«OFF-line թեմա». Զառա Մանուչարյան. «Սակրալ տարածք» (ցուցահանդես)

Ապրիլի 20-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ Զառա Մանուչարյանի «Hierotopy» — «Սակրալ տարածք» խորագիրը կրող անհատական 7-րդ ցուցահանդեսը: Զառայի «Սակրալ տարածքներ» շարքը նրա հայկական «ես»-ի դրսևորումն է: Ցուցահանդեսին ներկայացված էին կոնցեպտուալ, վերացական ոճով կատարված 19 կտավներ, որոնք ստեղծում են հայկական շունչ հաղորդող միստիկ տարածք: Յուրաքանչյուր կտավին երևում է նկարչուհու հայկական ինքնատիպությունը: Կտավներում ներկայացված են Սանահինի, Զվարթնոցի, Անիի տաճարները: Մի քանիսում` եկեղեցիների հատակագծեր, մյուսներում`դրանց ամբողջական կառույցներ ու խաչքարերի դետալներ՝ որոշակի տարածության մեջ` սահմանելով անսահմանություն: Զառայի «Սակրալ տարածքներ» շարքում 40 անգամ տպված է Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» գրքի ԼԱ գլխից հատված, և հերթականությամբ անցնելով կտավներով` կրկնում ենք աղոթքը: Կոնցեպտուալ առումով Զառայի այս շարքը հիերոտոպիա է, որը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «սուրբ տարածք»: Հիերոտոպիան գեղարվեստական ստեղծագործության մի ձև է, որի էությունը «սրբազան տարածության» կերպար ստեղծելն է: Այդ գաղափարն ու տերմինը մշակվել է 2001 թ.-ին ռուս արվեստաբան, պատմաբան և բյուզանդագետ Ալեքսեյ Լիդովի կողմից: Հիերոտոպիայում առաջնայինը ոչ թե առարկան է, այլ` տարածությունը: Զառայի կտավները միահյուսված են կապույտի ու դեղինի համադրությամբ: Դրանք ստեղծում են վառ գունային գամմաներ ու կանչող պատկերներ, որոնցում արտահայտված է նկարչուհու հույզերի ու զգացողությունների փոթորիկը: Հանդիսականների տպավորություններն ու մեկնաբանությունները կտավների շուրջ տարբեր էին, բայց ինձ հետաքրքիր էր լսել հենց նկարչուհու մեկնաբանությունն իր ստեղծագործությունների մասին.
— Բուն իդեան այն է, որ ուզում եմ ստեղծել «սակրալ տարածք», որովհետև ամեն մի կտավին նկարելուց ակամա դա էի ստեղծում: Կտորներից, գետերից, հայկական եկեղեցիներից, հատակագծերից, խաչքարերի ինչ-որ դետալներից, որոնք իմ մոտ ստեղծեցին ինչ-որ հայկական արխետիտներ, և այդ բոլոր սիմվոլները համախմբելով, այսպես ասած, ստեղծեցի իմ եկեղեցին: Ինչքանով է դա ստացվել՝ չգիտեմ: Երբ ես դա հագեցա, ստեղծվեց ընդհանուր գաղափարը`ամբողջ տարածքն ստեղծել որպես «սակրալ տարածք»: Իմաստը նրանում էր, որ յուրաքանչյուր մարդ, մտնելով այստեղ, զգա իր սրբազանը, իր հոգևորը: Կարող է մարդ չզգա՝ դա իր խնդիրն է, բայց իմ գաղափարը սա էր: Ինչքանով ինձ հաջողվեց՝ պարզ կլինի իմ կոլեգաների, ընկերների հետ խոսելիս:

Մեր զրույցում Զառա Մանուչարյանը շեշտեց, որ նկարիչը գույներ չի ընտրում, նկարչին հարազատ են բոլոր գույները.
— Նկարիչը հենց այնպես գույներ չի ընտրում՝ իրեն հարազատ են բոլոր գույները: Ուղղակի կան ինչ-որ տրամադրություններ, պահեր, երբ ինքն ընտրում է որոշակի գամմա: Ես սկսեցի շատ քիչ, մինիմալիստ գույներից` կապույտներն ավելի շատ գերիշխող, որովհետև դա իմ մոտ էր, մոտ էր այս շրջանը, այս գույները, այս կտավներն ստեղծելու համար: Բայց հետաքրքիր է, որ երբ տեղափոխվեցի արտասահման՝ Բուլղարիա, շարունակեցի նկարել՝ գույներն ավելի գունեղ դարձան, ավելի հագեցված: Դա ակամա ստացվեց, ընտրովի չէ: Նկարչի մոտ ինքնաբերաբար է ստացվում՝ արարելը, նկարի վրա ստեղծելը շատ հետաքրքիր, միստիկ պահ է: Այդ պահը շատ դժվար է ասել` ինչու այսպես: Մաքսիմում կարող եմ ասել, որ կոմպոզիցիան և էսքիզն այսպես է արված, մտածված եղել, բայց թե ինչով դա կավարտվի՝ ոչ բոլորը գիտեն:

Այն հարցին, թե՝ սպասե՞նք հաջորդ ցուցահանդեսին, և կա՞ն, արդյոք, նոր գաղափարներ կամ սկսած գործեր, որոնց վրա աշխատում եք, նկարչուհին պատասխանեց.
— Դեռ ամփոփման մեջ եմ: Ցուցահանդեսի ոչ մի միտք դեռ չկա: Դեռ սա պետք է մարսեմ: Պարզ է, որ նկարիչը միշտ ինչ-որ մտքեր, իդեաներ ունի, բայց դա պետք է փայլատակվի, հասնի, հասունանա: Դեռ ուզում եմ սա մարսել, հասկանալ, սրա սրբազանն զգալ: Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս՝ մինչը մայիսի 15-ը: Այնպես, որ կարծում եմ` դեռ շատ մարդիկ կգան-կգնան, և ինչ-որ բան արդեն պարզ կլինի: Շատ մեծ տպավորություններ կային: Դեռ պետք է կիսվեմ, հարցնեմ, այսպես ասած` դեռ տաք եմ, չգիտեմ:

Ցուցահանդեսի բացումը եղավ Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» ԼԱ գլխից մեկ հատվածով՝ ճանաչված դերասան Արտաշես Ալեքսանյանի կատարմամբ: Ցուցահանդեսին յուրօրինակ հմայք էին հաղորդում և ամբողջական պատկերը լրացնում Տիգրան Համասյանի ստեղծագործությունները: Նրա կախարդիչ երաժշտության նրբերանգները, համադրվելով նկարչուհու կտավներում առկա միստիկ մթնոլորտի հետ, ավելի էին ուժեղացնում ազդեցությունը մարդկանց վրա և ստեղծում հաճելի մթնոլորտ արվեստ սիրող ու գնահատող հանդիսականների համար: Ի դեպ, ցուցահանդեսի ընթացքում հնչեց նաև Տիգրան Համասյանի՝ մինչ այդ չհնչած ստեղծագործությունը, որը նա սիրով տրամադրել է Զառա Մանուչարյանին:
Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 20-ը: Զառա Մանուչարյանը պատրաստ է սիրով ընդունելու իր «սակրալ տարածք» արվեստասեր հասարակությանը:
Հաղորդավար՝ Մարիաննա Պետրոսյան

Յուրաքանչյուր հինգշաբթի ժ. 15:00-ին (կրկնությունները. հինգշաբթի ժ. 19:00-ին և հինգշաբթի ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «OFF-line թեմա» հաղորդաշարն է՝ Մարիաննա Պետրոսյանի հետ:
———————————————————————————————
Քո թեման՝ «OFF-line»-ում

———————————————————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

———————————————————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Մարիաննա Պետրոսյան

Տես նաև

www.onlineradio.am eritasard-groghner-armen-mkheyan

«Երիտասարդ գրողներ». Արմեն Մխեյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am eritasard-groghner-arlen-shahverdyan

«Երիտասարդ գրողներ». Առլեն Շահվերդյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am hamagortsakcutyan-avart-egga

«Օնլայն Ռադիոն» դադարեցնում է ԵԳԳԱ-ի հետ համագործակցությունը

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան