Գլխավոր էջ / «Օնլայն Ռադիո» (Հայաստան) / ՀՅՈՒՐԱՍՐԱՀ հաղորդման հյուրն է Դանիել Դեքերը

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ հաղորդման հյուրն է Դանիել Դեքերը

www.onlineradio.am onlineradio.am onlineradio online radio hyurasrah daniel decker

Շնորհակալություն Ա1+ հեռուստաընկերությանը՝ նկարահանմանն աջակցելու համար:

– Ինչպե՞ս տեղեկացաք Հայաստանի մասին:
– Առաջին անգամ Հայաստանի մասին լսել եմ Արա Գևորգյանի «Մուշ» երգում, որի մեղեդին իսկապես հզոր ազդեցություն ունեցավ ինձ վրա: Եվ այդ երգը լսելուց հետո կապ հաստատեցի նրա հետ: Այդպես սկսվեց մեր ընկերությունն ու համագործակցությունը: Միասին գրեցինք երգեր, և տեղեկացա Հայաստանի մասին:
– Եվ ի՞նչն այդքան գրավեց Ձեզ հայկական երգերի, հայերենի մեջ:
– Այն շատ տարբեր է արևմտյան երաժշտությունից: Չեմ կարող կոնկրետ բացատրել, բայց մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, սրտիս վրա, հոգուս վրա, և ես զգացի, որ պետք է ավելին իմանամ դրանց մասին:
– Գիտենք, որ դասավանդում եք երգեցողություն, դաշնամուր, ինչպես նաև՝ երգեր գրել: Կարծում եք՝ հնարավո՞ր է սովորեցնել երգ ստեղծել:
– Իհարկե: Ես երկար տարիներ դրանով եմ զբաղվում: Դա է արևմտյան և արևելյան երաժշտության պատմությունը: Մենք փոխանցում ենք այն, բայց սովորելով ուրիշներից:
– Այսինքն՝ պարտադիր չէ՞, որ դա բնատուր լինի՝ հնարավոր է սովորել երաժշտություն ստեղծել:
– Անշուշտ: Տաղանդն, իհարկե, օգնում է, բայց անգամ ամենամեծ երաժիշտներն ու կոմպոզիտորներն են ունեցել ուսուցիչներ. Մոցարտն է ունեցել ուսուցիչ, Բեթհովենը:
– Սա Ձեր առաջի՞ն այցն է Հայաստան:
– Ոչ, ես այստեղ եղել եմ 14 անգամ:
– Հիանալի է: Ե՞րբ եք առաջին անգամ եկել Հայաստան:
– Առաջին այցելությունս, կարծեմ, 2001-ին էր:
– Ձեր հետաքրքրությունը Հայաստանի և հայերենի նկատմամբ խորացա՞վ, թե պարզապես մնաց երաժշտության մակարդակի վրա:
– Սկզբում հետաքրքրասիրություն էր, հետո դարձավ հետաքրքրություն, հետո սեր և կիրք հայաստանցիների նկատմամբ: Ես իսկապես սիրում եմ հայ ժողովրդին և նրա մշակույթն այնքան շատ, որ անցյալ շաբաթ Հայաստանի քաղաքացի եմ դարձել:
– Որքա՞ն ժամանակ անցկացրեցիք Հայաստանում այս անգամ:
– Այս անգամ 2 շաբաթով եմ եկել:
– Ընդհանուր վերցրած՝ Ձեր սպասելիքներն արդարացա՞ն:
– Սպասելիքներս գերազանցվեցին: Հայերը պարզապես հիասքանչ ժողովուրդ են: Նրանք իսկապես ընդունեցին ինձ, մեծ գնահատանքի արժանացրեցին իմ աշխատանքը՝ երգերը, որ գրել եմ Արա Գևորգ յանի հետ, իմ ձայնագրած հայկական երգերը, Հայաստանի քաղաքացի դառնալս, իսկ նրանց հյուրընկալությունն ապշեցուցիչ էր:
– Դուք միայն երգում եք հայերեն, թե՞ նաև խոսում եք:
– Մի քիչ խոսում եմ հայերեն: Այդ գործն ընթացքի մեջ է: Դեռ շատ բան ունեմ սովորելու: Մեծ դժվարությամբ, շատ ջանք թափելով և պարապելով սովորեցի հայերեն երգել, բայց սկսում եմ նաև լեզուն սովորել:
– Ուրիշ ի՞նչ լեզուների եք տիրապետում:
– Միայն անգլերեն:
– Բացի երաժշտությունից կյանքում ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք:
– Երաժշտությունն իմ զբաղմունքների մեծ մասն է կազմում: Գրեթե ամեն աշխատանք, որ երբևէ ունեցել եմ, կապ է ունեցել երաժշտության հետ: Կարծում եմ, ոչ լիարժեք կլինեի առանց դրա: Այսպիսով՝ շատ ժամանակ և էներգիա եմ ծախսում դրա վրա: Բայց սիրում եմ ճանապարհորդել, սիրում եմ լավ ֆիլմեր, մարդկանց և աշխարհի մշակույթների հետ ծանոթանալ: Իմ փորձը Հայաստանի հետ լայնացրեց մտահորիզոնս:
– Հուսով եմ նորից կայցելեք Հայաստան և ամեն անգամ Ձեզ համար նորանոր բացահայտումներ կանեք: Ցանկանում եմ հաջողություն Ձեր գործերում և կյանքում:
– Շնորհակալ եմ: Այս տարի համերգ եմ ծրագրել Հայաստանում: Այնպես որ՝ վերադառնալում եմ:
– Հիանալի է: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու և հետաքրքիր հարցազրույցի համար:
– Անչափ շնորհակալ եմ:

ԿԻՌԱ ՇՎԱՌՑ

Հեղինակը՝ «Օնլայն Ռադիո (Հայաստան)»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

20 + sixteen =