www.onlineradio.am serj-02

«Ապահով» Հայաստանի փախստականները

Սա հեղինակի կարծիքն է:
Եթե որևէ մեկը համաձայն չէ հեղինակի հետ՝ պատրաստ ենք հրապարակել նաև նրա կարծիքը
_______________________________________________________________
Ես Լուսինե Վայաչյանն եմ
՝ փախստական «ապահով» Հայաստանից:
Ես ձեզ կներկայացնեմ հայաստանցի փախստականների այն իրական պատմությունները, որոնցով նրանք ներկայացել են ապաստանի հայցերը քննարկող Ֆրանսիայի Փախստականների ու Ապատրիդների (քաղաքացիություն չունեցող անձանց) Պաշտպանության Գրասենյակ (OFPRA): Կներկայացնեմ այնպես, որ նրանց ինքնությունը հնարավորինս գաղտնի մնա: Նրանք Հայաստանում ունեն հարազատներ, որոնց կարող են հետապնդել ու ճնշել տեղի քրեաօլիգարխիկ, կոռումպացված, դրածո իշխանությունները:
Որպես հիշեցում ասեմ.
1995 թվականի ընտրությունները կեղծելուց, Լևոն Տեր-Պետրոսյանին խաղից հանելուց և հոկտեմբերի 27-ի պառլամենտի տեռորից՝ Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին սպանելուց հետո իշխանության եկած ԿԳԲ-ի դրածո, կոմսոմոլ ու պարտիական դպրոց անցած Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում տնտեսական և ֆինանսական միջոցները «բաժանեց» հանցավոր անցյալ ունեցող մի քանի յուրայինի, այսինքն՝ հեշտ ղեկավարելի «ցեխավիկի» կարգավիճակի անհատների, ովքեր էլ կազմում են այսօրվա հայաստանյան քրեաօլիգարխիկ համակարգի հիմնասյուները:
Դրանցից մեկը Սամվել Ալեքսանյանն էր, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Լֆիկ Սամո»:
Այսօր Սամվել Ալեքսանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է: Փոքր բիզնեսում նրա հետ մրցակցությունն ուղղակի անհնարին է. ոչ թե շուկայական մրցակցության պայմաններ են, այլ օլիգարխի մենաշնորհ, որ աջուձախ իր մանր մրցակիցների ձեռքից բիզնեսներ է խլում:
Իմ այս պատմությունը մի փախստական Հայմարդու (անունը՝ պայմանական) պատմություն է, որ ապրել է Հայաստանում: Քաղաքականությունից բան չի հասկացել, չի խորացել՝  ինչպես շատերը: Աշխատելով Սամվել Ալեքսանյանի մոտ՝ ընտանիքի ապրուստն է հոգացել: Այս պատմությունը նա ինձ պատմել էր դեռ 2012թ.-ին՝ Երևանում, պառլամենտական ընտրություններից հետո: Այդ ժամանակ ես պատրաստվում էի շտապ հեռանալ Հայաստանից` Ֆրանսիայում ապաստան խնդրելու: Երիտասարդն ապրում էր Հայաստանում, և այդ հրապարակումը կարող էր վնասել նրան: Նյութը չհրապարակվեց: Այսօր այդ երիտասարդը փախստական է:

Ներկայացնում եմ 2012թ.-ի նրա պատմածը.
«Ես կեղտոտ պատմության մեջ եմ ներքաշվել, սիրտս ճաքում ա, խիղճս տանջում ա, ուզում եմ պատմեմ, որ մարդիկ իմանան: Ես «Լֆիկի» համար ձայներ եմ առել: Ուրեմն, նախ ասեմ, որ աշխատում եմ «Լֆիկի» մոտ՝ առաքիչների վրա գլավնին եմ: Աշխատածս ապրուստիս հերիքում էր, ու չէի մտածում, որ ստիպված կլինեմ իրա համար ձայներ հավաքել:
Կյանքը ստիպեց: Հերս ծանր հիվանդ ա էս պահին՝ սրտի հետին պատը բարակել ա, ինֆարկտի նշաններ են մոտը: Տարանք ՆորքՄարաշի սրտաբանական հիվանդանոց, ասին՝ վիրահատել ա պետք, որն արժի 1.8 մլն. դրամ (մոտ 4 հազ. եվրո): Հետո լսեցինք, որ «ՄալաթիաՍեբաստիա» բժշկական կենտրոնում, որը Լֆիկինն ա, ընտրություններին ընդառաջ բարեգործական օպերացիաներ են անում: Երբ դիմում ես, հետն էլ մի բան ես անում իրա համար ընտրությունների թեմայով՝ ձայներ ես հավաքում, մարդիկ ես համոզում, էն մարդկանց պասպորտի քսերոքսներն ես բերում, որ իրան են ընտրելու (42 հոգի), ընտրություններից հետո վիրահատությունը յանի թե անում են:
Սկզբում գնացի շեֆիցս գումար խնդրեցի պարտքով՝ հորս վիրահատության համար: Լսածս հաստատեց, ու ասեց, որ փող պետք չի՝ կանեն «Մալաթիայում»: Դա մենակ կարա լինի ընտրողների ձայներ առնելով: Շատ դժվար էր իմ համար գնալ էդ քայլին, որովհետև ես մաքուր էի ուզում ապրել: Բայց հորս փրկելու համար գնացի էդ քայլին:
Ուրեմն սենց ա. գնում էինք, օրինակ՝ Բ2 թաղամաս՝ «Արսեն» համատիրություն (ԺԷԿ), վերցնում էինք էդ համատիրության բնակիչների ցուցակը. համատիրության պետը, բնականաբար, հանրապետական էր: Հետո գնում էինք տնետուն, դռները թակում ու 5.000-10.000 դրամ, կամ տեղը «Լֆիկի» արտադրած ու ներմուծած սնունդն առաջարկում էդ մարդկանց՝ իրանց ձայների դիմաց, ագիտացիա էինք անում ու պասպորտների քսերոքսները վերցնում: Ովքեր փաստացի ապրում էին էդ բնակարանում, գրանցված էին ու ընտրող էին, նրանք պետք ա ընտրելուց հետո հեռախոսով նկարեին իրանց դրած «պծիչկեն»: Դրանից հետո նոր ստանում էին գումարը կամ սնունդը: Արխային էինք, որ չեն խաբի, որովհետև ոչ մեկ ռիսկ չէր անի՝ էդ իրա տարածքն ա: Ընդեղ ինքը, ոնց գիտես, թագավոր ու Աստված ա:
Երբ անցանք էդ սաղ շենքերով, պարզվեց, որ էդ կվարտալի բնակչության մոտ 35 տոկոսը բացակա էր Հայաստանից: Բացակաների անունները ներկայացրեցինք օֆիս: Իրանք պասպորտներ էին տպում էդ մարդկանց անուններով, որ հետո «կառուսել» անեն:
Կառուսելը, ուրեմն, սենց ա. ՄալաթիաՍեբաստիա համայնքի 8 թաղամասերից բոլոր «Լֆիկի վկաներին», նաև իրանից կախված ինչքան աշխատող կա, նախ հավաքում են մի տեղ՝ ՄալաթիաՍեբաստիայի ֆուտբոլի դաշտերում, որն էլի իրա սարքածն ա: Հետո նստացնում են հ.70 ու հ.78 մարշրուտկեքը՝ դրանց գծատերն էլ ա ինքը, ու տանում ընտրատարածքներով ֆըռռցնում են՝ տարբեր պասպորտներով տարբեր թաղամասերում ընտրել տալիս: Քանի որ ընտրատարածքները հիմնականում դպրոցներում ու մանկապարտեզներում են, որոնց տնօրեններն անպայման հանրապետական են, ոչ մեկ սկի չէր էլ նայում: Իսկ էդ վստահված անձինք ու եվրադիտորդները ոչ մի բան սկի չէին էլ կարա հաստատեին, որովհետև մարդը իրա պասպորտով, իրա նկարով էկել ա ընտրի: Մոտ 14 հազ. «մեռած հոգի» ա ընտրել էդ «կառուսելով»:
Ընտրատարածքները վեր էին ածել խորովածանոցի՝ սոված մասսան հարձակված ուտումխմում էր իրա լափն ու արաղը: Էլ ի՞նչ «նաբլյուդածել», ի՞նչ վստահված անձ: Վստահված անձն էլ, թե թփրտար՝ «Լֆիկի» ախրանայով վախացնում էին, թե՝ ընտրություններից հետո իրանց համար հաստատ լավ չի լինելու: Դե, Դոդենց հետ ախպեր են. նրանց վստահված անձինք իրանց համար խելոք կագնում էին, որովհետև իրանք էլ իրանց տարածքում Դոդին էին անցկացնում: Սենց ասած՝ կիսել էին ընտրատարածքները:
Մի բան էլ ասեմ. ձևական ցույց տալու համար, որ էս մարդուն ընտրել էն ոչ թե ընտրակաշառքով, այլ իրա արած «բարի գործերի» դիմաց, ընտրություններից առաջ մեզ էլ էր ստիպում մոշնի թափով բակերում՝ լույսեր, բիսեդկեք, նստարաններ, խաղահրապարակներ սարքել տալ, էրեխեքին միանման գնդակներ բաժանել, ու էլի տենց բաներ:
Ինչ երկարացնեմ, ինձ խաբին: Հորս տենց էլ օպերացիա չարին: Տվին մի հատ անկապ «Նատալի Ֆարմի» 15 տոկոսի զեղչի քարտ, որը ոչ մի բան ա՝ հորս ոչ թե դեղեր են պետք, այլ օպերացիա:
Մի ամիս ա անցել: Հորս չկարեցա օգնեմ՝ ոնց կար, տենց էլ վատ ա: Ես էլ հիմա ընգա կեղտոտ գործի մեջ: Հիմա էլ ո՞նց ապրեմ էս բեռով՝ չգիտեմ: Ես էս ձև չէի պատկերացնում՝ էս աստիճանի սրիկայություն սաղի հանդեպ: Սաղ գժված են: Մենակ ինձ չի խաբել, է: Մեկին, որ իրա համար ավելի մեծ բաներ ա արել, մոտ 7.000 դոլարանոց Նիվա ա խոստացել ու չի տվել: Ընկերոջս, ում հետ էս ամենն արել ենք, յանի պիտի օգներ հողատարածքներ սեփականաշնորհի: Մի խոսքով, սենց անդուր պատմություն: Հիմա ուզում եմ դուրս գամ դրա մոտից: Հինգ տարի ա ստեղ եմ: Էնքան կեղտ եմ տեսել՝ էլ չեմ դիմանում: Էս պահը ոնց որ խղճիս ծանրացել ա: Հաստատ դուրս եմ գալու»:

www.onlineradio.am haymard

Հայմարդը դուրս եկավ աշխատանքից և ընկերոջ հետ սեփական բիզնես հիմնեց՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ոլորտի մի ապրանքի առաքում, որը սակայն նրանը չէր: Տեղեկանալով՝ Սամվել Ալեքսանյանի մարդիկ, ինչպես շատշատերին, պարտքեր կուտակելով, սպառնալիքներով բիզնեսն առան ձեռքից: Երիտասարդը՝ կնոջն ու երեխաներին փրկելու համար, ընտանիքով դարձավ փախստական:
Ապաստանի հայցման ամբողջ ընթացքում նրա ընտանիքը զրկված է որևէ սոցիալական օգնությունից, քանի որ Հայաստանը համարվում է ապահով երկիր: Որովհետև այդպես են ներկայացնում իշխանությունները: Որովհետև հայաստանցի փախստականն ի սկզբանե ստում է, որովհետև Հայաստանում իբրև թե պաշտպանվում են մարդու իրավունքները, իբրև թե դեմոկրատիա է, քաղցկեղ են բուժում, հոմոֆոբիա չկա, չկա ընտանեկան ու սեռական բռնություն, ու դրա համար կա համարժեք պատիժ: Իբրև թե մարդը պաշտպանված է պետության կողմից: Այնինչ Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանություններն ամեն ինչ անում են, որ հայ մարդուն դարձնեն ստրկամիտ, կախյալ ու հեշտ ղեկավարելի: Մնացածին էլ՝ մարգինալացնեն ու ստիպեն փախստականի ցուպը բռնել:
Եվրոպան էլ ասում է. «Խաբում եք, ապահով եք», ու սոցիալական դիսկրիմինացիայի արդյունքում Հայմարդու վիճակը վատ է, քան ռուսաստանցու կամ սենեգալցու:
PS. — Օրեր առաջ Հայմարդու հայրը մահացավ՝ այդպես էլ չստանալով իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունը: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում:
Ու թող ոչ ոք չասի, թե իր հետ նման բան չէր կարող պատահել:

«Ապահով» Հայաստանի փախստականները (Ֆրանսերեն տարբերակ)

Հեղինակը՝ Լուսինե Վայաչյան

Տես նաև

www.onlineradio.am eteracanc

Եթերացանց

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանն սկսել է «Իմ քայլը» քայլարշավը Գյումրիից

(+374)99725370 OnlineRadio.am

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարման դեմ

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան