Գոլը խփեց Խորեն Հովհաննիսյանը… Гол забил Хорен Оганесян… Siked the goal Khoren Hovhannisian…
Ահա այսպես են հաղորդել աշխարհի տասնյակ մարզադաշտերի լուսատախտակներն ու հաղորդավարները՝ ուրախություն պատճառելով միլիոնավոր ֆուտբոլասերների:
«Նոր ֆուտբոլն» անդրադառնում է Խորեն Հովհաննիսյան ֆուտբոլիստին:
Խորեն Հովհաննիսյանը ծնվել է 1955թ. հունվարի 10-ին: Նրա խաղը հիացմունքի էր արժանանում անգամ հակառակորդի երկրպագուների կողմից: Նրա անզուգական խաղով հիանում էին ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85թթ.) և Տաշքենդի «Պախտակորի» (1991թ.) թիմերում:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980թ.), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976թ.), ԽՍՀՄ 1976թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84թթ. հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում։ Հայ ֆուտբոլիստներից առաջինն է, որ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982թ.) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։
Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում՝ ղեկավարելով Երևանի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-97թթ.-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։
2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003թթ.) լավագույն ֆուտբոլիստ։
2010թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Խորեն Հովհաննիսյանի մասին ասել են.
Նիկիտա Սիմոնյանը 1984թ.-ին ասել է (սպորտի վաստակավոր վարպետ, «Արարատի» ավագ մարզիչ).
«Ընդհանրապես Հովհաննիսյանն իր բոլոր հնարավորությունները դեռ ցույց չի տվել: Եթե կարճ բնութագրեմ, ապա հիանալի տիրապետում է գնդակին, որոշումները ոչ ստանդարտ և յուրօրինակ են, ընկերներին իր ետևից տանելու շնորհքով է օժտված: Թեև նրա վրա միշտ հսկողություն են սահմանում՝ կարողանում է գոլեր խփել և ղեկավարել թիմի խաղը»:
Վլադիմիր Սալկով (ԽՍՀՄ օլիմպիական մարզիչ).
«Հովհաննիսյանը միջազգային մակարդակի ֆուտբոլիստ է: Նա առաջատար է, առաջատար՝ ի շահ թիմի»:
Լև Լեբեդև («Պրավդա» թերթի մարզական մեկնաբան).
«Հովհաննիսյանը տեխնիկապես լավ պատրաստված է, բռնկուն, նրանից միշտ կարելի է վտանգ սպասել: Հովհաննիսյանն իր էությամբ մարտիկ է»:
Վիճակագրություն
Ստորև ներկայացված է Խորեն Հովհաննիսյանի խփած գոլերի լրիվ հաշվարկը.
1.Երկրի առաջնության խաղեր- 82 գնդակ
2. ՍՍՀՄ գավաթ- 13 գնդակ
3. ՍՍՀՄ հավաքական (ազգային հավաքականների հետ հանդիպումներում)- 8 գնդակ
4. ՍՍՀՄ հավաքական (ակումբների հետ)- 10 գնդակ
5. ՍՍՀՄ երիտասարդական հավաքական.
5.1 Եվրոպայի առաջնություն- 3 գնդակ
5.2 Ակումբների հետ խաղերում- 5 գնդակ
6. Եվրոպական գավաթներ- 2 գնդակ
7. «Արարատի» միջազգային խաղերում- 10 գնդակ
8. «Արարատի» ընկերական խաղերում- 19 գնդակ
9. Փոխարինողների կազմում- 10 գնդակ
Ընդամենը՝ 162 գնդակ: