3 ապրիլի 2016 թ. Երևան
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը և ցավակցում է դրա հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին ու մերձավորներին:
Մերձավոր Արևելքում և Կովկասում ակնհայտ սուր բախում է առաջացել համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի միջև, ինչը Հայաստանի Հանրապետության, Արցախի և ամբողջ հայության առջև ծառանում է որպես գոյութենական սպառնալիք:
Նման պայմաններում Ադրբեջանի գործողությունները պետք է դիտել որպես Արցախյան հակամարտության գոտում նախկինում հաստատված ստատուս քվոյի պայթեցման փորձ:
Լարվածության ներկայիս մակարդակի տևական պահպանման կամ ուժգնացման պարագայում կարելի է արձանագրել առկա ստատուս քվոյի անվերադարձ կորուստ, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի հանդես գալու նոր ստատուս քվոյի իր տեսլականով և դրա հաստատման գործողությունների նախաձեռնությամբ:
Առկա ռազմական բախման քանակական և որակական բնութագրերից ակնհայտ է դառնում, որ գոյություն ունեցող ստատուս քվոյի վերականգնումը, առավել ևս՝ նոր ստատուս քվոյի հաստատումը, համայն հայությունից պահանջելու է բարոյահոգեբանական, մտավոր ու նյութական ուժերի գերլարում և պաշտպանական ամբողջ զորության մոբիլիզացում:
Արցախյան առաջին պատերազմի հաջողության հիմնական գրավականը ազգային համերաշխության առկայությունն էր, որը նյութական ուժերի անհավասարության պայմաններում հնարավոր դարձրեց հազարավոր քաղաքացիների անձնազոհ նվիրումը, որն էլ իր հերթին ապահովեց մեր ռազմական հաղթանակը:
Մինչդեռ ռազմաքաղաքական անհավասարության պայմաններում սկսված ներկայիս բախումն ընթանում է ազգային համերաշխության տրոհվածության պայմաններում: Ուստի դրա անհետաձգելի և հաստատուն վերականգնումը դառնում է հայկական կողմի մարտունակության ապահովման և հաղթանակի գլխավոր հրամայականն ու անշրջանցելի պայմանը, ինչի համար առաջին հերթին հարկավոր է վերացնել կառավարող քրեաօլիգարխիկ վարչախմբի ու ժողովրդի միջև առաջացած անվստահության վիհը և լարվածությունը:
Դրան հասնելու անհրաժեշտ քայլերը ներառում են քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր հանցագործություններ չկատարած անձանց համաներումը, օլիգարխիայի ձեռքում ապօրինի կերպով կենտրոնացած ռեսուրսները Հայրենիքի պաշտպանությանը ծառայեցնելը, սահմանադրականության վերականգմանը և սոցիալական ու իրավական արդարության հաստատմանն ուղղված քայլերը:
Սրանք այն փոխկապված պայմաններն են, որոնք հնարավորություն կստեղծեն ոչ միայն ոստիկանության գերուռճացված ուժերի զգալի մասը պաշտպանության նպատակներին տրամադրելու, այլև ազգային բռունցքման համար անհրաժեշտ բարոյահոգեբանական նախադրյալներն ապահովելու համար:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը հայտարարում է, որ համազգային համերաշխությունն վերականգնելուն ուղղված այս նվազագույն պայմանները չկատարելու դեպքում մոբիլիզացիայի և հակառակորդի նկատմամբ հաղթանակի ու խաղաղության հաստատման բոլոր կոչերն արժեքազրկվում են, ուստի վարչախմբի վրա է մնում Արցախն ու հայկական պետականությունը կորստի սպառնալիքի առջև կանգնեցնելու ամբողջ պատասխանատվությունը: