Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «ՌՈԶ-appetit» / «ՌՈԶ-appetit» — Իտալական խոհանոց («Հավն իտալական տարբերակով». բաղադրատոմս)

«ՌՈԶ-appetit» — Իտալական խոհանոց («Հավն իտալական տարբերակով». բաղադրատոմս)

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio roz appetit italakan khohanotsԵթե մարդն այն է, ինչ ուտում է, ապա իտալացիներն, անկասկած, աշխարհի ամենալավ ժողովուրդն են: Ֆրանսիական խոհանոցը, որ երկրորդ տեղում է իտալացիներից հետո, լավն է պարզապես այն պատճառով, որ Կատերինա Մեդեչին՝ ամուսնանալով Հենրիխ Երկրորդի հետ, խոհեմություն ունեցավ իր հետ վերցնելու իտալացի խոհարարների: Ի դեպ, հայտնի շամպայնը հայտնագործվել է իտալացի միաբան Ֆրանչեսկո Սկակեի կողմից՝ նա գրի առավ գազով գինու բաղադրատոմսը:
Իտալական խոհանոցը, հիրավի, աշխարհի հնագույն և փորձառու խոհարարական ավանդույթներից է: Այսօր իտալական խոհանոցը կազմված է բաղադրիչների բազմազանությունից: Երբ խոսում ենք իտալական ճաշատեսակների մասին, առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, պանրի կտորներն են, բանջարեղենի բազմազանությունը, համեմունքները, պաստան և գինին:
Իտալական խոհանոցը ոչ միայն լավագույններից մեկն է աշխարհում, այլև ներկայումս ամենատարածվածը: Զարմանալի չէ, քանի որ խոհանոցին բնորոշ է ուտելիքների և համեմունքների բազմազանությունը՝ տավարի, խոզի, թռչնի միս, պանիր, լոբի, սիսեռ, բրինձ, ծովամթերք, բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ: Շատ ապուրներում օգտագործվում է քերած «Պարմեզան» պանիրը, որ հասունանում է նկուղներում՝ ոչ պակաս, քան երկու տարի՝ արդյունքում դառնալով չոր ու փխրուն: Բանջարեղենը կարող է ծառայել իբրև առանձին ճաշատեսակ:
Իտալական խոհանոցի մասին խոսելիս չի կարելի անտեսել իտլական «Ռիզոտոն»՝ բրնձից պատրաստված ուտեստը, որ բազմաթիվ հավելումներով համեղ ճաշատեսակ է: «Ռիզոտոյի» հարյուրավոր տեսակներ կան: Այն տարածված է աշխարհում իտալական պիցցայից ոչ պակաս:
Ժամանակին Հռոմի Տեստաչո թաղամասում էր գտնվում Եվրոպայի ամենախոշոր սպանդանոցը: Անասունների լավագույն միսը հասնում էր հարուստներին, իսկ աղքատներին բաժին էր ընկնում սիրտը, գլուխը, պոչն ու ներքին օրգանները: Ճաշատեսակն ուտում էին Հռոմի ամենաչքավոր բնակիչները, սակայն այժմ ուտեստը զարդարում է քաղաքի լավագույն ռեստորանների ճաշացանկերը:
Շատ տարածված է իտալական աղցանը, որն իսկապես համեղ է ու առողջարար: Իտալական խոհանոցը շատ առողջարար է, քանի որ ուտեստները պատրաստված են ձիթայուղով և, իհարկե, մեծ սիրով: Իտալիայում պատրաստում են համեղ պաղպաղակներ, խմորով ամենատարբեր կերակրատեսակներ, պիցցա, «Ռավիոլլի» տեսակի պելմենիներ, որ պարունակում են մակարոնի համար նախատեսված խմոր և տարաբնութ, բոլորովին անսպասելի լցոններ, Միլանի բուլկիներ՝ խաղողով, թխվածքներ, սերուցքներ:
Դեսերտը սովորաբար ավարտվում է սուրճով: Գինին Իտալիայում ազգային խմիչք է. տարբեր ճաշատեսակների կողքին իտալացիների սեղանին միշտ դրված է գինու շիշ, քանի որ նրանք գինու մեծ սիրահար են:
Հիմա ներկայացնեմ իտալական մի քանի ուտեստներ.

Աղցան «Կապրիզե»
«Կապրիզե» աղցանն իտալական խոհանոցի ավանդական ուտեստներից մեկն է: Այս ուտեստն իր մեջ ունի նաև հայրենասիրական շունչ. դրա յուրաքանչյուր բաղադրիչ խարհրդանշում է իտալական դրոշի մի գույնը:
«Մոցարելլա» տեսակի պանիրը և լոլիկները կտրատում են, դրանց ավելացնում ռեհանի տերևներ, և վերջ. աղցանն արդեն պատրաստ է:

«Ֆրիտտատա»
Այս ուտեստը ձվածեղի իտալական տարբերակն է: Այն պատրաստում են տարբեր բաղադրիչներից` պանիր, բանջարեղեն, երշիկ, միս, կարտոֆիլ:
Հաճախ պատրաստման ժամանակ օգտագործում են նաև մակարոնեղեն: Այս ուտեստի մեջ իտալացիներ չեն ավելացնում հյութեղ բաղադրիչներ:

«Բրուսկետտա»
Որպես թեթև նախուտեստ Իտալիայում շատ են մատուցում այս տաք բուտերբրոտները: Այն պատրաստվում է հացից ու «Մոցարելլա» պանրից, վետչինայից, լոլիկից ու ձիթապտղից:

«Նիոկի»
Տարօրինակ անվանումով այս ուտեստն իրենից ներկայացնում է շատ պարզ ու համեղ ուտեստ: Այն պատրաստվում է կարտոֆիլից, պանրից և ալուրից: Մատուցվում է տոմատով կամ այլ սոուսով:

«Կաննոլի»
Այս դեսերտն ավելի շատ հայտնի է Սիցիլիայում: «Կաննոլին» իրենից ներկայացնում է վաֆլե խրխրթան ձողիկ, որը լցոնված է «Մասկարպոնե» տեսակի պանրով, կաթնաշոռով, շոկոլադե ու վանիլային օշարակով և գինով:

«Կաչչուկկո»
Այս ուտեստն իրենից ներկայացնում է ծովամթերքներից պատրաստված ապուր, որը շատ տարածված է Լիվորնո քաղաքում:
«Կաչչուկկո» ապուրը շատ թանձր է: Պատրաստվում է ձկան արգանակով, տոմատի մածուկով, ծովամթերքներով ու կարմիր գինով:
Ըստ ավանդույթի, առաջին անգամ «Կաչչուկկո» ապուրը պատրաստել է մի ձկնորսի կին: Այս ապուրի մեջ պարտադիր պետք է լինի ձկան 5 տեսակ:
Իտալացիները շատ համեմունքներ են օգտագործում, որն ուտեստների համեղության գաղտնիքն է:

—————————————
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
«Հավն իտալական տարբերակով»
Կտրել հավի կրծքամիսը, լցնել ջեռոցի փոքր տապակի մեջ: Ավելացնել բուսայուղ և թողնել կես ժամ: Այնուհետև, ավելացնել սոխն ու սխտորը՝ թողնել 15 րոպե: Ավելացնել կտրատած լոլիկը, օրեգանոն ու ռեհանը: Լցնել տոմատի մածուկը և նորից դնել ջեռոցը՝ թողնել կես ժամ:
Մատուցել բանջարեղենի կամ կարտոֆիլի հետ: Ցանկության դեպքում կարելի է նաև սունկ ավելացնել:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
———————-
Հաղորդավար՝ Ռոզա Ավագյան

Յուրաքանչյուր շաբաթ ժ. 15:00-ին (կրկնությունները. շաբաթ ժ. 19:00-ին և ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «ՌՈԶ-appetit» հաղորդաշարն է՝ Ռոզա Ավագյանի հետ:
—————————————————
Խոհանոցն ազգային առանձնահատկությունների արտահայտման ևս մեկ միջոց է:
Փորձիր. թող անուշ լինի:

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Ռոզա Ավագյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × two =