Գլխավոր էջ / Ծրագրեր / Հաղորդաշարեր / «OFF-line թեմա» / «OFF-line թեմա» — Սուրբ Զատկի տոն

«OFF-line թեմա» — Սուրբ Զատկի տոն

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio off line tema surb zatki tonԱյսօր խոսելու ենք Սուրբ Զատկի առիթով մի խումբ երիտասարդների նախաձեռնած տոնախմբության մասին: Ավանդույթի համաձայն` Քրիստոսի Սուրբ Հարության տոնի արարողությունն սկսվեց մարտի 26-ի երեկոյան՝ Հարության ճրագալույցի Սուրբ պատարագի ավարտից հետո իրականացված «Հարության Ավետիս» խորագիրը կրող երթով: Մարտի 27-ին եկեղեցիներում ժամերգություններից ու պատարագներից հետո Երևանի և ՀՀ մարզերի տարբեր վայրերում կազմակերպվել էին միջոցառումներ ու ծիսական արարողություններ: Սուրբզատիկյան տոնակատարություններում իր հետաքրքիր ու աշխույժ բովանդակությամբ աչքի էր ընկնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցած մեծ տոնախմբությունը` ազգային երգ ու պարով և ավանդական խաղերով:
Տոնախմբությանը մասնակցում էին ինչպես պատանիներ ու երիտասարդներ, այնպես էլ դպրոցականներ, որոնք նաև արտասանեցին.

Այսօր մեծ տոն է, մեծ ուրախություն՝
Մեր Տերն է առել մահից հարություն,
Մեր Տերն է հաղթել չարին դժոխքի՝
Մեզ համար բացել կյանքի նոր ուղի:

Այսօր մեծ տոն է, մեծ ուրախություն՝
Մեր Տերն է առել մահից հարություն,
Խաչվեց, որ ներվենք, ունենանք կյանքում
Մեր Աստծո կողմից շնորհված ներում:

Այսօր մեծ տոն է, մեծ ուրախություն՝
Մեր Տերն է առել մահից հարություն,
Մեր Տերը հաղթեց, որ մենք էլ հաղթենք,
Աստծո դրախտում մեր տեղը գտնենք:

Այսօր մեծ տոն է, մեծ ուրախություն՝
Մեր Տերն է առել մահից հարություն,
Խաչվեց ու այրեց չարին դժոխքում
Դարձավ մեզ համար լույս ու փրկություն:

Այսօր մեծ տոն է, մեծ ուրախություն՝
Մեր Տերն է առել մահից հարություն,
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Տոնախմբության մասնակիցներն իրենց շուրջ էին համախմբել հոծ բազմությանն ու ոգեշնչում ներկաներին, որոնք հիացմունքով ու ժպիտով հետևում էին կյանքով լեցուն մեր ազգասեր երիտասարդների ուրախությանն ու երգուպարին, և ծափահարություններով լցնում համախմբված ազգային ոգևորությունը:
Զրուցեցի տոնախմբության մասնակիցներից մեկի հետ.
— Սկսած արդեն անցած տարվանից՝ ամեն ազգային եկեղեցական տոն ավանդույթ է դառել, որ մի խումբ երիտասարդներ, որոնք չեն պատկանում որևէ կառույցի, որևէ կազմակերպության, այլ ուղղակի հայ են և հայ եկեղեցու զավակ, միախմբված կազմակերպում են տվյալ տոնի ազգագրական ձևով նշումը: Այսինքն, հիմա այն, ինչը որ տեսնում եք այս տոնի, զոր օրինակ, Քրիստոսի Հարության տոնի` Զատկի ժողովրդական ընկալումն է: Եվ այսուհետ պիտի շարունակաբար ամեն ազգային եկեղեցական տոն եկեղեցու բակում այսպես նշվի:

Տոնախմբությանը մասնակից էին նաև ազգասեր, հայրենասեր, իրենց գործի նվիրյալ սկաուտները: Ինձ հաջովեց զրուցել նրանցից մեկի հետ.
— Միջոցառումը կազմակերպել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու թեմը: Սկաուտներն էլ, քանի որ միշտ եկեղեցու կողքին են, այսպիսի ազգային լավ միջոցառումներին միշտ ներկա են և ուզում են հնարավորին չափով շատ ներկա լինեն: Իրենք պատրաստել էին այսպիսի միջոցառում՝ ազգային երգուպարեր և Սուրբ Զատկի հետ կապված տեղեկատվական միջոցառում: Սկաուտներն էլ իրենց 20-25 հոգանոց խմբով մասնակցեցին միջոցառմանը՝ որպես ակտիվ և օրինակելի հայ երիտասարդներ մյուսների համար: Կոնկրետ ծրագիր չկար: Ուղղակի փոքր երթով սկսեցին եկեղեցու մոտից, քահանաների հետ, և, տեսնում եք` միջոցառումն էլ սա է. ավելի շատ այսօր եկեղեցին տվել էր ազգային երգ ու պարին: Ուղղակի սկաուտներն էլ իրենց հետ միասին իրենց մասնակցությունն այսպես ապահովեցին: Այդքան շատ բան այսօր չկար` ճիշտն ասած:

Ներկաներից շատերն՝ անկախ տարիքից, չկարողանալով զսպել իրենց էմոցիաները, միանում էին խմբին` մասնակցելու ակտիվ տոնախմբությանն ու շուրջպարերին: Մյուսներն էլ պարզապես հեռվից նայում էին, լուսանկարում: Ահա թե ինչպիսին էր ներկաների տրամադրությունն ու կարծիքը:
— Շատ հաճելի է, շատ սիրեցի: Իրոք որ շատ լավ զգացում է հայրենիքում այսպիսի միջոցառումներ տեսնելը: Որքան ուրախ են մարդիկ: Մենք էլ, գալով այստեղ, մեզ ավելի հպարտ, ուրախ ու լավ ենք զգում մեր հայկական այսպիսի շուրջպարերը տեսնելով: Իսկապես հպարտանում ենք, շատ ուրախ ենք:
— Միջոցառումը հավանեցինք: Մանավանդ, ոնց որ ասում են` այնքան ջիգյարով են երեխաները, կազմակերպված, որ ժողովուրդն էլ միացել է իրենց:
— Շատ հաճելի է: Մենք այստեղից չենք՝ հյուրեր ենք: Հաճույքով ենք նայում, հիացած: Մեր մոտ այստեսակ տոների ժամանակ այդպիսի պարեր չկան՝ ազատագրական պարեր: Բավականին ժողովուրդ նայում են ու տոնային զգացմունքը տարածվել է բոլորի մեջ: Շնորհավորում ենք բոլորի Սուրբ Զատիկը:

Հեռվում նկատեցի երիտասարդների շուրջպարն անսովոր հիացմունքով դիտող մի տարեց կնոջ: Մոտեցա նրան, առաջարկեցի իր հիացմունքն արտահայտել: Խոսել չկարողացավ: Աչքերն արցունքով էին լցված: Այնքան հայրենասիրություն ու կարոտ կար այդ աչքերում` հայի աչքերում:
Չմոռանալով նաև ավանդական հայկական կարմիր գինու և գունավոր հավկիթներով կռվի մասին` ասենք. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Թող Աստծո լույսը միշտ ուղեկցի մեր երկրին ու մեր ազգին:
Հաղորդավար՝ Մարիաննա Պետրոսյան

Յուրաքանչյուր հինգշաբթի ժ. 15:00-ին (կրկնությունները. հինգշաբթի ժ. 19:00-ին և հինգշաբթի ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «OFF-line թեմա» հաղորդաշարն է՝ Մարիաննա Պետրոսյանի հետ:
———————————————————————————————
Քո թեման՝ «OFF-line»-ում

———————————————————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

———————————————————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Մարիաննա Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

14 − four =