կարելի է համարել բարձրակարգ խաղադաշտերի ավելացումը, որին լուրջ խթանում է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան՝ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Կառուցվեց Ավան թաղամասում գտնվող Ֆուտբոլի ակադեմիան, Շիրակի և Լոռու ֆուտբոլի ակադեմիաները: Վերջին երկուսը, բնականաբար, մեծ առաջընթաց են մեր մարզերի ֆուտբոլի համար: Պակաս կարևոր չեն մարզերը: Այնտեղից էլ անհրաժեշտ է ներգրավել երեխաների, մասայականացնել այնտեղ ֆուտբոլը:
Սակայն, միայն Ֆուտբոլի ֆեդերացիայի մի քանի գործարարների ջանքերով չենք կարող հասնել ֆուտբոլային գերտերությունների մակարդակի: Օրինակ՝ նշեմ, որ առաջատար ակումբների մանկապատանեկան թիմերը տարվա կտրվածքով բազմաթիվ միջազգային առաջնությունների են մասնակցում, իսկ մենք խաղում ենք մեր ներքին առաջնությունները, որը տարվա կտրվածքով մոտ տասը լավ խաղ ենք անցկացնում: Այս մի քանի ակումբների մարզադպրոցներն են, որ բարձր մակարդակի թիմեր ունեն: Մնացած խաղերը բավականին հեշտ են ստացվում: Նման պայմաններում, բնականաբար, աճը այնպես չի ընթանա, ոնց որ միջազգային առաջնություններին մասնակցելուց: Սա էլ շատ լուրջ պատճառ է: Ինչ խոսք, անհրաժեշտ է կրթել նաև մարզիչներին, որը լուրջ ազդեցություն կունենա մեր ֆուտբոլի զարգացման վրա:
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր թիմի առջև ամեն մրցաշրջանից առաջ դրվում են խնդիրներ: Հետաքրքիր է, թե մանկապատանեկան թիմերի առջև ի՞նչ խնդիրներ են դրվում:
Կոնկրետ մեր «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցում փոքր տարիքի երեխաների թիմերի դիմաց, բնականաբար, մրցաշարային առումով առաջադրանք չկա: Առաջադրանքը միայն մեկն է՝ ուսուցանում:
Սակայն, պատանեկան տարիքում ոչ շատ կարևոր, սակայն ցանկալի է համարվում, բնականաբար, աղյուսակում բարձր տեղ զբաղեցնելը: Կոնկրետ ես մաքսիմալիստ եմ, և ամեն կերպ փորձում եմ համատեղել գեղեցիկ ֆուտբոլային ձեռագիրը հաղթանակների հետ:
Ընդհանուր առմամբ թիվ մեկ առաջադրանքը բոլոր թիմերի և մարզիչների համար ֆուտբոլիստ պատրաստելն է: Առաջինը՝ թիմի, և մեր Ազգային հավաքականի համար:
Հայտնի է, որ վերջերս «Բանանց» ֆուտբոլային ակումբում կատարվեցին արմատական փոփոխություններ: Կցանկանամ խոսեք այդ փոփոխությունների մասին՝ ի՞նչ առավելություներ և ի՞նչ թերություններ կան դրանցում:
Անցյալ տարվա երկրորդ կեսից մեր ակումբում արմատական փոփոխություններ եղան. գլխավոր տնօրեն նշանակվեց Մոսկվայի «Սպարտակի» նախկին տնօրեն Ռոման Ասխաբաձեն: Լուրջ փոփոխություններ եղան ենթակառուցվածների առումով: Մեր երեք արհեստական խոտածածկով խաղադաշտերը վերանորոգվեցին՝ փոխվեց խոտածածկը. երկուսը՝ փոքր (40մ x 20մ), մեկը՝ մեծ (պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար նախատեսված): Սա հնարավորություն տվեց զգալիորեն բարձրացնել մարզումների որակը: Ակադեմիայի աշխատանքները ղեկավարում են իսպանացի մասնագետներ՝ Տիտո Ռոմալյոյի գլխավորությամբ: Նա բավականին փորձառու մարզիչ է, մոտ 20 տարի աշխատել է Լակորոնիայի «Դեպորտիվոյում»: Ներկայումս մարզիչների հետ էլ տարվում են աշխատանքներ, հրավիրվում են ժողովներ, ներկայացնում են ծրագրի մեթոդոլոգիան, որը հիմնականում հիմնված է պատանիների տեխնիկական ունակությունները բարելավելուն:
Տեղյակ ենք նաև, որ իսպանացիների գալու հետ կատարված փոփոխություների արդյունքում ստեղծվել է երկու ճամբար՝ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ: Այսինքն, ոչ պրոֆեսիոնալ թիմեր հաճախող երեխաները պետք է վճարեն հաճախումների համար: Խոսենք այս մասին:
Թիմերի քանակը կրճատվեց, որպեսզի ավելի շատ կենտրոնանան այդ թիմերի որակը բարձրացնելու վրա: Այն երեխաները, որոնք անցան «բազային կատեգորիա» կոչվածին, այսինքն՝ հաճախում են վճարովի հիմունքներով, նրանք նույնպես ուշադրության կենտրոնում են գտնվելու և իրենց մարզավիճակը բարելավելու, ֆուտբոլային առաջընթաց գրանցելու դեպքում, միանշանակ, տեղափոխվելու են Ակադեմիայի թիմեր:
Այսինքն, եթե նրանք գրանցեն որոշակի աճ և հասնեն պորֆեսիոնալի մակարդակի, կարող են տեղափոխվել պրոֆեսիոնալ թիմեր, որտեղ կա պրոֆեսիոնալ մոտեցում:
Այո, միանշանակ այդպես է:
Հիմա կուզեմ խոսենք անցած մրցաշրջանում քննարկումների առիթ դարձած մանկապատանեկան ֆուտբոլի կանոնակարգի մեջ մտցված կտրուկ փոփոխություների մասին: Սա ըստ էության պետք է նպաստի պատանի ֆուտբոլիստների զարգացմանը: Սակայն, սա միանշանակ չընդունվեց՝ եղան շատ դժգոհություններ: Դուք ի՞նչ կարծիքի եք:
Կանոնակարգի փոփոխությունները դրական շատ կողմեր ունեն: Ինչո՞ւ մտցվեցին դրանք. մարզիչները, լինելով մանկապատանեկան թիմերի մազիչներ, դուրս էին բերում թիմերը խաղադաշտ միայն մեկ նպատակ հետապնդելով՝ հաղթել ամեն գնով: Այիսնքն, ֆուտբոլային լեզվով ասած՝ դարպասապահից գնդակը վերցնել և 40 մետր երկար խփելուց հետո փորձել գոլ խփել՝ հաշվի մեջ առաջ անցնելու համար: Մինչդեռ այդ տարիքում ամենակարևորը դա չէ: Միանշանակ, բոլոր տարիքներում հաղթանակը կարևոր է: Սակայն, ամենակարևորը ֆուտբոլիստին ճիշտ կրթելն է՝ տեխնիկական և տակտիկական պատրաստականություն հաղորդելով նրան: Դրական կողմերից կարելի է օրինակ բերել հենց միայն այն փաստը, որ մինչ այս փոփոխությունները շատ խաղերի մարզիչները բավականին շատ երեխաների խաղաժամանակ չէին տրամադրում: Իսկ հիմա Ֆեդերացիան ավելի հետևողական է գտնվել, և ավելի շատ երեխաներ են խաղաժամանակ ստանում: Ըստ այդ փոփոխությունների՝ պարտադիր կերպով խաղին հայտավորված բոլոր ֆուտբոլիստներին մարզիչը պարտավոր է խաղաժամանակ տրամադրել:
Բնականաբար, անթերի ոչինչ չկա այսօր: Օրինակ, ծանթ իրավիճակում են հայտնվում մարզիչները, երբ խաղավարտից 20 րոպե առաջ բոլոր փոփոխություններն արվել են, բայց ֆուտբոլիստը վնասվածք է ստանում: Ինչևէ, վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այդ ոլորտում աշխատողները եթե ոչ իդեալական, ապա հնարավորինս բարձր մակարդակով կօգտագործեն այդ օրենքները:
Շնորհակալություն, Վահե, սպառիչ պատասխանների համար: Ցանկանում եմ հաջողություններ գալիք մրցաշրջանում, էլ ավելի բարելավեք ձեր խաղը և պատրաստեք արժանի ֆուտբոլիստներ մեր ակումբների և հավաքականների համար:
Շնորհակալություն: Ի տարբերություն մյուս լրատվամիջոցների՝ ձեր ցուցաբերած հետաքրքրությանը, ուշադրությանը մանկապատանեկան ֆուտբոլին: Դա շատ գովելի է: Եվս մեկ անգամ շնորհակալություն:

Այժմ զրուցենք «Բանանց-02» թիմի ավագ Նորայրի հետ: Բարև, Նորայր:
Բարև ձեզ:
Նորայր, քանի՞ տարեկանից ես սկսել ֆուտբոլով զբաղվել:
Ֆուտբոլով զբաղվում եմ արդեն 8 տարի. 6 տարեկանից:
Ի՞նչ տվեց քեզ ֆուտբոլն այս 8 տարիների ընթացքում:
Ֆուտբոլը տվեց ընկերներ, ֆուտբոլ խաղալու հնարավորություն, և կարծում եմ՝ հետագայում կյանքի ձեռքբերում:
Ըստ քեզ՝ ի՞նչ է ֆուտբոլը:
Իմ համար ֆուտբոլը կյանք է, իմ առօրյան է: Չեմ կարող պատկերացնել ինձ առանց ֆուտբոլի: 8 տարիների ընթացքում ֆուտբոլը դարձել է իմ երկրորդ ընտանիքը:
Շատ լավ: Ցանկանում եմ, որ էլ ավելի զարգանաս ֆուտբոլային ասպարեզում և հասնես պրոֆեսիոնալի մակարդակի՝ ինչպես Հենրիխ Մխիթարյանն է:
Շնորհակալություն:

Հիմա զրուցենք Կարենի հետ: Բարև, Կարեն:
Բարև ձեզ:
Անցած մրցաշրջանում արժանացար «Լավագույն կիսապաշտպան» կոչմանը: Ի՞նչ զգացողություններ ունեցար այդ պահին:
Դե, ուրախացա, հասկացա, որ մեծ հաջողություն է դա, և իմ առջև նպատակ դրեցի դառնալ լավ ֆուտբոլիստ: Ինքս ինձ խոստացել եմ, որ հաջորդ մրցաշրջանում ևս պետք է պահեմ «Լավագույն կիսապաշտպանի» իմ կոչումը:
Դու ևս 6 տարեկանից ես սկսել զբաղվել ֆուտբոլով: Քեզ ի՞նչ տվեց ֆուտբոլն այս տարիների ընթացքում:
Ընկերներ, երջանկություն, տվեց հաճույք, երբ տեսնում ես քեզ ուղղված ծափերը. դա մեծ երջանկություն է:
Կարելի՞ է ասել, որ դու էլ ես ապրում ֆուտբոլով:
Այո:
Ի՞նչ է ֆուտբոլը քո համար:
Իմ համար այն հոբբի չէ, կյանք է: Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց ֆուտբոլի: Նպատակ ունեմ՝ դառնալ լավ ֆուտբոլիստ: Դրան հասնելու համար պատրաստ եմ ամեն ինչի:
Թող քո նպատակներն ու երազանքները կատարվեն և դառնաս մեր ապագայի շատ լավ ֆուտբոլիստ:
Շնորհակալություն:

Մեզ հյուր է նաև անցած մրցաշրջանի «Լավագույն հարձակվող» ճանաչված Ռուբենը: Բարև, Ռուբեն:
Բարև ձեզ:
Դու նույնպես զբաղվում ես ֆուտբոլով արդեն 8 տարի: Քեզ էլ ուղղեմ նույն հարցերը. ի՞նչ տվեց քեզ ֆուտբոլն այդ 8 տարիների ընթացքում: Ի՞նչ է քո համար ֆուտբոլը:
Ֆուտբոլն ինձ տվեց լավ ֆուտբոլ խաղալու հնարավորություն, ընկերներ:
Ֆուտբոլն իմ համար ոչ միայն սպորտ է, այլ նաև իմ կյանքն է: Առանց ֆուտբոլի չեմ կարող ապրել:
Ինչպես տեսնում ենք, երեք պատանի ֆուտբոլիստներն էլ հարցերին տվեցին գրեթե նմանատիպ պատասխաններ: Սա ցույց է տալիս այս թիմի ներդաշնակությունն ու ոգին, որը շատ կարևոր է ցանկացած թիմի համար:
Շնորհակալություն, տղաներ: Ձեզ մաղթում եմ հաջողություններ ապագայում:
Շնորհակալություն:

Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է:
————————————————-
Հաղորդավար՝ Նոմա

Յուրաքանչյուր ուրբաթ ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. ուրբաթ ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)

www.onlineradio.am-ի եթերում «Նոր ֆուտբոլ» հաղորդաշարն է՝ Նոմայի հետ:
—————————————————
Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

six + 3 =