Այսօր «ԼարԱննում» կքննարկենք «Էրեբունի-Երևանին» ընդառաջ առաջացած քննարկումներն ու օրվա միջոցառումների գումարը սահմանամերձ որևէ բնակավայրի տալու առաջարկը:
Ակտիվիստ Լևոն Զաքարյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում կատարել էր գրառում, որով առաջարկում էր Երևանի օրվա միջոցառումների գումարը հատկացնել սահմանամերձ որևէ բնակավայրի:
Նրա գրառմանն արձագանքեցին բազմաթիվ օգտատերեր, և Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվեց իվենթ (միջոցառում), որին մասնակցություն հաստատելով արդեն իսկ օգտատերերը տալիս էին իրենց համաձայնությունը: Ստեղծվեց նաև օնլայն ստորագրահավաք: Կարճ ժամանակահատվածում մոտ 7.000 օգտատեր հաստատեց իր մասնակցությունը:
«Էրեբունի-Երևան. 2797» տոնակատարության ծրագրի կյանքի կոչման համար այս տարի պետբյուջեով 130 մլն. դրամ է նախատեսված, իսկ մասնավոր սեկտորի կողմից էլ՝ 30 մլն. դրամ: Ըստ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն, այնուամենայնիվ, պետք է անցկացվի:
Սուքիասյանը նշել է, որ հարցը քննարկվել է քաղաքապետարանում, սակայն որոշել են` Երևան քաղաքի տոնն անպայման պետք է նշվի:
«Վստահ եղեք, որ «Էրեբունի-Երևան» տոնը պետք է նշենք: Երևանն օրենքով սահմանված իր լիազորություններն ունի, որոնք տարածվում են միայն Երևանի սահմաններում: Ուստի, քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել` Երևանի հետ կապված այս կամ այն խնդիրը լուծելով: Բացի այդ, մի շարք կազմակերպություններ նվիրատվություններ են կատարել` նպատակադրված, և մենք բարոյական իրավունք չունենք նպատակադրված գումարն այլ կերպ ծախսելու», — ասաց նա` հավելելով, որ Երևանի քաղաքապետարանի լիազորություններից ուղղակի դուրս է նման քայլի դիմելը:
Փոխքաղաքապետը կարծում է, որ, նման պահանջ ներկայացնելով, այլ պետության ջրաղացին ջուր ենք լցնում, քանի որ այդ կերպ մեր զինվորի ուժն ենք կասկածի տակ դնում: «Մենք մրցունակ բանակ ունենք, որը կարող է պաշտպանել հայրենիքը», — ասել է նա: Սուքիասյանի կարծիքով` Երևանի տոնը պետք է նշվի հպարտորեն: «Վերջին հաշվով` սա բարեգործական հիմնարկ կամ հիմնադրամ չէ», — նշեց նա:
Հարցը քննարկվում է ոչ միայն քաղաքապետարանի ու քաղաքացիների, այլև հայկական էստրադայի ներկայացուցիչների շրջանում: Նրանցից ոմանք դեմ չեն, որ մասնակցեն համերգին ու ստացած հասույթը տրամադրեն սահմանամերձ բնակավայրերից որևէ մեկին: Ոմանք կարծում են, որ առանց համերգների մասնակցելու էլ գումարը պետք է ծառայի հանուն օգնության: Մի մասն էլ վստահ է՝ համերգն անհրաժեշտություն է:
Երգչուհի Քրիստիե Պեպելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան: Ես՝ որպես հայ մարդ, որպես երգչուհի ու որպես «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների մասնակից, չկարողացա անմասն մնալ արդեն քանի օր համացանցում քննարկվող թեմայից: Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանից ինչ-որ բան պահանջելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքներն իրականացվում են ամիսներ առաջ, և ահռելի աշխատանք է տարվում նախապատրաստվելու համար: Իհարկե, ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջև, նաև մեզ՝ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջև, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում: Ինչպես շատ երաժիշտներ, ես նույնպես մեկ ամիս առաջ եմ համաձայնությունս տվել Երևանի տոնին մասնակցելու համար: Այս պահից պաշտոնապես հայտարարում եմ. Համերգի իմ ողջ հոնորարը կկրկնապատկեմ (իմ միջոցներով) և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ-որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը: Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ-որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին: Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան»:
Երգչուհու գրառումից հետո շատ չուշացավ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի պատասխանը: Նա ասել էր. «Շնորհակալություն Քրիստինե Պեպելյանին: Այսօր առավոտյան համացանցից տեղեկացա ու հաճելիորեն զարմացա, որ մեր էստրադային երգչուհի Քրիստինե Պեպելյանն «Էրեբունի-Երևան» տոնակատարության իր հասանելիք հոնորարը կկրկնապատկի սեփական միջոցներից և կնվիրի սահմանամերձ Բաղանիսին: Հարգելի՛ Քրիստինե, իմ, ավագանու և համայնքի ողջ բնակիչների անունից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նման գեղեցիկ ու հաճելի վերաբերմունքի համար, և սիրով սպասում Ձեզ մեր համայնքում: Թող Ձեր այս քայլը օրինակ ծառայի մյուսներին»:
«Հարգելի Երևանի քաղաքապետարան: Խնդրում եմ ձեզ, սահմանային գյուղերի հարցով մտահոգված բոլոր սահմանային գյուղերի բնակիչներին՝ ով գրանցված էր այդ գյուղերում, բայց այժմ բնակվում է Երևանում, «Էրեբունի-Երևան» տոնակատարության բյուջեի հաշվին վերադարձնել իրենց հայրենի բնակավայրերը՝ տեղում իրենց մտահոգությունն ապացուցելու համար: Սահմանային գյուղերում չգրանցված, բայց սահմանային գյուղերի ճակատագրով, «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ միշտ մտահոգվողներին, նույնպես տոնակատարության բյուջեի հաշվին վերաբնակեցնել սահմանային գյուղերում՝ իրենց ապահովելով համապատասխան կացարանով և շարժական գույքով: Ընդմիշտ Ձեր՝ Զառա Արամյան»:
Սա հաղորդավարուհի Զարա Արամյանի գրառումն էր, որը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց: Թեմայի շուրջ հաղորդավարուհին ասել է. «Դա իմ հորը՝ որպես զավակի, մեծարումն է, որովհետև հայրս՝ որպես վերջին մոհիկան, որ հիմա վատառողջ է, գամված է անկողնուն: Ինչպես նաև երջանկահիշատակ Լաերտ Մովսիսյանը, Հրաչիկ Աշուղյանը և հայրս միասին ստեղծել և երկար տարիներ կազմակերպել են «Էրեբունի- Երևան» տոնակատարությունը. հայրս էլ եղել է երաժշտական մասի ղեկավարը: Իմ համար ուղղակի ցավալի էր, որ հանկարծ կարող է այդ տոնը, որպես իմ հայրիկի մի մասնիկ այդտեղ, երբ փոքր տարիքից մինչև հասուն տարիք, ինչքան որ ինքն է կազմակերպել, ներկա եմ եղել, տեսել եմ, թե ինչ սիրտ կա, ինքը որպես հին երևանցի, զուտ սա էր»:
Մինչ քաղաքը պատրաստվում է տոնել իր 2797-ամյակը, իսկ քաղաքացիները պայքարում են, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմը 1 մլն. դրամ է նվիրաբերել Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին: Գումարն աշխատակազմը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, հավաքել էր սեփական միջոցներից՝ աշխատավարձից, հոկտեմբերի 8-ին կայանալիք Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներին ներդրում ունենալու նպատակով:
Հուսանք, որ սահմանում իրավիճակը միշտ խաղաղ կլինի ու մեր զինվորները լուսաբացն առանց զոհերի կդիմավորեն:
Մենք էլ խոստանում ենք, որ կհանդիպենք հաջորդ շաբաթ՝ նոր թեմաներով, նորություններով ու քննարկումներով:
———————————————————
Կհանդիպենք օնլայն տիրույթում:
Հետևեք «ԼարԱնին», որ չհայտնվեք դարանում
———————————————————
Աննա Գարեգինյան, Լաուրա Մարտիրոսյան
«Օնլայն ռադիոյի» եթերում «ԼարԱննին» կարող եք հետևել ամեն երեքշաբթի ժ. 15:00-ին, կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին: