«Օնլայն Ռադիոյի» եթերում իր անդրանիկ ծրագրով ձեզ ողջունում է «Երիտասարդ գրողներ» հաղորդաշարը՝ Սոնետի հետ:
Մեր հաղորդաշարը կամուրջ է հանդիսանալու գրողի և ընթերցողի միջև, այս հաղորդաշարի շրջանակներում բացահայտելու ենք նոր սերնդի երիտասարդ գրողների, ներթափանցելու ենք նրանց ստեղծագործական աշխարհը, փորձելու ենք միասին հասկանալ, թե ո՞րն է նոր սերնդի բերած թարմությունը, շունչը, ո՞վ է ժամանակի հերոսը, ինչպե՞ս է բաբախում ժամանակակից գրականության գրական զարկերակը:
«Երիտասարդ բանաստեղծներն իրենց թանաքի մեջ շատ են ջուր լցնում»,- այս կարծիքն է հայտնում գերմանացի հայտնի գրող Գյոթեն:
Սակայն, հարկ է հիշել, որ երիտասարդ գրողը նման է այն թոթովախոս մանկանը, որն ամբողջ հոգով ցանկանում է խոսել, բայց դեռևս հստակ չի կարողանում արտաբերել տառն ու բառը, նախադասություն կազմելու մեջ անվարժ է, անփորձ: Հենց այդ նույն թոթովախոս մանկան պես ցանկանում է կատարել իր առաջին քայլերը, սակայն հաճախակի է սայթաքում, վախենում է ոտքը գետնին դնել:
Այսօրվա մեր հյուրը գրական աշխարհ մուտք գործեց անվարան և ընթերցողին հրամցրեց վարարուն գրչի նույնքան համարձակ արգասիքները: Ինքնատիպ և առինքնող պատկերամտածողություն, գեղեցկություն և ներքին հմայք, մաքառման բերկրանք և ընդվզում, նաև՝ ցավ, հուսահատություն, որն ապրեցնող է, ոչ թե ընկճող, անվրեպ և սուր հակադրություններ, մեկը մյուսին գերազանցող համեմատություններ. ահա այսպես կարելի է բնութագրել մեր այսօրվա հերոսուհու ձեռագիրը: Տակավին երիտասարդ, սակայն արդեն իսկ սիրված և սպասված ստեղծագործող Ջեննի Բալյանն է մեր հյուրը, որի անցած գրական ճանապարհին կծանոթանանք զրույցի ընթացքում:
Ողջույն, Ջեննի: Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար: Մի քանի բառով պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս եղավ ձեր մուտքը գրական աշխարհ:
Ողջույն: Շնորհակալ եմ հրավերի համար: Գրական աշխարհ իմ մուտքը եղավ շատ դանդաղ, բայց կամքի և նպատակասլացության միջոցով առաջ ընթացա:
Որտեղի՞ց եք ծնունդով, ծննդավայրը ի՞նչ դեր է խաղացել ձեր գրական հայացքների ձևավորման և զարգացման գործում:
Ծնվել եմ Աբովյան քաղաքում: Չէի ասի, թե ծննդավայրն ինչ-որ դեր խաղացել է: Գրական հայացքների ձևավորման գործում մեծ դեր է ունեցել իմ գրականության ուսուցիչը:
Ըստ ձեզ, ո՞րն է գրողի կոչումը, նպատակը: Ո՞վ է նա՝ հոգևոր բժի՞շկ, առաջնո՞րդ, մարգարե՞, թե՞ փրկիչ:
Գրողը և՛ հոգևոր բժիշկ է, և՛ առաջնորդ, և՛ փրկիչ: Մարգարե՝ չեմ կարծում: Գրողի գրիչն օգնում է սեր տարածել, կարողանում է ապրեցնել ցավը, և մոռացնել տալ այդ ցավը: Գրիչն օգնում է մարդկանց հոգիները գրել՝ գրով կարողանում ես մարդկանց օգնել:
Ձեր ստեղծագործությունները հիմնականում ի՞նչ թեմաներ են արծարծում. կա՞ն, արդյոք, թեմաներ, որոնք երբեք չեն կարող տեղ գտնել ձեր մատուցած պոեզիայում:
Իմ ստեղծագործությունները սիրո թեմայով են, կյանքի, մարդասիրության: Չկան թեմաներ, որոնք գուցե տեղ չգտնեն: Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է: Հիմնականում շոշափում եմ կյանքի, սիրո թեման: Ցանկանում եմ, որ ատելությունը մարդկանց սրտերից դուրս մղվի:
Ո՞վ է գրականության ձեր ուսուցիչը, ու՞մ ստեղծագործություններով եք առավելագույնս ներշնչվել: Որպես երիտասարդ ստեղծագործող ի՞նչ կարծիք ունեք գրական ազդեցությունների մասին:
Գրականության ուսուցիչս եղել է Պարույր Սևակը, նրա ազդեցությունը չեմ զգացել, Սևակով ոգեշնչվել եմ, մինչ օրս էլ կարդում եմ Սևակ: Ազդեցությունները նորմալ են, բայց դա չպետք է նույնատիպության վերածել: Վահան Տերյանը ևս եղել է գրականության իմ ուսուցիչը:
Ո՞րն է Ջեննի Բալյանի բերած նորությունը ժամանակակից գրականություն: Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեր գրիչը:
Ժամանակակից գրականություն բերած իմ նորությունը հենց ինքս եմ, ցանկանում եմ, որ մարդկանց մեջ ավելի շատ սեր լինի, նախանձը դուրս մղվի:
Ձեր խոսքը ձեր ընթերցողներին և գրչակից ընկերներին:
Խորհուրդ կտամ շատ կարդալ, ճանաչեն մեր ժամանակակից գրողներին: Եվ վերջում կավելացնեմ իմ կարգախոսը. «Սիրե՛ք միմյանց, որոհետև այս կյանքը շատ կարճ է, որ այն վատնենք միմյանց ատելու և արհամարհելու վրա»:
Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Ձեզ մաղթում ենք ստեղծագործական կյանքի նոր ձեռքբերումներով լի ընթացք:
Ես էլ եմ շնորհակալ:
Գրականությունը հասարակության ողնաշարն է, որը թույլ է տալիս անշեղ և ուղիղ քայլել:
Ընթերցանությունը մտքի համար նույն ազդեցությունն ունի, ինչ ֆիզիկական վարժությունը՝ մարմնի համար:
Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)
ԵՐԲ
Լռում է օրը, ու վերջին անգամ
վերջին վայրկյանի մի վեհ համբույրով`
Քամում է կոպիս կախված անուրջը,
Որ անհայտ մի օր` մի խենթ գիշերով,
Նորից թաթախի իմ անուրջները`
թանձր, նոր քամած գինու թասի մեջ,
Ու երբ մի վերջին անգամ հայացքս ձգեմ լույսի հետևից`
Այն ինձ կփորձի թաղել գիշերում,
Որ մեռնող օրվա հարբած ծալքերում
գտնեմ անուրջս`
թեկուզ կրակված, թեկուզ մոխրացած…
Ու երբ լուսինը իր գունատ դեմքով
մի վերջին անգամ կփորձի գույն տալ աչքերիս հոգնած`
Ես մայրամուտից մինչև այգաբաց`
անհագ կարոտով հույսս կուլ կտամ,
Որ կեսօրից հետո ապրեմ նրանո˜վ.
Երբ մեռնող օրվա բիբերից կախված
անտուն կարոտս կփորձի նորից հոգուս խորքերում լավ
տնավորվել,
Ես կստիպեմ ինձ բարձր հեկեկալ,
Որ ողջը թափվի, մասնիկ չմնա˜.
Ու ես կփորձեմ ամեն օրվա վերջ
ինքնասպան դարձած միջիս պոզավոր
այն միաչքանի նեռին սպանել,
Որ չհասցնի անուրջս ճանկել,
Ու բիրտ մատներով նրան մանրեցնել…
Երբ լուսաբացին միջիս ճերմակը
փափուկ թևերով ճախրի սենյակում,
Հաստատ թույլ չեմ տա, որ մութը վհատ հոգիս օղակի`
Իր այդ գրավիչ գինու թասերում…
Ջեննի Բալյան
Յուրաքանչյուր կիրակի ժ. 18:00-ին (կրկնությունները. կիրակի ժ. 23:00-ին և երկուշաբթի ժ. 13:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «Երիտասարդ գրողներ» հաղորդաշարն է՝ Սոնետի հետ:
—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող եք հետևել՝ անցնելով այս հղումով