Մեր հաղորդման նպատակն է նպաստել ժամանակակից գրականության լուսաբանմանը, հնարավորություն ընձեռել երիտասարդ և սկսնակ գրողներին՝ իրենց խոսքը ներկայացնելու հանրությանը: Մեր հյուրերը երկար ճանապարհ անցած գրողներ չեն, չունեն հրատարակած բազմաթիվ գրքեր, չեն մասնակցել բազմազան հարցազրույցների, սակայն ցանկանում են կիսվել իրենց մտքերով, քեզ հաղորդակից դարձնել իրենց ապրումներին:
Մեր այսօրվա հյուրը գրում է նուրբ և եթերային, ստեղծագործման թեմատիկան բազմազան է՝ հայրենիքից մինչև սեր, բնությունից մինչև մարդկային բարդ փոխհարաբերությունների քննություն: Մեր հյուրն ստեղծագործում է թե չափածո, թե արձակ ոճերում, արդեն իսկ ունի իր տարբերվող ձեռագիրը:
Մեր զրուցակիցը երիտասարդ ստեղծագործող Անահիտ Վարդանյանն է, որը հանրությանը ներկայանում է Սիդ գրական կեղծանունով:
Բարև, Անահիտ: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար:
Ողջո՛ւյն Սոնետ:
«Սիդ» — բավականին հետաքրքիր կեղծանուն է: Կպատմե՞ս. ինչու՞ որոշեցիր այդպես ներկայանալ:
Ստեղծագործում եմ տարբեր ժանրերում, առավելապես ներկայանում եմ արձակով: Ստեղծագործություններս մի փոքր այլ բնույթ ունեն, գրական կեղծանունս՝ «Սիդը», իսպաներեն բառ է, որ նշանակում է «տեր»: Որպես տղա ներկայանալու համար հարմար կեղծանուն է:
Գիտեմ, որ ստեղծագործում ես մանկուց: Ինչպե՞ս ծնվեց քո առաջին ստեղծագործությունը:
Դեռ վաղ դպրոցական տարիներից սկսեցի կարդալ տարբեր գործեր՝ սկսած Թումանյանի հեքիաթներից: Տարիների ընթացքում անցանք այլ հեղինակների: Առավելապես տպավորվեցի Դանիել Վարուժանով: Հասկացա, որ շատ եմ սիրում հայրենիքը, լեռները, հացի բույրը, և սկսեցի գրել նրա «Հացին երգը» շարքի նմանությամբ:
Ո՞րն է քո առաջին ստեղծագործությունը: Ինչի՞ մասին է այն:
Ստեղծագործությունս պահպանում եմ՝ թոնրի, հացի ստեղծման մասին էր:
Հնարավո՞ր է հետագայում դառնաս գյուղական կյանքը ներկայացնող գրող:
Չեմ կարծում: Մեծացել եմ գյուղում, լեռներում, և այդ ամենն իմ մեջ այնքան է հագեցած, որ չեմ կարծում՝ գրելով կարողանամ լրացնել պակասը:
Սիդ, դու նաև ակտիվորեն զբաղվում ես քննադատական և խմբագրման աշխատանքներով: Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը:
Գրողի առաջընթացի համար քննադատությունն անհրաժեշտ է, որպեսզի չլճանա: Նույնիսկ փորձառու գրողներին քննադատությունն անհրաժեշտ է:
Ինչպիսի՞ն պետք է լինի սկսնակ գրողի գործերը ներկայացնող քննադատությունը:
Պետք է նրբորեն մատնանշել թերությունները, որպեսզի չարմատավորվեն: Շատ դժվար է արդեն հասունացած գրողի մոտ արմատացած խնդիրները շտկելը:
Վերջերս բանաստեղծությունների համահավաք անթոլոգիայում ներկայացաք և որպես խմբագիր, և որպես հեղինակ: Գիրքը տպագրության եք հանձնել ընդամենը 3 օրում՝ սա աննախադեպ երևույթ է: Շնորհավորում եմ: Ինչպե՞ս է կոչվում գիրքը: Ի՞նչ հեղինակներ են ներառված:
Ներառված են «Երիտասարդ գրողներ գրական ակումբի» հեղինակների ստեղծագործությունները: Հեղինակները մեծ մասամբ տպագրվում են առաջին անգամ: Ժողովածուն կոչվում է «Սիրո հևքը գրչի ներքո»: Ամփոփում է սիրային ստեղծագործություններ: Ժողովածուն ողոված է սիրուց ծնված զգացմունքներով՝ սեր, ատելություն, ցավ… Մնացյալն՝ արդեն ստեղծագործողի մեկնաբանությամբ: Հեշտ չէր աշխատել սկսնակ ստեղծագործողների գործերի հետ. ինչ որ բառ, նշան փոխելը, գուցե, անդրադառնար գրողի աշխարհայացքի և հոգեբանության վրա:
Ո՞վ է քո սիրելի գրողը: Ո՞ր գրողի ազդեցությունն ես նկատում քո ստեղծագործություններում:
Շատ հեղինակներով եմ հիացած՝ նրանց արվեստն իմն է: Առավելապես ոգեշնչված եմ Հերման Հեսսեով, որի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունն ամեն անգամ դառնում է ներշնչանքի նոր աղբյուր:
Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար: Մաղթում եմ ստեղծագործական կյանքի՝ վերելքներով լի, հագեցած ընթացք:
Գրականությունն ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք: Ժամանակը շատ անողոք է՝ ժամանակը չի ներում այն մարդկանց, որոնք խաբեությամբ են զբաղվում: Անկեղծ եղիր ինքդ քեզ հետ, և դարձիր մեր ժամանակների հերոսը: Մենք էլ սիրով կհյուրընկալենք քեզ՝ «Օնլայն Ռադիոյի» «Երիտասարդ գրողներ» հաղորդաշարի շրջանակներում:
Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)
Յուրաքանչյուր կիրակի ժ. 18:00-ին (կրկնությունները. կիրակի ժ. 23:00-ին և երկուշաբթի ժ. 13:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «Երիտասարդ գրողներ» հաղորդաշարն է՝ Սոնետի հետ:
—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով այս հղումով
—————————————————
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից