(+374)99725370 OnlineRadio.am

Festival de musique baroque d’Ambronay (2013)

Սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 6-ը Ամբրոնեյում նշվում է բարոկկո երաժշտության փառատոնը: Ամբրոնեյը (Ambronay) ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող մի փոքրիկ համայնք է, որը պատկանում է Ռոն-Ալպ տարածաշրջանին: Տեղի բնակիչներին անվանում են ամբրունուա կամ ամբրունուազ (Ambrunois, Ambrunoises):
Գյուղն օտարերկրացի այցելուին հիացնում է փարթամ ու մշտադալար կանաչով: Կյանքն Ամբրոնեյում չափազանց հանգիստ է՝ իր համեստ առևտրային կետերով. ծխախոտի մեկ փոքրիկ խանութ, մեկ գեղեցկության սրահ և մեկ դեղատուն՝ չհաշված մեկ-երկու բար-սրճարանն ու ռեստորանը, որոնք գրեթե միշտ դատարկ էին կամ փակ: Խանութն ու գեղեցկության սրահն էլ գործում էին եզակի օրերի: Առևտրային հիմնական կետերը գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող քաղաքում են:
Երևի հենց այս հանգամանքներն են ստիպում տնտեսապես ակտիվ բնակչությանը լքել գյուղը՝ հաստատվել կամ աշխատանք գտնել Լիոնում և Ֆրանսիայի այլ քաղաքներում: Այսօր գյուղում բնակչության թիվը հասնում է 2245-ի:

Ամբրոնեյը հատկապես ֆրանսիացիներին հայտնի է հնագույն պատմությամբ հարուստ 8-րդ դարում հիմնված «Սուրբ Աստվածածին» «L’abbaye Notre-Dame d’Ambronay» եկեղեցով, որը գոթական ճարտարապետության մասնիկներով ներկայացնում է 10-րդ, 13-րդ և 15-րդ դարերը:

1980թ.-ին «Արվեստ և Երաժշտություն» ասոցիացիան ստեղծեց Ամբրոնեյի փառատոնը՝ նվիրված հնագույն և բարոկկո երաժշտությանը: Հենց այս կաթոլիկ եկեղեցու տարածքում էլ 2003թ.-ից սկսած հաստատվեց «Մշակութային հանդիպման կենտրոնը» (“Centre culturel de rencontre), որը դարձավ համերգների, կոնֆերանսների և ցուցադրումների վայր:

Այս տարի, սեպտեմբերի 13-ից Ամբրոնեյի մշակութային կենտրոնում արդեն 34-րդ անգամ ապաստան ստացան աշխարհահռչակ բարոկկո երաժշտության ջատագովները: Ավանդույթ դարձած փառատոնի շրջանակներում 15 օր կյանքն աշխուժանում է «մերքանտիլ» աշխարհից մեկուսացած Ամբրոնեյի վանք-մենաստանում, բացօթյա ծառաշատ անտառներում և վրան-համերգասրահում, ինչպես նաև՝ մերձակա գյուղերի գոթիկ եկեղեցիներում:
Ամբրոնեյի Մշակույթի Հանդիպման Կենտրոնն իր 34-րդ թողարկմամբ տոնում է հնագույն երաժշտությունը՝ մի ծրագրի հետ համատեղ, որը երազանքի պաստառ է: Այն նույնպես գեղեցիկ առիթ է շուքով նշելու «Եվրոպական բարոկկո ակադեմիայի» ստեղծման 20-ամյակը:

2013թ.-ի փառատոնը տեղի ունեցավ «Երազանքների մեքենա» (Machine à rêves”) խորագրի ներքո:

Գոթական ճարտարապետության եզակի մոնումենտալ կառույցների և բարձրագույն արվեստի նման նախագծի սինթեզման մշակումը տարածում գտավ փառատոնի շուրջ: Հնագույն երաժշտության ակորդները խաթարում էին Ամբրոնեյի աստվածային լռությունը՝ այն երեք շաբաթ շարունակ ազդարարելով բարոկկո երաժշտության եվրոպական կենտրոն: Եկեղեցու ակուստիկան, հնագույն երաժշտական գործիքների, արտիստների ձայների սոպրանոն, տենորը և բասը հանդիսատեսին մի քանի ժամ կտրում էին իրական աշխարհից ու տեղափոխում դեպի 16-17-րդ դարեր:

Լիոնից, ինչպես նաև` ֆրանսիայի այլ քաղաքներից և տարբեր երկրներից ժամանած հանդիսատեսը և լրագրողները յուրաքանչյուր օր հնարավորություն ունեցան երեքից ավել համերգ վայելելու տարբեր երկրներից ժամանած երաժիշտների, երգչախմբերի և կատարողների մատուցմաբ հնագույն և բարոկկո երաժշտության ստեղծագործությունների գեղեցիկ ընտրանին՝ Անտոնիո Վիվալդի, Մարկ Անտուան Շարպանտիե, Կլոդիո Մոնտեվերդի, Մոցարտ, Բախ, Հենդել…

Փառատոնի ծրագիրը շատ բուռն էր և ընտրության մեծ հնարավորություն էր տալիս բարոկկոյի երկրպագուներին. երաժիշտների ու դերասանների կողմից վերապատրասման դասեր, բացօթյա ջազային իմպրովիզացիաներ, բանդոնիոնի արգենտինյան հնչյուններ, կիթառի և հունական պոեզիայի միաձուլումից ստեղծաված հրաշալի երգացանկ, հնագույն գործիքների կախարդական նվագակցության ներքո հրաշալի մեկնաբանումներ…

Լիոնի Օպերայի դահլիճում փառատոնի շրջանակներում հանդիսատեսը առիթ ունեցավ վայելելու Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» կոմիկական օպերան՝ ֆրանսերեն թվայնացված ենթագրերով: Հատկապես ֆրանկոֆոն հանդիսատեսին հայտնի դիրիժոր René Jacobs-ը, որն արդեն 10 տարի Փառատոնի հավատարիմ մասնակիցն է և հայտնի է Մոցարտի օպերայի իր յուրովի մեկնաբանություններով, այս անգամ նույնպես այն նորովի ներկայացրեց՝ ղեկավարելով Ֆրիբուրի (Fribourg) բարոկկո նվագախումբը և Լիոնի Օպերայի նորաստեղծ երգչախմբի համերգը, որոնց կատարումները յուրահատուկ միաձուլում էին ստանում օպերային երգիչների խաղին:

Բարոկկոյի դարաշրջանը պատմության ամենահուզումնալից, էմոցիոնալ եւ կոնտրաստային շրջանն է: Լիարժեք էմոցիան արտահայտվում է ոչ միայն ձայնով ու երգեցողությամբ, այլև՝ դերասանության, թատրոնի և երգի, ինչպես նաև՝ հնագույն երաժշտական գործիքների հնչյունների միաձուլմամբ, ինչն ակնհայտ էր Ամբրոնեյի բարոկկո երաժշտության փառատոնում:

Պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը

Հեղինակը՝ Ռուզան Պետրոսյան

Տես նաև

www.onlineradio.am eteracanc

Եթերացանց

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am Joe-Biden-2021

Ջո Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am Mtorumner-bnutyan-masin-Karen-Apoyan

Մտորումներ բնության մասին… Կարեն Ափոյան

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան