(26.04.2016թ., ժ. 13:30)
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։
Ավտոբուսում պայթյունի պահին գտնված 10 անձանցից 9-ի՝ վարորդի, 7 վիրավորների և 1 զոհի ինքնությունը պարզվել է, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են։ Ապրիլի լույս 26-ի գիշերն իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, նրանց բոլորի բնակարաններում ևս ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել, նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունի հետ հերքվել է։
ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։ Դիակն անճանաչելի է և վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։
Առգրավվել և հետազոտվում են դեպքի վայրում և թիվ 63 ավտոբուսի երթուղու երկայնքով առկա հնարավոր տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Նախաքննության այս փուլում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել։ Կատարվում են քննչական և օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ։
—
Մինչ այս պահը (26.04.2016թ., ժ. 12:30) դեռ որևէ պաշտոնական վարկած և փորձաքննական արդյունքներ հայտարարված չեն:
—
Ոչ պաշտոնական տեղեկություններով զոհերի թիվը 2 է:
—
Ըստ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ պայթյունը եղել է ալիքային (ոչ բեկորային): Նա հերքել է որևէ գազային պայթյունի վարկածը: Ոստիկանապետը հավելել է, որ բոլոր տվյալները նախնական են, և որոշակիություն կմտցվի 2-3 ժամից (03:00-04:00-ն ընկած ժամանակահատվածում), ինչի մասին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Հնարավոր ահաբեկչության մասին հարցին նա պատասխանել է. «Ահաբեկչության մասին տեղեկությունները այս պահին ոչ հաստատելու, ոչ հերքելու ժամանակն է»։
Վ. Գասպարյանի փոխանցմամբ՝ տարածքում գործող տեսախցիկները գրանցել են պայթյունի պահը, որտեղ երևում է, որ այն տեղի է ունեցել ավտոբուսի ներսում՝ աջակողմյան 2-րդ նստարանից:
—
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել նախագահականում՝ Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունի առիթով:
—
«Արմենիա» ՀԸ փոխանցում է, որ ըստ ՀՀ Ոստիկանության պայթյունի պահից սկսած դադարեցվել է երկկողմանի երթևեկությունը: Այս ռեժիմը կպահպանվի նաև ապրիլի 26-ին:
Ըստ Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի՝ ավտոբուսը գործել է դիզվառելիքով (գազի բալոն չունի), ուստիև գազի բալոնի պայթյունի վարկածը բացառվում է: Նա հավելել է նաև, որ ավտոբուսը գտնվել է սարքին վիճակում և պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը:
—
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն:
Ժամը 23.56-ի դրությամբ կան
6 տուժած՝
Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.),
Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.),
Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.),
Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.),
Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.),
Ռոլանդ Սուրիկի Խոջայան (ծնվ. 2001թ.),
Արթուր Վաչիկի Մարգարյանը (ծնվ. 1994թ.)
և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:
Վիրավորներից Արթուր Վաչիկի Մարգարյանը (ծնվ. 1994թ.) դուրս է գրվել «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնից»:
Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
—
Դեպքի վայրում են նաև ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: