Մարտի 21-ին պոեզիայի համաշխարհային օրն էր: Այս առիթով Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երևանի և մարզերի տարբեր վայրերում կազմակերպվել էին հանրային ընթերցումներ, ֆլեշ-մոբեր, գրական քննարկումներ և այլ միջոցառումներ, որոնց մասնակցում էին բանաստեղծներ, գրողներ, գրականագետներ և պարզապես ընթերցողներ. մարդիկ, ովքեր ստեղծագործում են, գրում, ունեն ասելիք և հաղորդակից են պոեզիայի մաքրագործող ուժին: Այլ խոսքով` միջոցառումը համախմբել էր բանաստեղծներին և ընթերցասեր հանրությանը` խոսելու և շփվելու պոեզիայի լեզվով:
— Ու չեն հասնում իրենց ուզածին: Ագահ են ակնկուշտ, նախանձ ու չար: Ու չեն գոհանում մի կտոր հացով, անվերջ նայում են ուրիշի ձեռքին ու բողոքում են իրենց վիճակից ու երկրից: Ու չեն էլ փորձում իրենց ուժերով, իրենց ձեռքերով փոխել, գեթ, իրենց, ապա` ամենքին, շուրջը ու մարդկանց, գեթ մեկ անգամ օգնել ընկածին, ժպտալ թշնամուն, աջակցել վատին, չդատապարտել տեղից դատվածին, զուր չհայհոյել իրենց դաշնակցին, սահմանից այս կողմ` այս մի բուռ հողում, գոնե չլինենք իրար թշնամի, այլ համախմբվենք, որ դառնանք մեծ ուժ ու թույլ չտանք թուրքին` նորից ջախջախի, այլ արած մեղքը ստիպենք` ընդունի:
Հյուսիսային պողոտայում անցկացվող միջոցառման մասնակիցներից գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանն ընթերցեց Աշոտ Գաբրիելյանի բանաստեղծություններից մեկը.
Ձեզանից բաժին ունեմ, տղերք…
Երգս, որ արձագանք չուներ,
Մահ էր…
Հիմա, ինչպես երբեք,
Առողջ թոքեր են անհրաժեշտ.
Հիմա, ինչպես երբեք,
Ատում եմ մելամաղձ ու թախիծ.
Պատկերներ, որ արցունք են կաթում
Ու թափվում աղջկա կոնքերին,
Լացում են երկար ու երկար
Փողոցում ծեծված շան նման…
Ու փողկապ հագած պատկերներ,
Որ փողոցն են երկրպագում,
Հիշում եք` նա լքեց մեր շարքերը, տղերք,
Երբ ինչ-որ գիտաժողովի էին գնում…
Մասնակցում էին նաև շնորհալի երեխաներ.
— Հայը ….սակայն ի՞նչ հրաշքով,
Աստվածայի՞ն, թ՞ե հայ ձեռքով:
Ո՞վ ստեղծեց գրերն հայոց`
Մեզ հայ պահող թրերն հայոց:
Փառք հայ գրերն ստեղծողին,
Հայ ազգն հավերժ հայ պահողին…
Ով դու միակ արքադ հայոց
… Մի այնպիսի զորք ծնեցիր,
Որ ոչ մի պահ չի տրոհվում,
Ոչ մի զինվորդ չի զոհվում …
… Ամեն տառդ հայ ազգապահ մի զինվոր է անմեռական,
Ամեն բառդ՝ հայոց մի գունդ , այբուբենդ ՝ բանակն Հայկյան …
Միջոցառմանը ներկա էր նաև բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը, սակայն նա համեստորեն չընթերցեց իր բանաստեղծություններից, փոխարենը`Ուոլթ Ուիթմենից մի փոքրիկ հատված.
— … Աղջիկ իմ, նշանակում եմ քեզ հետ ժամադրություն և դատապարտում եմ, որ տեսնում ես պատրաստություն` արժանի լինելու իմ հանդիպմանը: Դատապարտում եմ, որ լինես համբերատար ու կատարյալ մինչև ես գամ…
Երիտասարդ բանաստեղծուհի Վանուհի Բաղրամյանն էլ նախընտրեց ընթերցել հրանտ Մաթևոսյան.
— Ուրեմն, մի տարի առաջ երեխայիս հետ կրկեսում էի, մեկ էլ տեսա մեր ձին: Բաշը խուզել էին, պոչը խուզել էին, կոկել էին Նարնջին: Ճիշտ է, մի քիչ շատ էր գեր, բայց գյուղի ոչ մի ջհուդ ձի չէր բանեցնի նրա շարժումների նրբությունը: Վալս էր պարում, և նրա պարարտ մարմնի բոլոր մասերը ենթարկվում էին իրեն: Ոտքերը, ականջները, գլուխը, մեջքը՝ ամեն ինչ ենթարկվում էր իրեն…
… Ու ես էլ հասկացա, որ ես էլ այդ ձիուն եմ խորթանում, որ իմ մեջ կարծր է բեռնաձին՝ բոռերից քրքրվող, երեխաներից ծեծվող, հովատակի սարսափը ջլերի մեջ բեռնաձին… էշ: Եվ ես քացի տվի դրա տռուզ փորին…
Գրական ընթերցումներն ուղեկցվում էին համերգային ծրագրով, ու պոեզիան համեմվեց նաև կոմիտասյան երաժշտությամբ:
Հյուսիսային պողոտայում անցկացվող միջոցառումը մեկժամյա տարբերությամբ՝ միայն առանց համերգային ծրագրի, անցկացվեց նաև «Պողոսյաններ պարտեզներում»` Սիրահարների այգում:
Այս միջոցառումների հայերեն բնաբանն էր Եղիշե Չարենցի տողերից մեկը`
« …Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած`
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…»
— …Կկարդամ լեհ բանաստեղծ Դարիուշ Տոմաշ Լեբյոդայի բանաստեղծություններից մեկը, գիրքն է լույս տեսել վերջերս.
«Էյնշտեյնի մահը»
1955թ.-ի 17-րդ օրը ապրիլի Ալբերտի Ռոսերխ խնամակալը նկատեց հանկարծ, որ գիտնականի շնչառությունը ծանր է քնի մեջ: Երբ շրջվեց դեպի դռները, լսեց մի քանի բառեր գերմաներենով, որոնց իմաստը նա չհասկացավ: Ուղիղ երկուսն անց քսան և հինգին Էյնշտեյնը մեռավ:
Ոչ ոք երբևէ չի իմանալու, թե վերջին անգամ ինչ բառեր թռան շուրթերից նրա: Ոչ ոք երբևէ չի իմանալու, թե այդ բառերով նա ցանկանում էր աշխարհը փրկե՞լ, թե՞ անիծում էր կյանքը երկրային…
Հաղորդավարը նշեց, որ այդ օրն իր Նոր Տարին է նշում հարևան արիական ծագմամբ ժողովուրդը, որն ունի մեծ պոեզիա, և որ միջոցառմանը ներկա է այդ մեծ պոեզիայի մեծ թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանը:
Միջոցառման մասնակից էր նաև գրականագետ հայկ Համբարձումյանը.
— Ես ընտրել եմ ոչ հայ բանաստեղծ, թեև հայ ժամանակակից պոեզիա շատ եմ սիրում, հույն նոբելյան մրցանակակիր բանաստեղծ Օդիսեյա Ֆելիցիսի բանաստեղծությունը կարդամ` «Հեղինե», թարգմանիչը Շուշան Կարապետյանն է:
«Հեղինե»
Առաջին կաթիլի հետ անձրևից սպանվեց ամառը: Թրջվեցին բառերը, որ ծնվել էին աստղազարդից: Բառերն այն, որ ունեին հատուկ ու միակ նշանակետը` քեզ: Ինչպես էլ բացենք թևերը մեր, այժմ մեզ հաշվի չի առնում ժամանակը: Ինչպես էլ թարթենք աչքերը մեր, այժմ երկար տողերն են ամպերով նավարկում: Հիմա, երբ փակվեցին թարթիչները քո, բնանկարում մեր այնպիսինն ենք, ասես մեր միջով մառախուղ է անցել: Մենակ, մեն- մենակ` շրջապատած անշունչ նկարներով քո…
Երիտասարդ գրող Անի Տեր-Գուլանյանն ընթերցեց Հրաչյա Սարուխանի «Ձմեռնամուտ» բանաստեղծությունը.
Առաջին ձյունը Աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի…
Ասես ուրիշն է ապրել քո կյանքով,
Ասես ապրել ես կյանքը ուրիշի:
Ու դեռ թվում է` օրերից մի օր
Ճակատագիրդ քեզ պիտի հիշի
Եվ քո անցյալից ներկայով մի նոր
Սահմանազատի գալիքն ուրիշի:
Բայց ամեն գիշեր կոպերիդ ներքո
Մի դեմք է հառնում հարանման քեզ
Եվ հորինվելիք քո՛ իսկ հանգերգով
Մենախոսում է քեզ դիմելու պես.
-Չշնչավորված մանուկներին սուրբ
Ես ինչպե՞ս ասեմ վախ ու ողորմի…
Անի Տեր-Գուլանյանի ելույթից հետո ինձ հաջողվեց զրուցել նրա հետ: Այն հարցին, թե՝ արդյո՞ք հայ երիտասարդությունն ընթերցում է հայ գրականություն, Անի Տեր-Գուլանյանը պատասխանեց.
— Հիմա, կարծում եմ, որ էդ տենդենցը կա, արդեն շատերն ընթերցում են, ուշադիր են, հետամուտ են, հետևում են: Այո, ընթերցում են և սիրում ժամանակակից պոեզիան: Իմ մոտ էդպիսի տպավորություն է, գուցե ես էդ մթնոլորտի մեջ եմ՝ ինձ էդպես է թվում, բայց ինձ թվում է`ընթերցում են: Այո, և երիտասարդները հիմա շատ հետաքրքրված են ժամանակակից գրականությամբ և պոեզիայով:
Անի Տեր-Գուլանյանը հաստատեց, որ ինքը նույնպես ֆեյսբուքում տարածված իվենթի միջոցով է տեղեկացել պոեզիային նվիրված միջոցառումների մասին:
— Ինձ թվումէ` պարզապես մեծ մասը տեղյակ չէին: Եթե մի բան կատարվումա երաժշտության հետ, եթե կատարվումա դա կլիպ լուսընծայման հետ կամ ասենք` որևիցե հեռուստատեսային մակարդակովա արվում դա, այսինքն մարդիկ հեռուստատեսությամբ անգամ լսում են, որ այսպիսի միջոցառում կա, իսկ գրական միջոցառումները, չես հասկանում` ինչու, միայն ֆեյսբուքյան մակարդակում են հրավերներն ավարտվում , իսկ, բնականաբար էդ վիճակում մի տեսակ սուսուփուսա կատարվում, հասկանում եք, այսինքն միջոցառումը կատարվումա սենց իրար ականջին շշնջալով են մարդիկ հավաքվում, և գուցե դայա պատճառը, որ շատերը տեղյակ չէին: Օրինակ, ես այսօր եղել եմ Սիլվիա Կապուտիկյանի տուն- թանգարանում, հրավեր ունեի այնտեղ լսարանի հետ, և մոտ 50 երիտասարդ հավաքվել էր և մարդիկ հրաշալի, մենք ընթերցեցինք, զրուցեցինք և շատ գեղեցիկ անցավ: Առավոտ եղել եմ 190 դպրոցում, որտեղ նորից գրական միջոցառում էր, որտեղ նորից մենք լսեցինք պոեզիա և այլն: Այսինքն խոսքի կարիքն այսօր կա , շատ, և պոետիկ խոսքնա, որ հենց կարծում եմ, առաջնայիննա եղել, նախաստեղծնա եղել: Այսինքն մարդիկ հոգևոր խոսքի կարիքն ունեն այսօր, և մի քիչ գովազդելու կարիք ունի էդ ամենը, ինձ թվում է. Սա է խնդիրը միայն:
Իսկ թե ինչով է պայամանվորված այն հանգամանքը, որ միջոցառմանը շատ մարդիկ չէին հավաքվել, Անի Տեր-Գուլանյանն այսպես մեկնաբանեց.
— Օրինակ, ես սովորական իվենթի միջոցով եմ ծանոթացել և նաև ասենք, մեր ընկերները սենց իրար տեղյակ են պահել, որ այսօր էսպիսի միջոցառում կա, կցանկանաս մասնակցել և այլն: Բայց եթե իվենթն էլ չլիներ, չէի կարող ոչնչից տեղակ լինել, իսկապես էդ մասսայականությունը չի վայելում: միջոցառումը կազմակերպելուց առաջ պետք է նախօրոք աղմուկ- աղաղակ հանել դրա մասին, որ այսօր այսպիսի միջոցառում է լինելու, խնդրեմ, համեցեք, լսեք:
Ինձ հաջողվեց զրուցել նաև միջոցառմանը մասնակցող բանաստեղծ Հուսիկ Արայի հետ: Այն հարցին, թե՝ ինչքանո՞վ է կարևորում այս միջոցառումը, բանաստեղծն այսպես պատասխանեց.
— Այնքանով է կարևոր, որ բաց ընթերցանություններ, հատկապես մեր օրերում շատ անհրաժեշտ է, քանի որ ընթերցող-գրող կապը խզվել է, մեկ էլ` այստեղ ներկա են նրանք, ովքեր ընթերցում են, չկա հասարակություն: Լավ կլիներ, որ բազմություն լիներ: Ես քաղաքի տարբեր վայրերում եղել եմ այսօր: Այնտեղ կային որոշակի: Անհրաժեշտ է՝ պարբերաբար պիտի կազմակերպվի, ոչ միայն այսօր, ուղղակի մարդիկ լսեն, հասկանան, որ կա գրող, գրականություն, որովհետև շատերը չգիտեն, որ կա գրող, կա գրականություն: Որևէ լրատվամիջոցով չի ասվում, և էդ խնդիրը պետք է լուծել. ի վերջո, գրողի գիրը հասնի որոշակի ընթերցողների:
Բանաստեղծ Հուսիկ Արայի կարծիքով` «այսօրվա երիտասարդությունը սիրում է ընթերցել ժամանակակից պոեզիա, և իր ընթերցողները հենց երիտասարդներ են».
— Որ ասում ենք ընթերցող չկա… Դե ավագ սերունդը կար խորհրդային միության ժամանակ, իր ժամանակակիցներին այսօր դասականներն են կարդում, հետո անկախության շրջանում չկար ընթերցող: Բայց այսօր, փառք Աստծո, երիտասարդությունն ընթերցում է, և նոր շերտ է, նոր խավ է ընթերցողների ձևավորում: Ուղղակի գրքերը թանկ են, երիտասարդները չեն կարողանում գնել: Ես գիտեմ, որ ուսանողները հավաքվում են, մի քանի հոգով մի գիրք են առնում՝ իրար փոխանցելով, կամ մեկի ծննդյան օրն է լինում, ասում են. «Սա քո գիրքն է, բայց մենք կարդանք, վերջում քեզ կտանք»: Այս խնդիրն էլ կա, բայց կա, նոր սերունդը` անկախության սերունդը, գալիս է: Ու ինքն է այս երկրի տերը, գրականության, ժամանակի ու մշակույթի տերը: Մի քիչ ժամանակ է պետք: Ամեն ինչ իր տեղը կընկնի:
Պոեզիան իր ձևի մեջ ամփոփում է ժողովրդի ձգտումները և հոգևոր բարձրագույն դրսևորումները, ինչպես նաև՝ աշխարհը փոխելու քաջություն է տալիս:
Հաղորդավար՝ Մարիաննա Պետրոսյան
Յուրաքանչյուր հինգշաբթի ժ. 15:00-ին (կրկնությունները. հինգշաբթի ժ. 19:00-ին և հինգշաբթի ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «OFF-line թեմա» հաղորդաշարն է՝ Մարիաննա Պետրոսյանի հետ:
———————————————————————————————
Քո թեման՝ «OFF-line»-ում
———————————————————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով այս հղումով
———————————————————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից