Մեր առաջին OFF-line թեման «Սևան» երիտասարդական ակումբն է: Վերջերս առիթ ընձեռնվեց հյուրընկալվելու ակումբի ղեկավար Գոհար Մնացականյանին, և հետաքրքիր զրույց ունենալու նրա ու ակումբի անդամներից Գուրգենի, Հրաչի, Սասունի և Կոլյայի հետ:
Մենք մի տեսակ ապրում ենք էդ փոքր քաղաքի հոգսերից դուրս: Փորձում ենք մենք կառուցել մեր առօրյան, այլ ոչ թե սպասենք, թե ով ինչ կառաջարկի՝ նախաձեռնողական մեր ունակությունները որտեղ կարող ենք իրացնել:
Փորձենք գոնե մի բան անել, որպեսզի ոչ միայն մեր քաղաքին, այլ երկրին ինչ-որ բանով պիտանի լինենք:
Այս տարի ավանդույթը շարունակվում է՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Այս ամռա 2-րդ փուլն է լինելու:
«Սևան» երիտասարդական ակումբը ստեղծվել է 2008 թ.-ին: Այն իր գործունեությունը սկսել է սեպտեմբերից, բայց որպես հասարակական կառույց գրանցվել է 2009 թ.-ի մարտին:
Արդեն 7 տարի է, ինչ մեր քաղաքում իրականացնում ենք այս ծրագիրը: Շատ ծանր բեռ է վերցրել իր ուսերին ակումբը և փորձում է որոշ չափով ակտիվացնել, աշխուժացնել երիտասարդների կյանքը մեր համայնքում:
Հասարակական կազմակերպությունում գործում են անգլախոսների, գիտելիքների, հեծանվասերների, արշավականների և այլ ակումբներ: 2011 թ.-ին հիմնադրվեց ֆրանսախոսների`ֆրանկոֆոն ակումբը:
Ակումբը հիմնադրվել է «Սևան» երիտասարդական ակումբի մեկ այլ ծրագրով: Բայց հետագայում միայնակ գոյություն ունենալ չէր կարող, քանի որ ֆրանսալեզու ռեսուրսներ չկային: «Ֆրանս ֆորմասիոն» լեզուների ուսուցման կենտրոնի հետ համագործակցությունը դարձավ այն հիմնական կենարար երակը, որ ստեղծվեց «Ֆրանսախոսների ակումբը»: Հիմա չենք էլ պատկերացնում իրարից անկախ ինչ-որ գործունեություն ծավալել: Շատ հետաքրքիր համագործակցության մշակույթ է ձևավորվել:
Արդեն քանի տարի է՝ «Ֆրանկոֆոն» ակումբը «Ֆրանս ֆորմասիոնի» հետ համատեղ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնցից մեկը «Ֆրանկոֆոն» ակումբի «Բարև — Բոնժուղ» («Barev — Bonjour») երաժշտական սկավառակի թողարկումն էր: Այն շարունակական է լինելու:
Երբ ֆրանսերենի դասընթացներն ավարտվեցին, անհրաժեշտ էր կազմակերպել միջոցառում: Քանի որ մեր ակումբի անդամների մեջ կային տաղանդավոր երիտասարդներ ու պատանիներ, հատկապես՝ երաժշտության բնագավառում, ափսոս էր այդ ռեսուրսը կորցնել: Փորձեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ նրանց ֆրանսերենով արտահայտվելու և միևնույն ժամանակ իրենց երաժշտական տաղանդը դրսևորելու հնարավորություն կտայինք: Այսպես, միտք ծագեց երգել հայկական ու ֆրանսիական երգեր: Քանի որ հանդիսատեսները հայեր էին, գուցե նրանց համար միայն ֆրանսերեն երգեր լսելը հետաքրքիր չլիներ: Փորձեցինք երգերը թարգմանել հայերեն և ստեղծել միքսեր, որ հանդիսատեսը չձանձրանա, ու միևնույն ժամանակ գաղափար կազմի, թե ինչի մասին է բազմիցս լսած կամ սիրված ֆրանսերեն երգը: Եթե անում էինք ֆրանսերեն երգեր՝ հայկական տարբերակով, փորձեցինք նաև հայերեն երգերը թարգմանել ֆրանսերեն, որպեսզի ֆրանսիացիների համար էլ պարզ դառնա, թե մենք՝ հայերս, ինչի մասին ենք երգում:
«Ֆրանկոֆոն» խմբում երգերի ընտրությունը կատարում են ամբողջ ստեղծագործական կազմով: Թարգմանության հարցում նրանց մեծապես օգնում են «Ֆրանս ֆորմասիոնի» դասախոսները, հատկապես` «Ֆրանս ֆորմասիոնի» տնօրեն Լիլիան: Սկավառակում կազմված երգացանկի մեջ Շառլ Ազնավուրից միայն «Քեզ համար, Հայաստանն» էր:
Հայերենում բառերն ավելի երկար են, և հայերեն տեքստը Ազնավուրի երաժշտության տակտի մեջ պարզապես չէր տեղավորվում:
Դասընթացի վերջում ծրագրված ավարտական համերգի երգացանկի համար ընտրել էինք Շ.Ազնավուրի երգերից մի քանիսը՝ «Լա Բոհեմն» ու «Մաման»: Փորձեցինք այս երգերը համերգի ժամանակ կատարել: Բայց քանի որ հայերեն թարգմանությունն էր, դժվար էր արտասանելը: Հայերեն տարբերակի բառերն ավելի շատ էին, քան ֆրանսերենով: Այս դեպքում Շառլի երգը կամ պետք է ներկայացվի լավ, կամ չներկայացվի ընդհանրապես:
Սկավառակում ընդգրկված երգիչներից երաժշտական կրթություն ունեն միայն 40%-ը: Օրինակ, մեր զրույցի մասնակիցներից Հրաչը կիթառ է նվագում, բայց ավարտել է դաշնամուրի բաժինը, թեև այժմ երաժշտության հետ առնչություն չունեցող մասնագիտություն է սովորում: Իսկ Գուրգենի խոսքով` այստեղ ավելի շատ տաղանդի գործոնն է աշխատում, քան երաժշտական կրթության: Գոհարն էլ նշեց, որ նույնիսկ իրենց համայնքի քահանան ունի մի երգ, որ կա սկավառակի երգացանկում. դա «Ով սիրուն, սիրուն» երգն է:
Սկավառակի ձևավորման գաղափարը հենց խմբի ղեկավար Գոհարինն է: Հատկապես հետաքրքիր է հայկական ու ֆրանսիական խորհրդանիշերը` նուռը և շուշանը պատկերելու գաղափարը: Անունը նույնպես Գոհարն է ընտրել` հայերեն ու ֆրանսերեն թարգմանությամբ «Բարև-Բոնժուղ»:
«Ֆրանկոֆոն» ակումբը պատրաստվում է իր հաջորդ սկավառակը թողարկել: Այս անգամ հիմնականում ընտրվել են ֆրանսիական երգեր՝ հայերեն թարգմանությամբ, քանի որ համերգը կայանալու է Հայաստանում:
Փորձելու ենք նոր, ինտերակտիվ համերգային ֆորմատ ստեղծել: Ընտրվել են հանդիսատեսին հայտնի այնպիսի երգեր, որոնց բառերը բոլորը գիտեն: Երգերը կրկին թարգմանված են հայերեն ու մատուցվելու են միքսային տարբերակով: Կամերային փոքրիկ համերգ է նախատեսված՝ հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ: Եթե կարելի է ասել այսպես՝ «Կարաոկե-համերգ» ֆորմատով: Նախապես հանդիսատեսին կբաժանվեն երգերի խոսքերը: Ցանկացողները կարող են անմիջական մասնակցություն ունենալ համերգին՝ միանալով երգերի կատարմանը: Աստված տա, որ հնարավորություն ունենանք Ֆրանսիայում հանդես գալու համերգով՝ այդ ժամանակ կանենք ֆրանսերեն տարբերակով: Ծրագրել ենք «Ֆրանկոֆոնիայի» օրերին հանձնել հանդիսատեսի դատին: Դա լինելու է մարտին:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում նաև ամեն տարի իրականացվող «5-ից» ակցիան է լինելու, որն այսպիսի բնույթ ունի. ակումբի երիտասարդներն ու պատանիները շրջում են Սևանի փողոցներով, դպրոցներով և այլ հաստատություններով, ու պատահական մարդկանց սովորեցնում ֆրանսերեն 5 ամենակարևոր արտահայտությունները:
Բոլորին սովորեցնում ենք (ոտքի վրա) ֆրանսերեն 5 ամենակարևոր արտահայտությունները: Օրինակ՝ «բարև», «ես հայ եմ», «իմ անունն է…»: Ամեն տարի մեկ նախադասություն ավելացնում ենք: Այս տարի 8 նախադասության հերթն է:
«Ֆրանկոֆոնիայի» օրերին ծրագրում ենք ստեղծել նաև ֆրանսիացիների համար նախատեսված, 10-12 հոլովակից բաղկացած դասեր, որոնք ֆրանսիացուն կօգնեն զրոյական մակարդակից հայերեն սովորել:
Զրույցի ընթացքում ակումբի անդամ Սասունը նշեց, որ իրենք նաև թատրոնի հետ կապված ծրագրեր ունեն: Պատրաստվում են բեմադրել «Կիկոսի մահը»` ֆրանսերեն ու մի փոքր փոփոխված տարբերակով: Դա էլ իր ֆորմատով լինելու է ոչ սովորական. բեմադրության ընթացքում հանդիսատեսը կլսի բազմաթիվ հայերեն արտահայտություններ, որոնք, գուցե, շատ անգամ լսել է, բայց չի հասկացել դրանց նշանակությունը:
«Սևան» երիտասարդական ակումբն ունի մի շարք ծրագրեր: Անցյալ տարի առաջին անգամ Սևանում մեկնարկեց «Սևան» երաժշտական փառատոնը: Ակումբն այս տարվա ամռանը պատրաստվում է 2-րդ փառատոնն անցկացնել և այն դարձնել ավանդական: Նաև մտադրություն կա փառատոնը համահայկական դարձնելու:
«Սևան» երաժշտական փառատոնը մեկնարկել է անցյալ տարի: Շատ ենք ուզում, որ այն դառնա ավանդական և որոշակի մշակույթ ձևավորի՝ վերաճի համահայկական փառատոնի: Քանի որ ապրում ենք մեր երկրի բացառիկ հարստության` Սևանի կողքին, ապա տարվա մեջ գոնե մեկ օր պետք է փառավորել նրան, քանի որ Սևանա լճին նվիրված ոչ մի կարևոր ծրագիր չկա: Ճիշտ է, օգոստոսի վերջին շաբաթ օրը նվիրվում է Սևանա լճին, բայց այդ օրն այնքան ցուրտ է լինում, որ հետաքրքիր որևէ միջոցառում իրականացնելը դժվար է: Քանի որ ամբողջ տարի օգտվում ենք լճից, զմայլվում ենք նրանով, հիանում նրա գեղեցկությամբ, վայելում նրա ջրերում լողալու հաճույքը, կփորձենք ձևավորել ավանդույթ, որ տարին մեկ անգամ երաժշտական փառատոնի միջոցով փառավորենք Սևանը՝ փորձելով լճին վերադարձնել նրանից վերցրած էներգիան:
Գոհարը նշեց, որ շատ ծրագրեր ու նախաձեռնություններ ունեն: Պարզապես փորձում է խոսել կարևորների մասին:
«Սևան» հասարակական կազմակերպությունը համայնքային է. նրա գործունեության գլխավոր նպատակը Սևան քաղաքի զարգացումն է: Սիրով համագործակցում է թե՛ հայաստանյան, և թե՛ սփյուռքի այն կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը միտված է մեր երկրի բարելավմանն ու բարգավաճմանը:
Հանդիպման վերջում զրույցի մասնակից ակումբականները պատմեցին, թե ինչպես են դարձել ակումբի անդամ: Ակումբի անդամների հետ զրուցելիս ինձ հատկապես դուր եկավ այն փաստը, որ նրանցից յուրաքանչյուրն իր խոսքում նշեց, որ ակումբում իրենց ամենամեծ ձեռքբերումը եղել է լավ ընկերներ ունենալը: «Սևան» երիտասարդական ակումբի դռները միշտ բաց են նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ ակումբի անդամ կամ պարզապես շփվել ակումբի անդամների հետ, փոխանակվել մտքերով, գիտելիքներով և աջակցել ակումբի գործունեությանը:
Ակումբի անդամ կարող է դառնալ ցանկացած երիտասարդ՝ անկախ նրանից՝ Սևան քաղաքի բնակիչ է, թե ոչ: Ամենակարևոր գործոնները, որոնցով հետաքրքրված ենք, սերն է մեր քաղաքի հանդեպ, մեր հետ կամավորական սկզբունքով աշխատելու պատրաստակամությունը, նախաձեռնողական ունակությունը: Մենք միշտ բաց և պատրաստակամ ենք ցանկացած մարդու ընդունելու մեր շարքերում:
Մեզ կարող են գտնել Սևան քաղաքի Մշակույթի կենտրոնի 1-ին հարկում (4-րդ և 5-րդ սենյակներ)՝ «Սևան ԵրԱկ» ՀԿ: Ինչպես նաև՝ ֆեյսբուքյան մեր «Sevan ErAk» և «Sevan Youth Club NGO» էջերի միջոցով, մեր կայքը և յութուբյան ալիքը: Համեցեք, մենք պատրաստ ենք համագործակցության, կամ պարզապես ընկերական շփումների: Բարի գալուստ:
Որպես վերջաբան. կուզենք բոլորին ուղղել մեր հորդորը՝ ապրեք մեր կարգախոսով «Միշտ կարող ես անել մի լավ բան հենց այնպես»:
Հաղորդավար՝ Մարիաննա Պետրոսյան
Յուրաքանչյուր հինգշաբթի ժ. 15:00-ին (կրկնությունները. հինգշաբթի ժ. 19:00-ին և հինգշաբթի ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «OFF-line թեմա» հաղորդաշարն է՝ Մարիաննա Պետրոսյանի հետ:
—————————————————
Քո թեման՝ «OFF-line»-ում
—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով այս հղումով
—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից
Շնորհակալ ենք,, )))
Ձեր հաղորդմանը երկարակեցություն, սահուն ընթացք ու թող որ ռադիոունկնդիրների բանակներ ունենաք)))))
Հ.Գ.
Մեզանով մուտքը , ինչպես ասում են ”խերով լինի ” )))
Մենք էլ ենք շնորհակալ: Միշտ պատրաստ ենք լուսաբանելու գեղեցիկ և հանրօգուտ գործունեությունները:
Ձեզ էլ՝ բուռն ստեղծագործական ընթացք: 😉 😀