«Գեղեցիկ գրել՝ նշանակում է միաժամանակ գեղեցիկ մտածել, գեղեցիկն զգալ ու գեղեցիկ արտահայտվել: Այսինքն, հավասար չափով տիրապետել խելքին, հոգուն ու ճաշակին» — Բյուֆոնի այս խոսքերը լավագույնս բնորոշում են մեր այսօրվա հյուրին: Նա, թեև երիտասարդ է, բայց արդեն իսկ բազմաթիվ գրքերի հեղինակ է: Ստեղծագործում է թե արձակ, թե չափածո ժանրերում: Գրում է նաև հոդվածներ և էտյուդներ: Ծանոթ լինելով նրա պոեզիային՝ կարող եմ փաստել, որ ձևավորվում է անչափ նուրբ, քնքուշ և ինքնատիպ գրող:
Մեր հյուրն է երիտասարդ ստեղծագործող, բանաստեղծ և արձակագիր Առլեն Շահվերդյանը:
Բարև, Առլեն:
Բարև:
Շնորհակալ եմ, որ ընդունեցիր մեր հրավերը: Կխնդրեմ, որ մի քանի բառով պատմես, թե ինչպե՞ս գրվեցին առաջին ստեղծագործություններդ:
Դրանք բանաստեղծություններ էին: 1990-ականներին, երբ դեռ ժամանակի գործիքարանը, տեղեկատվական տեխնոլոգիաները, սոցիալական մեդիան այդչափ զարգացած չէին, կար միայն հրատարակվելու հնարավորություն: Այդ ընթացքում հրապարակվել եմ՝ հրատարակելով մի քանի բանաստեղծություններ և մեկ ժողովածու:
Ի՞նչ մասնագիտություն ունես:
Մասնագիտությամբ հոգեբան եմ:
Ըստ քեզ, գրող դառնալու համար որքանո՞վ է կարևոր մասնագիտական կրթությունը: Քո մասնագիտությունը քեզ որքանո՞վ է օգնում:
Յուրաքանչյուր մասնագիտություն իր յուրատիպ հետքը թողնում է: Դա իր արտացոլումը գտնում է գրողի գրական ճաշակի և աշխատանքները հնարավորինս ինքնատիպ մատուցելու հնարավորության վրա:
Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը:
Շատ առողջ: Երբեմն նույնիսկ ինքս եմ ցանկանում քննադատական խոսք լսել: Քննադատական՝ ոչ թե որևէ բան խաթարելու կամ հուսալքելու իմաստով, երբեմն՝ նաև անտեղի վատաբանելու առումով, այլ քննադատություն, որը կառուցողական է, սրտացավ և ողջամիտ: Քննադատություն, որն ստիպում է մտածել, հետևություններ անել: Ցավոք սրտի, այդպիսի քննադատության հազվադեպ եմ արժանանում, բայց շատ եմ ուզում: Երբեմն ուրախանում եմ, որ այդպիսի քննադատություն է լինում: Նման քննադատությունն է միայն, որը որոշակիորեն, չակերտյալ նոր «տրամպլին» է որևէ նոր արգելք հաղթահարելու համար:
Քանի՞ գրքերի հեղինակ ես:
Եթե թվարկեմ հրատարակվածները, ապա թվով արդեն հինգ-վեց գրքերի հեղինակ եմ: Մնացած տասն էլեկտրոնային են, որոնք նույնպես գրանցված են որպես գրքեր և ունեն բավական լայն տարածում:
Ինձ հետաքրքրեց քո գրքերից մեկի վերնագիրը «Լռության գինը»: Բավականին խոսուն վերնագիր է: Կյանքում հաճախ շատ թանկ ենք վճարում մեր լռության դիմաց: Կխնդրեմ պատմես այս ժողովածուի մասին. ինչպիսի՞ ստեղծագործություններ են ներառված և ինչպե՞ս եղավ խորագրի ընտրությունը:
Առհասարակ, շատ մեծ ուշադրություն եմ դարձնում վերնագրերին: Հավանաբար դրա վրա իր հետքը թողել է հեռուստալրագրության փորձառությունս: Վերնագիրն առաջին հրավերքն է ընթերցողին դեպի այն գրական աշխարհը, որը փորձում ես հրամցնել նրան: «Լռության գինը» մի ժողովածու է՝ երկու վիպակից կազմված, երկու երևույթների ու մեզանում առկա շատ կարևոր հարստությունների և դրանց պահպանության երբեմն մեր անթույլատրելի լռության մասին: Երբ անտարբեր ես և լռում ես երևույթի նկատմամբ, ապա այդ լռությունը շատ հաճախ ունենում է շատ ցավալի և մեծ գին:
«Ապրելու իրավունք». այսպես է կոչվում քո գրքերից մեկը: Այստեղ ինչպիսի՞ ստեղծագործություններ են ներառված:
Եթե ցիտեմ գրախոսներից մեկի գնահատականը. «դա ֆունդամենտալ, հետազոտական, գեղարվեստական, գիտական աշխատություն է»՝ նվիրված «առյուծ» կենդանատեսակին. ոչ միայն նրա կենսաբանական, ծագումնաբանական ուսումնասիրության առումով, այլև առյուծի դերն ու նշանակությունն աշխարհի բոլոր ազգերի դավանաբանության, զինանշագիտության, պատմամշակութային ժառանգության մեջ: «Ապրելու իրավունքը» դարձյալ ընդգծում է բոլոր կենդանի արարածների՝ մարդու հետ հավասար Երկիր մոլորակի վրա ապրելու իրավունք ունենալու խնդիրը և մատնանշում այն կարևոր հանգամանքը, որ մարդը մոլորակի վրա միայնակ չի ապրում, Երկիրը հարուստ է իր կենսաբազմազանությամբ, և յուրաքանչյուրն ունի ապրելու իրավունք: Առանձնակի հպարտությամբ ու գորովանքով եմ խոսում այս գրքի մասին, որովհետև կարճ ժամանակում ոչ միայն լայն տարածում գտավ և սիրվեց, այլև, հուրախություն ինձ, այն նաև գրանցվեց աշխարհի մի շարք գրադարաններում: Ինձ շատ հաճելի էր իմանալ, որ, բացի մեր առաջատար գրադարաններից, այն ամրագրվեց և գրանցվեց նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Այս գրադարանն աշխարհի ամենամեծ գրապահոցն է և այնտեղ գրանցված գրքերը համարվում են մարդկային ժառանգություն: Ինձ շատ շոյիչ էր: Կոնգրեսի գրադարանի վկայագրում, որն ուղարկել են ինձ, նշված է. «Հետաքրքիր է, որ Հայաստանում արվել է նմանատիպ հետազոտություն»: Այս գիրքս շուրջ տասը տարիների երկարատև ուսումնասիրությունների արգասիք է:
Կա՞ քեզ համար որևէ թեմա, որի մասին երբեք չես գրի:
Այո: Կարող եմ մատնանշել ոլորտ, որն ինձ խորթ է և դրանով չեմ զբաղվում, դրա մասին չեմ գրում: Դա քաղաքական ոլորտն է: Ոչ թե, որ համարում եմ այնտեղ գրելու բան չկա, այլ ուղղակի դա իմը չէ: Այն, ինչն իմը չէ, աշխատում եմ հանձն չառնել, որովհետև այդտեղ ինձ չեմ զգում այնքան անկեղծ ու ազատ, որքան որ այլ ոլորտներում:
Եղե՞լ են դեպքեր, երբ ինքդ քեզ դարձնես ստեղծագործության հերոս:
Հետաքրքիր հարց: Իմ շատ պատմվածքներ գրված են առաջին դեմքով: Ինչո՞ւ: Ինձ թվում է, որ ստեղծագործություններիս անկեղծության գրավականներից մեկը նրանում է, որ այն անպայման անցնում է հեղինակի պրիզմայով և դա ներկայացնում եմ այն նախապես ապրվելուց հետո: Ստացվում է այնպես, որ առաջին դեմքով ստեղծագործելիս ուղիղ երկխոսության մեջ եմ մտնում ընթերցողի հետ: Երբ երրորդ դեմքով եմ ստեղծագործում, ինձ մոտ տպավորություն է լինում, որ իմ ստեղծած սյուժեն դիտում եմ կողքից: Առաջին դեմքով ստեղծագործելիս շատ սերտ շփում և հարաբերություն է ձևավորվում ընթերցողի հետ: Քանի որ ընթերցող-հեղինակ կապն անմիջական է դառնում. մարդուն անմիջապես տեղադրում ես այն իրադարձության և զարգացումների մեջ, որը որ ցանկանում ես:
Գիտեմ, որ սիրում ես նաև նկարել: Գրչով, թե՞ վրձնով է ավելի հեշտ կերտել կերպարներ:
Դեռ դպրոցական տարիքից թե դասարանի, թե դպրոցի շարադրությունների, եթե կատակեմ (խմբ.-ժպտում է), տիրակալ էի: Կարելի է ասել, որ նկարագրական ոճը նկարելու և նաև տեսածը գրչով գեղարվեստորեն նկարագրելու հակումը միշտ եղել է: Առհասարակ, նկարում եմ ազատ ժամանակ: Իրերին և երևույթներին ստեղծագործաբար նայելը մշտապես է: Եթե այդ պահին այն իր արտահայտումը գտնում է գրչի միջոցով, դառնում է գրական ստեղծագործություն: Նկարում եմ, թեպետ, փոքր տարիքից, բայց, ցավոք, ավելի հազվադեպ, քան գրում եմ:
Եղե՞լ են դեպքեր, երբ միտքը, գաղափարը հասունանա չափածոյի ժանրում, սակայն հետագայում վերածես արձակի:
Եղել են այդպիսիք: Բայց, որպես կանոն, չափածո ստեղծագործությունն իր արտահայտումը գտնում է հենց չափածոյում, արձակը՝ արձակում: Ինչո՞ւ: Ըստ իս, չափածո ստեղծագործությունն իր մեջ պարունակում է որոշակի մեղեդայնություն: Սիրում եմ ազատ ժամանակ նվագել, երգեր եմ գրում: Համոզվել եմ, որ բանաստեղծության հանգավորվածության մեջ ազատականություն վայելելու շնորհը շատ անգամ ապահովված է լինում երաժշտականության զգացողությունով և երաժշտական լսողության ունակությամբ: Մեղեդայնության տարբերություն կա: Տվյալ դեպքում խոսքը չափածոյում տակտի, ռիթմի զգացողության մասին է: Բացի այդ, հանգերի և դրանք զգալու, ճիշտ օգտագործելու մեջ է: Երաժշտություն լսող և արարող մարդու պարագայում իր իսկ կողմից արարված բանաստեղծությունը շատ ավելի մեղեդային է, քան երաժշտությունից հեռու մարդունը: Դա, իհարկե, չի նշանակում, որ երաժշտական ընկալում չունեցող կամ քիչ ունեցող բանաստեղծը վատ բանաստեղծ է: Պարզապես, այս դեպքում ուրվագծվում են ոճային տարբերությունները և մեղեդայնության շատի ու քչի առկայությունը բանաստեղծության մեջ:
Քո խոսքից կարելի է ենթադրել, որ հանգը բանաստեղծության կերտման արվեստում բավականին լայն տեղ է գրավում: Բանաստեղծության կերտման արվեստում ուրիշ ի՞նչ չափանիշներ ունես:
Չափանիշի փոխարեն կասեի նախապայման: Բանաստեղծության համար անհրաժեշտ է սիրտ, միտք, աշխարհը և շրջապատող իրերն ու երևույթները գեղարվեստորեն ընկալելու և այն նույնքան գեղարվեստորեն արտահայտելու ունակություն: Երբեմն խոսում են, որ մուսան եկավ, մուսան գրեց: Հավատացնում եմ ձեզ. մուսան միշտ գալիս և նստում է այն մարդկանց ուսին, որոնք ժրաջան ու աշխատասեր են իրենց իսկ այցելած այդ մուսան կյանքի կոչելու: Եթե մուսան մի անգամ նստում է ծույլի ուսին, հաջորդ անգամ այլևս այդ ուսին չի նստում: (խմբ. – ժպտում է)
Շնորհակալ եմ գեղեցիկ և անկեղծ զրույցի համար: Այն նաև սկսնակ գրողների համար ուղղորդող ազդեցություն կունենա:
Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերքի համար:
Պետք է ողջունեմ. տեսնում եմ այն հարթակում, որ ստեղծել և կազմակերպել եք, շատ հետաքրքիր, տաղանդավոր և խոստումնալից անուններ: Ինքս էլ ազատ ժամանակ հաճույքով հետևում եմ և ուրախանում՝ տեսնելով հետաքրքիր մոտեցումներով և լուծումներով, նաև՝ ինքնատիպ մտքի շարադրանքներով երիտասարդների: Դա ոգևորող է, ուրախացնող: Այն գրականությունը, որով որ հաճախ սիրում ենք հպարտանալ, վստահ եմ, որ լավ ձեռքերում է: Ժամանակի ընթացքում ժամանակի բովով անցնելուց հետո հաստատ կունենանք այնպիսի անուններ, որոնք որ մեր անցյալի գրական վիթխարի ժառանգության արժանի կրողներն են:
Ի՞նչ կարևոր խորհուրդ կհղեք սկսնակ երիտասարդ ստեղծագործողներին:
Խորհուրդ կտամ սիրել. սիրել այն ամենն, ինչ անում են՝ աշխարհը, կյանքը, գեղեցիկը, մարդկանց, շրջապատող աշխարհը, միջավայրը: Ամեն բան անել սիրով: Իմ խորին համոզմամբ, ստեղծագործողը միայն մարդը չէ, որն արվեստի որևէ գործ է ստեղծում: Մեզանից յուրաքանչյուրն ստեղծագործաբար ապրում է, եթե էությամբ ստեղծագործող է: Դա կարող է լինել մարդկային հարաբերությունների մեջ, սովորական շփման, աշխարհի և իրերի, երևույթների հետ հարաբերման տիրույթում: Եթե մարդն իր էությամբ ստեղծագործող է, անում է այն, ինչ սիրում է, և սիրելով է անում, ուրեմն վստահ եմ, որ արդեն իսկ գործի կարևոր մասն ապահովված է:
Շնորհակալություն, Առլեն:
Ես էլ եմ շնորհակալ:
Գարուն եմ պահում ձմռան քողի տակ
Գարուն եմ պահում ձմռան քողի տակ, սառցե ճամպրուկով վարդեր եմ տանում,
Լուսե արևի պայծառ սկուտեղը փայլեցրել եմ ես ձյունեթել սաթով,
Տաք է իմ հոգում, թեև ձմեռ է ու ձյունաշաղաղ քամին է բանում
Եվ արեգակի լույսերը ծախում փաթիլից ձուլված մի բուռ արծաթով:
Գարուն է հոգուս ծովափին լազուր, սրտիս ափերը սառույց են կոտրում,
Սառած ձեռքերով սրբում եմ կամաց ձյունածածկ լեռան գագաթնատունը,
Հոգուս ջերմությամբ հալոցք եմ բերել սառցադաշտերի ոգուն անկոտրում
Ու արեգակի շողերով խաբել հավերժող ձնի վստահությունը:
Ծաղկունք է սրտիս բացատում զվարթ, եռուն թիթեռներ՝ սառցե հարսնյակում,
Գարնան երգեցիկ թռչնի երգերով հալչում են սառած նոտաները ծով,
Այնպե՜ս եմ ուզում փարվել ձմռանը, իմ գարուն հոգով իր դուռն եմ թակում,
Որ իմ ջերմությամբ տաքացնեմ նրան, պարուրեմ ծաղկած հոգուս հանդեսով:
Տիեզերքը ինչ-որ թաքուն դուռ է բացել…
Տիեզերքը ինչ-որ թաքուն դուռ է բացել,
Ինչ-որ պատկեր՝ անձեռակերտ ու աստղածին
Եվ այնպե՜ս եմ այդ պատկերով ես հիացել,
Որ շարունակ նայում եմ ես տիեզերքին անծայրածիր:
Նայում եմ ու թևածում եմ իմ մտքերով աստղաշաղախ.
Երկնի անհուն սևը մթին խորհրդավոր մտաբեր է,
Աչք չեմ կտրում պատկերներից, որ թվում են անշարժ ու պաղ,
Բայց նրանցից ամեն մեկը մի լուսեղեն առասպել է:
Եվ նայում եմ, թե ինչպես է աստղը աստղին աչքով անում
Մութ ու հսկա մարտադաշտի իր զբաղեցրած հենակետից,
Մեկը ճերմակ լույս է ցողում, իսկ մյուսը՝ կարմրանում,
Մեկը, կարծես, մարում է լուռ, իսկ մյուսը՝ շողում նորից:
Նայում եմ ու հոգուս խորքում աստղի նման վառվում եմ ես
Սերն ու բարին քարոզելու նվիրական իմ ջանքերով,
Մութ երկնքի բյուր «կայծոռիկ» հուշում են ինձ հիմա, կարծես,
Որ իմ ընտրած ճանապարհը ճշմարիտ է ու կարևոր:
ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
————————————————————-
Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)
————————————————
«Օնլայն Ռադիոյի» անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
———————————————————————————————
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից