«Երիտասարդ գրողներ». Արմինե Մուրադյան

Երիտասարդությունն է կյանքի զարկերակը և հեռանկարը: Գրականությունը հասարակության կյանքի հոգևոր բնագավառն է, այն աշխարհը, որը կարող է մոռացնել տալ աշխարհիկ հոգսերը և մտքի թռիչքը ուղղել անեզր հեռուներ: Այսօրվա մեր հյուրը արդի գրականություն մուտք գործեց թեև վարանելով, սակայն այժմ ինքն էլ գիտակցում է, որ վարարուն գրչի հոսքը միայն ինքն իր մեջ ամբարել անկարող է:
Ո՜վ դու աշխարհ, անարդար ու խենթ
Ե՞րբ ես լինելու դու մի քիչ անեղծ
Աղտն է գրկել քեզ, մոլորեցրել հոգիդ
Շուրջբոլորդ ամենը կեղտոտ է ու կեղծ:
Ահա այսպիսի համամարդկային վեհ հատկանիշներով է հագեցած երիտասարդ ստեղծագործողի մատուցած պոեզիան: Նրա գրիչը նաև նրբորեն է հյուսում սիրո կարոտն ու կսկիծը, նվիրումն ու հույզը:
Ուզում եմ հավաքեմ պատառոտված հույսերս
Իրար կարեմ կիսատ թողած պահերս,
Որ մի կես կյանք գոնե լցնեմ հուշերս:
Ստեղծագործական ի՞նչ ճանապարհ է անցել նա՝ կբացահայտենք միասին:
Մեր հյուրն է Արմինե Մուրադյանը:

Ողջու՛յն Արմինե: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Մի քանի խոսքով պատմիր, խնդրեմ, որտեղի՞ց ես ծնունդով, ի՞նչ մասնագիտություն ունես:
Շնորհակալ եմ հրավերի համար: Ծնունդով Գյումրիից եմ, սովորել եմ Գյումրիում, ապա տեղափոխվել Երևան: Ունեմ լեզվաբանի կրթություն: Ստեղծագործել եմ վաղ տարիքից: Գրում էի գաղտնի՝ երբեք չեմ ցանկացել ի ցույց դնել հանրությանը:
Ստեղծագործել սկսել ես 13 տարեկանից: Ի՞նչը խթան դարձավ, որպեսզի թուղթն ու գրիչը վերցնես ձեռքդ:
Երևի թե որպես մեկնարկ եղել է առաջին սերը, որն ինձ ստիպել է գրիչը ձեռքս վերցնել:
Ո՞ր թեման է գերակշռում քո ներկայացրած պոեզիայում:
Գերակշռում է սիրո թեման: Այժմ գրում եմ նաև համամարդկային թեմաներով:
Եթե հնարավոր լինի նկարել քո ստեղծագործական աշխարհը, ո՞ր գույները կնախընտրես և ինչո՞ւ:
Ողջ կյանքի ընթացքում ինձ միշտ ուղեկցել և ուղորդել է երկնագույն կապույտը: Այսօր կավելացնեմ նաև կանաչը՝ առավել վառ գույն հաղորդելու նպատակով:
Ունես անավարտ վեպ: Ո՞րն է պատճառը, որ այն դեռևս դրված չէ ընթերցողի սեղանին:
Պատճառները մի քանիսն են: Որպես գրող դեռևս ինձ համարում եմ կայացման փուլում գտնվող: Փորձում եմ աշխատել և առավել գրագետ մատուցել վեպս: Այն իմ մեջ անընդհատ խմորվում է: Ամեն գիշեր մտքումս զարգանում են գործողությունները: Այն մի օր անպայման կլինի ընթերցողի սեղանին:
Ո՞վ է քո ստեղծագործության հերոսը. նա մեր դարից է, թե՞ նախորդ կամ ապագա ժամանակների կերպար:
Հերոսներիս բերում եմ անցյալից, դիտարկում ներկայում և տանում դեպի ապագա:
Վերջերս տպագրվեցիր «Սիրո հևքը գրչի ներքո» համահավաք անթոլոգիայում: Ինչպե՞ս եղավ առաջարկը, ինչպիսի՞ն էին քո ապրումները: Գիտեմ, որ դա քո առաջին տպագրությունն է:
Անդամակցում եմ մի քանի սոցիալական խմբերի, որոնցից մեկից էլ՝ «Երիտասարդ գրողների գրական ակումբ» խմբից ստացա առաջարկ, որը շատ անսպասելի էր և հաճելի: Անդրանիկ տպագրությունը գրողի համար շատ կարևոր է:
Շնորհակալ եմ քեզ հաճելի և ջերմ զրույցի համար: Մաղթում եմ քեզ ստեղծագործական կյանքի նորանոր ձեռքբերումներ:
Շնորհակալ եմ նաև ձեզ:
—————————
Ու նրանցից, ովքեր ինձ չեն գրում
Քո չգրածն ամենաերկարն է,
Ու նրանցից, ովքեր ինձ չեն գրկում
Քո չգրկածն ամենաամուրն է,
Ու նրանցից, ովքեր ինձ հետ չեն
Քո հեռուն ինձ ամենամոտն է,
Ու նրանցից, ովքեր ինձ մոռացել են
Քո չհիշելն ամենացավոտն է,
Ու նրանցից, ովքեր ինձ լքել են
Քո թողնելուց հետո ամենաանտերն եմ
Ու նրանց ում ես սպասեցի
Դու այն միակն ես ում դեռ սպասում եմ։
—————————
Դու իմն ես, ու իմը չես
Այս խենթ աշխարհում ես գտա քեզ,
Երբ արդեն կորցրել էի:
Դու այն մոտիկ հեռուն ես,
Որ ամեն օր գալիս է անպայման,
Բայց չի հասնում իր հանգրվան:
Դու այն կես բաժակ ջուրն ես,
Որ ո՛չ խմելուց, ո՛չ էլ չխմելուց միևնույն է չեն հագենում:
Դու կյանքիս կես կատակ, կես լուրջն ես,
Որ չգիտես լացես թե խնդաս,
Թե լացելու չափ խնդաս:
Դու ճամփիս կիսատ կամուրջն ես,
Որ պիտի անցնեմ ու ընկնեմ վհատ,
Բայց չանցնելն էլ անհնար է հաստատ:
Դու կյանքիս ուշացած կեսն ես,
Որ պետք էիր ու պետք չես էլ բնավ,
Ինչպես ափը կորցրած մի խև նավ:
Դու այն հեռու մոտիկն ես,
Որ ամեն օր կողքիս ես,
Բայց անհայտ է, թե ուր ես:
Դու իմն ես ու իմը չես,
Այս մեծ աշխարհում դու կաս
Եվ գուցե այդքանն էլ հերիք է, որ ապրեմ ես:
Արմինե Մուրադյան

———————————————-
Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)

———————————————————————————————
«Օնլայն Ռադիոյի» անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
———————————————————————————————

Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Սոնա Վանյան

Տես նաև

www.onlineradio.am eritasard-groghner-armen-mkheyan

«Երիտասարդ գրողներ». Արմեն Մխեյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am eritasard-groghner-arlen-shahverdyan

«Երիտասարդ գրողներ». Առլեն Շահվերդյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am hamagortsakcutyan-avart-egga

«Օնլայն Ռադիոն» դադարեցնում է ԵԳԳԱ-ի հետ համագործակցությունը

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան