Վերջերս Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ «այսՕր/toDay-2016» խորագրով ցուցադրություն, որը նվիրած էր Ամենամյա Ալտերնատիվ Արվեստի Փառատոնի 20-ամյակին: Այս մասին զրուցեցի փառատոնի կազմակերպիչ, համադրող, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանի հետ:
— Փառատոնն, ինչպես գիտեք, նվիրված է Ալտերնատիվ-այլընտրանքային արվեստի փառատոնի 20-ամյակին, որն անցկացվում է ամեն տարի ՆՓԱԿ-ի կողմից: Փառատոնին մասնակցում են վիզուալ արվեստագետներ, նաև՝ ֆոտո արվեստագետներ. կան վիդեոարտեր, ինստալյացիաներ: Փառատոնի շրջանակներում նաև ամեն շաբաթ օր ժամը 5-ին լինելու են փըրֆորմանսներ տարբեր արվեստագետների կողմից: Փըրֆորմանսներին լինելու են — փըրֆորմանս, աուդիո և վիդեո փըրֆորմանս, գրական փըրֆորմանս: Այդ ամբողջ փառատոնը տեղի է ունենալու ապրիլի 9-ից մինչև մայիսի 14-ը: Այսքան տարիների ընթացքում ՆՓԱԿ-ում տեղի ունեցող Ալտերնատիվ-այլընտրանքային արվեստի փառատոնը հենց ինքը մեծ գուրծունեություն է ծավալել Հայաստանում` ցուցադրելով փառատոնի շրջանակներում բազմաթիվ երիտասարդ արվեստագետների, ովքեր մուտք են գործում արվեստ: Սա մեծ հնարավորություն է ընձեռում արվեստագետներին ազատ արտահայտվելու, չունենալու ոչ մի սահմանափակում թե՛ ձևի, թե՛ ֆորմայի մեջ: Կարող եմ հավելել, որ այս տարվա փառատոնին շատ ուրախալի է, որ մոտ 60 մասնակցից 20-ն առաջին անգամ են մասնակցում, ինչն առիթ կհանդիսանա այսպիսի փոխշփումների ուրիշ արվեստագետների հետ, և, ինչու ոչ, իրենց աշխատանքներում, իրենց գործունեության մեջ կբացվի նոր մտածողություն:
Սարգիս Հովհաննիսյանը նշեց նաև այն մասին, թե ինչպես են ընտրվել փառատոնի մասնակից արվեստագետները.
— Ամեն տարի տեղի ունեցող փառատոնը մոտ 2 ամիս տևողությամբ ինտերնետում հայտարարում է բաց հայտ, այսինքն՝ փառատոնը լիովին բացահայտ է, և ովքեր ցանկություն ունեն մասնակցելու փառատոնին, դիմում են արդեն իրենց մասնակցությամբ:
Արվեստագետները ներկայացրեցին իրենց յուրօրինակ աշխատանքները. լուսանկարներ, ինստալյացիաներ, տարբեր նյութերից պատրաստված նկարներ, աուդիո և վիդեո նյութեր ու ալտերնատիվ արվեստի այլ գործեր: Աշխատանքները միմյանցից բավական տարբեր էին ու միևնույն ժամանակ հետաքրքիր, բազմաբնույթ ու բազմաբովանդակ:
Ցուցադրության աչքի ընկնող ամենահետաքրքիր աշխատանքներից մեկն առաստաղից կախված հսկա ձուկն էր: Ամբողջությամբ շշերից և հատուկ գունանյութերի շնորհիվ ձկնկիթի տպավորություն ստեղծող ջրով պատված հսկա ձկան հեղինակը Արևիկ Առաքելյանն է, որն աշխատանքն ավարտին է հասցրել 4 օրում: Նա ցանկացել է այն ներկայացնել հենց ձկան տեսքով, քանի որ ձուկը խորհրդանշում է քրիստոնեություն: Արևիկը վաղուց է նկարում ու քանդակում ձկներ, և իրեն միշտ էլ հետաքրքրել է դրա խորհուրդը:
Ցուցադրությանը սև-սպիտակի մեջ ներկայացված լուսանկարների հեղինակ Հասմիկ Բարխուդյանը ցանակացել էր իր լուսանկարներով մարդկանց ուշադրությունը գրավել այն օբյեկտների վրա, որոնց մարդիկ համարում են տգեղ, կամ էլ փորձում են անտեսել, ինչպես` էլեկտրալարեր, բնակելի շենքեր և այլն: Հասմիկը փորձել է իր լուսանկարների միջոցով ցույց տալ, որ այդ օբյեկտները կարող են ընկալվել գեղեցկի սահմաններում:
Հետաքրքիր ու տպավորիչ էր Գայանե Եղիազարյանի «Տարածություն» վերնագրով վիդեոարտը. Էկրանին մի աղջիկ է, ով անդադար թռչկոտում է, էկրանի դիմաց` զսպանակավոր մահճակալ, որի վրա ցանկացողները կարող են բարձրանալ ու ազատ թռչկոտել:
Վիդեոարտի մասին խոսեց փառատոնի կազմակերպիչ Սարգիս Հովհաննիսյանը, ապա հենց ինքը` հեղինակը: Սարգիս Հովհաննիսյանի մեկնաբանությունն այսպիսին էր.
— Վիդեոարտը, որը ներկայացված է Գայանե Եղիազարյանի կողմից, անձամբ ինքն իր թռիչքն է օգտագործել այդ վիդեոյի մեջ: Օգտագործել է, ու ինչու է դրված հենց այս ի մեջ, հենց արվեստագետի կողմից այն մոտեցումն է, որ ստեղծվի ինտերակտիվ երկխոսություն հանդիսականի հետ՝ նայի, փորձի ինքն էլ զգալ՝ այսօր, այս ժամանակի մեջ զգա այն, ինչն արվեստագետն այսօր ասում է մեզ:
Իսկ ահա Գայանե Եղիազարյանը խոսեց իր զգացողությունների և այն մասին, թե ինչպես ծնվեց վիդեոարտի գաղափարը:
— Այստեղ կան մանկություն, երազանք, թռիչք, ազատություն: «Տարածություն» է վերնագիրը հենց դրա համար, որ ամեն ինչ է իր մեջ ներառում: Ամենագլխավոր միտքը, որ ես ապրեցի այդ պատկերը, երբ ընկերներիցս մեկը Մոսկվայից եկավ՝ երկար տարիներ ապրում էր Մոսկվայում, ու հենց Հայաստանից զանգեց, ասաց. «Գայ, գիտե՞ս` վերադարձել եմ հայրենիք ու էստեղ պիտի ապրեմ»: Երևի պատկերի մեջ կա այդ ճախրանքը, հուզմունքը, ուրախությունը: Ամեն վերադարձողի հետ ես զգում եմ ազատության թռիչքը: Ամեն մարդ իրավունք ունի որոշելու` որտեղ ինքն ապրի, որովհետև իրականում գնացողներն իրենք չեն որոշում, այլ ինչ-որ իրադարձությունների բերումով, բայց իրենք չեն որոշում: Իրենք իրավունք ունեն որոշելու ու լինելու այնտեղ, որտեղ իրենք են ուզում լինեն: Ու այդ աղջիկը երկար տարիներ երազել էր, որ ինքն այստեղ պիտի ապրի:
Ուշագրավ էր հատկապես ցուցադրության ամբողջ ընթացքում լսվող դռան թակոցը, որը տանում էր դեպի այն դուռը, որի դիտանցքից նայելիս տեսնում ես գրված «Ես եմ» արտահայտությունը: Այս գործի մասին հեղինակի բացատրությունը.
— Երբ դուռը թակում ես և ասում են. «Ո՞վ է», ասում ես. «Ես եմ», չէ՞: Այդ «Ես եմը» չի ասում, չի ներկայացնում քեզ: Այսինքն, ինչ-որ ինքնության մասին է, որն այդ «Ես»-ով ուզում ենք ցույց տալ, բայց արդյունքում ոչ մի բան ցույց չի տալիս. այդքան «Ես եմ»-ների մեջ դու էլ դառնում ես այդ «Ես եմ»-ը, որը ոչինչ չի ասում քո ինքնության մասին` իրականում դու ով ես ու ով է այդ դռան ետևում կանգնած մարդը: Այդքանը:
ՈՒշագրավ էին նաև առաջին հայացքից չափազանց պարզ ու հասարակ թվացող, բայց «Ընտանիք» խորագիրը կրող վանդակված ավելները: Աշխատանքի հեղինակը 6 տարեկան Նարե Թովմասյանն է, որի երկխոսությունն իր մայրիկի հետ չափազանց հուզիչ ու տպավորիչ էր:
Նարեի մայր — Սա ի՞նչ է:
Նարե — Մաման, պապան և երեխան:
Նարեի մայր — Բայց ինչո՞ւ վանդակված:
Նարե — Վանդակված չեն՝ ամուր իրար հետ են, պաշտպանված են:
Նարեի մայր — Իսկ ինչո՞ւ ավելներ:
Նարե — Մաաա, մեր դպրոցում ասում են, որ ավելը լավ բան է. Ինքը մաքրում է զիբիլ-միբիլը:
Ասելիքով բավականին հարուստ էին ցուցադրության ներկայացված երկու տեսանյութերը, որոնց հեղինակը Ռուզան Պետրոսյանն է: Տեսանյութերի մասին հեղինակն ասաց.
— Ներկայացնում եմ երկու վիդեոաշխատանք, որոնք նոր են և նկարել եմ անցյալ տարի: Առաջին անգամ եմ ներկայացնում: Մեկը կոչվում է «Never let me go»: Ավելի շատ խոսում է արտագաղթի, մեկնումի, հեռանալու մասին: Կարծում եմ` վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է: Նկարել եմ Ֆրանսիա-Գերմանիա ճանապարհին: Շատ էի ազդվել արևի լույսից ու ինչքան ես հեռանում էի դեպի Գերմանիա՝ արևն ինձ հետ գալիս էր: Նույնիսկ մտածում էի` դա հայկական արևն է, և մեքենայի մեջ էլ հնչում էր Արտո Թունջբոյաջյանի երգը: Հետաքրքիրն այն էր, որ միայն ես էի հայերեն հասկանում և ճիշտ զգում: Երևի այդ էմոցիաներից ելնելով` որոշեցի նկարել ու հավաքել մի բան, որը մեկնումի, ճամպրուկի, ընդհանրապես՝ հեռանալու մասին է: Հաջորդ աշխատանքը կոչվում է «You need it, you want it», այսինքն` այն, ինչ մենք ուզում ենք՝ դրա կարիքն ունենք: Մի աղջիկ է, որն անընդհատ պտտվում է. ինքն այնտեղ ազատ է: Լեոնարդ Քոհենի ձայնն եմ օգտագործել, որը կանչում է. «Find me» — «Փնտրիր ինձ»: Ուզում եմ ասել, որ մենք ազատ ենք: Աղջիկը չի ուզում փնտրել, պարզապես ինքը չլսելու է տալիս և ասում. «Թող ազատ՝ ես որոշեմ փնտրել, թե ոչ», և ձայնն անընդհատ հետևում է նրան: Կարծես մեր կյանքում ինչ-որ մեկը մեզ ասում է. «Փնտրիր», լինի արական, թե իգական սեռ:
Զրուցեցի արվեստագետներից ևս մեկի հետ: Այս անգամ խնդրեցի, որ նա ներկայացված աշխատանքները մի պահ դիտի հանդիսականի աչքերով, հայտնի իր կարծիքը դրանց մասին ու խոսի փառատոնի կարևորության մասին:
— Ցուցահանդեսը կարևոր է այն առումով, որ հենց կոնցեպտի վրա է հիմնված: Այսօրվա ցուցահանդեսներն այդքան հիմնված չեն կոնցեպտի վրա, այսինքն՝ հիմնականում տեսնում ես գեղանկար, գծանկարի ինչ-որ էլեմենտներ, կիրառական արվեստ, բայց հենց կոնցեպտին ոչ մի բան առանձնացված չէ: Այստեղ շատ լավ աշխատանքներ կան: Այս փայտե աշխատանքներն եմ շատ հավանել, քանդակները: Գունային առումով շատ սիրուն են՝ շատ լավ է գունային գամման ընտրված՝ ոչ սառը գույներ են, ոչ տաք, ինչ-որ հավաքված կոմպոզիցիա է: Այստեղ երեք ֆոտո կա, որ մոտենում ես, տեսնում ես` հեչ էլ ֆոտո չի: Դրանք շտրիխներով այսպե քերված են: Հենց վերաբերմունքն է դուր գալիս այս ցուցահանդեսի հանդեպ: Կազմակերպիչը շատ լավ է համադրել: Այս պոզիցիան է շատ լավը, մահճակալով փըրֆորմանսն էլ է շատ հետաքրքիր, որտեղ մարդիկ գալիս, օգտվում են այդ մահճակալից, թռվռում դրա վրա: Լավ է, որ ազատ են այդ առումով, իրենց չեն սահմանափակում, մտածեն թե. «Վայ, ամոթ է, կարող է ինչ-որ մեկը նայել»: Վիդեոները շատ լավն են, դրանք ուղղակի գրաֆիկական առանձին գործեր են, որ կարելի է անընդհատ նայել: Հասկանում եմ, որ շարունակվում է այդ ամենը, կրկնվում տեղ-տեղ, բայց անընդհատ կարող ես նայել: Շատ հաճելի է նույնիսկ աչքին, որովհետև ես 10 րոպե կանգնած նայում էի, զգում էի` նույն բանն եմ նայում, բայց ինձ, մեկ է, դա դուր է գալիս:
Իր տպավորություններով կիսվեց նաև ցուցադրությանը ներկա հանդիսականներից մեկը.
— Ցուցադրությանը ներկայացված են ժամանակակից, ոճից հասկացա, որ երիտասարդ արվեստագետների ինստալյացիաներ և գեղարվեստական ստեղծագործություններ: Էմոցիաներս միանշանակ չեն, ինպես լինում է ժամանակակից արվեստի հետ շփվելուց հետո: Այսինքն, ինչ-որ ժամանակ է պետք մարսելու և միանշանակ հասկանալու, թե ինչ տպավորություն կա: Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, գաղափարներ կան, որոնք նոր են: Հենց դա էլ շփոթեցրել է ինձ այս պահին: Ողջունում եմ շատ այս նախաձեռնությունը: Այսպես հաճախ որ լինի, շատ ավելի ուրախ կլինենք և ավելի շուտ կընկալենք լավն ու վատը:
20-րդ Ամենամյա ալտերնատիվ փառատոնի շրջանակներում կայացավ նաև Էդգար Ամրոյանի զուգահեռ նախագիծը` «Էդոյի «Երազը» խորագրով: Ժանգոտած մեքենա, քայքայված տրոլեյբուս, կիսավեր «Երազ» ավտոմեքենան. հայկական իրականություն` անցյալի նմուշներով պատված: էդգար Ամրոյանի ընտրած օբյեկտները, որ կարծես դիմանկարներ լինեն, խոսում են մեր ուղեղում դեռ առկա խորհրդային արժեքների մասին: Այդ քայքայված ու ժանգոտած մեքենաներն անցյալի ու ներկայի միջև եղած կամրջող հարթություններն են` ուղղակիորեն գծագրելով այն իրականությունը, որում հայտնվել է այդ անցյալը: Իր նախագծի մասին զրուցեցի Էդգար Ամրոյանի հետ.
— Հին մեքենաներ են՝ բնության մեջ շպրտած: Իմ համար ցույց է տալիս ժամանակի անիմաստությունը: Ժամանկին այս մեքենաները բավականին թանկ էին՝ մեր սովետական ժամանակի մեքենաները: Մարդիկ տարիներով գումար էին հավաքում, որ գնեին: Բայց ժամանակի հետ այդ ամենը դառնում է բոլորովին անիմաստ, ինչպես այսօր մեր իշխանություններն այդ միլիարդները կուտակում են ժողովրդի հաշվին, ժամանակի հետ դա դառնալու է անիմաստ՝ աղբ է դառնալու: Իրենք էլ են աղբ դառնալու, իրենց ունեցվածքն էլ: Այստեղ կուզեի այս տրոլեյբուսին ուշադրություն դարձնեիք: Սա այն նույն տրոլեյբուսն է, որը 1976 թ.-ին վթարի պատճառով ընկավ Երևանյան լիճը: Ահագին մարդ ընկավ լիճը: Երևի գիտեք այդ պատմությունը, որ Շավարշ Կարապետյանը` ջրասուզալող սպորտաձևի աշխարհի չեմպիոն, մարզվում էր ամեն օր: Բախտի բերմամբ այդ պահին գտնվում է այդտեղ ու 20 հոգու կյանք փրկում: Հետո, որքան գիտեմ, իր կյանքը փրկելու հարց է լինում, ու իր սպորտային կարիերան ավարտվում է, բայց մարդն իր կյանքով ռիսկի է դիմել, որ ուրիշների կյանքը փրկի: Այդ մտածողությունը կարծես թե վերացել է, հիմա արդեն պրոպագանդվում է մեծը, հարուստը, օլիգարխը, «կարողանում է՝ անում է», «ես էլ լինեի՝ կանեի», և այլն: Գավառական մտածողությունն է, որ շատ է ուժեղանում: Հիմա մենք սահմանից դուրս անընդհատ թշնամիներ ենք փնտրում, չէ՞՝ թուրքեր, ադրբեջանցիներ: Այդ բոլորը շատ պարզ է, բայց առաջին թշնամին այդ մտածողությունն է: Ներսի թշնամին շատ վտանգավոր է, որովհետև անտեսանելի է: Թշնամին որքան էլ հզոր լինի, այդքան չի հասնի անտեսանելիին:
Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ապրիլի 9-ին: Փառատոնը շարունակվելու է մինչև մայիսի 14-ը: Այն միտում ունի կոնցեպտուալ արվեստի դրսևորումների մաքրման:
Փառատոնը հնարավորություն է տալիս արվեստագետներին ազատ ստեղծագործելու և արտահայտելու իրենց զգացողություններն ու գաղափարները, իսկ հանդիսականներին` հաղորդակցվելու ալտերնատիվ արվեստի անսահմանափակ դրսևորումներին և իրենց համար սահմանելու գեղեցիկն ընկալելու նոր տեսակետներ ու չափանիշներ:
Հաղորդավար՝ Մարիաննա Պետրոսյան
Յուրաքանչյուր հինգշաբթի ժ. 15:00-ին (կրկնությունները. հինգշաբթի ժ. 19:00-ին և հինգշաբթի ժ. 22:00-ին)
www.onlineradio.am-ի եթերում «OFF-line թեմա» հաղորդաշարն է՝ Մարիաննա Պետրոսյանի հետ:
———————————————————————————————
Քո թեման՝ «OFF-line»-ում
———————————————————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով այս հղումով
———————————————————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից