«ԼարԱնն». ONLINE ռադիո.am ;)

ԱՆՆԱ — Լաուրա, հաղորդման համար թեմա պիտի ընտրենք, բայց չգիտեմ ինչ: Սելֆիներից խոսել ենք, թատրոնից՝ նույնպես, կինոների մասին անե՞նք այս անգամ հաղորդում:
ԼԱՈՒՐԱ — Աննա՞, մոռացել ես. «Օնլայն Ռադիոն» նոր հաղորդաշարեր է ունենալու եթերում, պետք է այս հաղորդումը ռադիոյի գործունեությանը և նրա հաղորդաշարերին նվիրենք:
ԱՆՆԱ – Ուրեմն, պետք է բոլորի հետ խոսենք, որ սկսենք աշխատել սցենարի վրա:

Հենց այսպես ամեն եթերից առաջ մտածում ենք, քննարկում ու թեմա ընտրում: Հետո նյութերն ենք պատրաստում, հարցումներ անում ու գալիս հաղորդումը վերջնական տեսքի բերելու:
Ասում են՝ ռադիոն կախարդական աշխարհ է, իսկ «Օնլայն Ռադիոն» կախարդանքը տարածում է ողջ աշխարհով:
Այսօր «ԼարԱննի» հյուրն է «Օնլայն Ռադիոն»՝ իր աշխատակազմով: «Օնլայն Ռադիոյի» տաղավարում են «ԼարԱննը», «Կինո-ՄԱԳը», «Կարևոր անկյունը», «Գիտական պատմությունները». հաղորդաշարեր, որոնք այսուհետ կլինեն «Օնլայն Ռադիոյի» օնլայն եթերում: Հետագայում էլ արդեն գործող հաղորդաշարերին կմիանան կմիանան մշակութային, տնտեսական, քաղաքական, երաժշտական և այլ հաղորդաշարեր: Կլինեն հաղորդաշարեր մեր հետ և մեր կողքին ապրող յուրահատուկ մարդկանց մասին: Ինտելեկտուալ խաղ էլ ենք ունենալու:
Ռուզան Պետրոսյան — «Օնլայն Ռադիոյի» ծրագրերի տնօրեն (լրագրող, հաղորդավար, նկարիչ)

Ողջույն, Ռուզան:
Ռուզան Պետրոսյան – Ողջույն, «ԼարԱնն»:
Շնորհակալ ենք, որ մեր տաղավարում եք և ձեր զբաղված առօրյայից ժամանակ տրամադրեցիք նաև մեր հաղորդմանը: Թեև հաղորդաշարի հետ կապված շատ հարցերում մեզ օգնում եք, բայց այս անգամ կխոսենք որպես ծրագրերի տնօրեն: Ի՞նչ սկզբունքով եք ընտրել այն ծրագրերը, որոնք արդեն եթերում են լինելու:
Նախ՝ ես էլ եմ ձեզ շնորհակալ, մեծ սիրով եմ եկել ձեր մոտ, որովհետև ձեզ շատ եմ սիրում: Տարբեր բնույթի ծրագրեր կան: Թե ինչ սկզբունքով ենք ընտրել ծրագրերը. կախված է, թե որքանով կհետաքրքրի ինտերնետ ռադիոլսողին: FM-ռադիոն ինտերնետ-ռադիոյից տարբերվում է նրանով, որ ավելի հասանելի է, ինտերակտիվ կապը ինտերնետային է: Այս առումով որոշեցինք շեշտը դնել ավելի ինտերնետ-ռադիոյի վրա: Առաջին հաղորդաշարը ձերն է՝ «ԼարԱննը», ունենք «Կինո-ՄԱԳը», որը քիչ հետո ինքը կներկայանա, փոքրիկների մասին ունենք հաղորդաշար՝ «Կարևոր անկյունը»: Ինչպես ենք ընտրում հաղորդավարներին. շեշտն ավելի շատ դրված է ռադիոյի «հիվանդների» վրա, որովհետև մարդ պետք է լինի ռադիոյով վարակված, սիրի իր գործը և իր անհատականությունը չկորցնի: Մեզ պետք են անհատներ և ռադիոյի նվիրյալներ:
Գիտենք, որ ժամանակին դուք էլ եք եղել ռադիոյով «հիվանդ»: Այժմ ի՞նչ գործունեոթւյուն եք ծավալում:
Հիշում եմ իմ առաջին մուտքը ռադիոաշխարհ՝ Հնրային ռադիոն էր դա: Այն ժամանակ պատից կախված այդ արկղիկի մեջ ուզում էի հայտնվել, և չգիտեի, թե ինչպես են հայտնվում: Երբ բախտ վիճակվեց հայտնվել այդ արկղիկում, հիշում եմ՝ ձայնագրությունների ժամանակ դպրոցական էի, տարված էի հաղորդավարներով, վերջում անունս երբ տալիս էին՝ հետո էին հիշում, որ ես բան չեմ ասել. ես հիացած էի ռադիոյի աշխարհով: Հետո, երբ հասունանում ես, արդեն ուղիղ եթեր, և այլն, սկսեցի վարակվել և սիրել ռադիոաշխարհը: Հետո դադարեցրեցի ռադիոյում գործունեությունս, հիմա ավելի շատ արվեստն է գրավում: Հիմնականում, աշխատել եմ արվեստի ոլորտում: Բացահայտեցի արվեստը՝ զգացի, որ ժուռնալիստիկային մոտենում եմ ստեղծագործաբար և իմ մեջ ժուռնալիստը կորում է: Ժուռնալիստը չպետք է ստեղծագործի, անձնավորի, իսկ իմ մոտ էդպես էր: Հետո հասկացա, որ ժուռնալիստիկան օգտագործել եմ արվեստ հասնելու համար: Դա ինձ հաջողվեց, հիմա ինձ արվեստն է գրավում, դրա համար ուզում եմ դառնալ պրոֆեսիոնալ արվեստի ոլորտում:
Գուցե «Օնլայն Ռադիոյի» եթերում մի օր էլ սկսվի մի հաղորդաշար, որը կվարի Ռուզանը ու կխոսի հենց արվեստից:
Գուցե: Ինչպես ասում են՝ հիվանդությունները չեն բուժվում, անպայման նորից ծիլ կտա սերը նվիրվածությունը, և փորձեմ ինչ-որ մի հաղորդաշար նորից անել:
Շնորհակալ ենք ձեզ: Ուրախ ենք, որ մեր կողքին ունենք ձեր տեսակ մարդ: Հուսանք միշտ կաշխատենք միասին: Եվ ոչ միայն որպես ծրագրերի տնօրեն, այլև կոլեգաներ, ովքեր նույն սեղանի շուրջ կվարեն հաղորդումներ: Մենք կսպասենք ձեր հաղորդումներին:
Մեծ սիրով: Ես էլ ձեզ եմ շնորհակալ: Ձեզ մաղթում եմ, որպեսզի երբեք չկորցնեք ձեր ինքնուրույնությունը, ոչ մեկի չփորձեք կրկնօրինակել: Պահպանեք ձեր անհատականությունը, և իմացեք, որ դուք ամենալավն եք:
Շնորհակալություն:

Էսպիսի դրական էմոցիաները միշտ շատ վառ են «Օնլայն Ռադիոյի» եթերում և եթերից դուրս:
Հիմա՝ հաղորդաշարերի մասին. մեկը մյուսից բազմաժանր, մեկը մյուսից հետաքրքիր, մեկը մյուսից բովանդակալի:

Զրուցենք մեր հաջորդ գործընկերոջ՝ Մագա Պետրոսյանի հետ. «Կինո-ՄԱԳ»: Ինչպես կռահեցիք՝ փորձել ենք մեր հաղորդաշարերի անվանումները կապել մեր անունների հետ: Մագան «Օնլայն Ռադիոյի» եթերում խոսելու է կինոաշխարհի նորությունների և կինեմատոգրաֆիայի մասին ընդհանրապես:

Ողջույն, Մագա:
Բարև ձեզ, աղջիկներ:
Մագա, հաճելի է քեզ տեսնել «ԼարԱննի» շրջանակներում: Հետաքրքիր է, ի՞նչ ես անում «Օնլայն Ռադիոյում»:
«Օնլայն Ռադիոյի» եթերում վարում եմ «Կինո-ՄԱԳ» մշակութային հաղորդաշարը, որի ընթացքում ներկայացնում եմ տեղեկատվություն ժամանակակից հայկական ֆիլմարտադրության մասին, անդրադառնում եմ նաև արդեն ցուցադրված ֆիլմերին:
Հետաքրքիր է, ինչպես հայտնվեցիր «Օնլայն Ռադիոյում»:
Կարդալով «Օնլայն Ռադիոյի» տարածած հայտարարությունն այն մասին, որ հետաքրքիր գաղափարներով հաղորդաշարեր են ընդունվում, որոշեցի դիմել:
Հետաքրքիր վերնագիր եք ընտրել. «Կինո-ՄԱԳ»: Ինչպե՞ս ընտրվեց հաղորդաշարի անվանման այս տարբերակը:
Հաղորդումն ի սկզբանե այլ անվանում ուներ: Հիմա ուրախ եմ, որ այդ անվանումը չի ընտրվել, այլ օգնեցին ինձ այդ հարցում Ռուզանն ու Սարգիսը: Առաջարկել էին 2 անվանում՝ «ՄԱԳԱ-զին» և «Կինո-ՄԱԳ»: Քննարկումների արդյունքում որոշվեց անվանել «Կինո-ՄԱԳ»:
Հաճելի է: Համոզված ենք, որ հաղորդմանդ ժամանակ կլինեն շատ հետաքրքիր պատմություններ, կիմանանք ավելին այսօրվա մեր ֆիլմերի մասին հենց քո հաղորդաշարից առաջինը: Որպես հաղորդաշարի հեղինակ-վարող. ո՞րն է այն պատճառը, որ հենց քո հաղորդաշարին պետք է հետևի ռադիոլսողը:
Կարող եմ նշել, որ եթե ռադիոունկնդիրը կինոսեր է, ապա «Կինո-ՄԱԳ» հաղորդաշարը նրան հնարավորություն կտա լսելու և տեղեկանալու բոլոր այն ֆիլմերից, որոնք շուտով լինելու են մեծ էկրաններին:
Մեր ռադիոլսողները սիրով կցանկանան լսել քո «Կինո-ՄԱԳ» հաղորդաշարը, եթե նրանց հիշեցնես եթերի օրն ու ժամը:
Հաղորդաշարը եթերում է լինում ամեն երկուշաբթի՝ ժամը 15:00-ին, իսկ կրկնությունները՝ նույն օրը՝ ժամը 19:00-ին և 22:00-ին: Կարող են նաև գտնել ֆեյսբուքյան մեր «Կինո-ՄԱԳ» էջը, հավանել այն, հետևել մեր հետագա ընթացքին:
 «Կինո-ՄԱԳին» մաղթում ենք անխափան եթեր, և որ հայկական կինեմատոգրաֆիայում նոր ֆիլմերն այնքան շատ լինեն, որ քո հաղորդումներն էլ բազմաժանր դառնան: Մենք էլ քո մշտական ռադիոլսողներից մեկն ենք: Շնորհակալություն, մեր տաղավարում հյուրընկալվելու համար:
Ես էլ ձեզ եմ շնորհակալ հյուրընկալելու համար: Ձեզ նույնպես մաղթում եմ անխափան եթեր:
Շնորհակալություն:

ԱՆՆԱ — Լաուրա, հետաքրքիր է. քեզ փոքր ժամանակ շատ ե՞ն նկատողություն արել:
ԼԱՈՒՐԱ – Մայրիկս պատմում է, որ խելոք երեխա եմ եղել: Բայց չեմ կարծում այնքան խելոք եմ եղել, որ երբեք նկատողություն չանեին:
ԱՆՆԱ – Գիտե՞ս, «Օնլայն Ռադիոյի» եթերում կա մի շատ կարևոր հաղորդաշար, որը նվիրված է հենց ծնողներին և փոքրիկներին:
ԼԱՈՒՐԱ – Այո, «Կարևոր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Նարինե Պետրոսյանն արդեն մեր տաղավարում է: Նա իր հաղորդաշարի ընթացքում խոսելու է երեխաների դաստիարակության մասին:

Բարև, Նարինե:
Բարև ձեզ, սիրելի «ԼարԱնն»: Ուրախ եմ, որ ձեր տաղավարում եմ: «Կարևոր անկյուն» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալու ենք այն ամենին, ինչ կապված է երեխաների դաստիարակության և նրանց զարգացման հետ: «Կարևոր անկյուն» հաղորդաշարը նպատակ ունի օգնության հասնելու բոլոր այն ծնողներին, որոնք պատասխանատվությամբ են մոտենում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: Հաղորդման ընթացքում կիմանաք, թե ինչպես կարող եք մարզել երեխայի հիշողությունը խաղերի և տարբեր մարզումներին միջոցով:
Հետաքրքիր է. կարծում ենք, որ սա կհետաքրքրի նաև ապագա մայրերին: Կասե՞ս, թե ինչպես կարող է ռադիոլսողը հետևել հաղորդաշարին:
«Կարևոր անկյունը» «Օնլայն Ռադիոյի» եթերում է յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 15:00-ին, կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին: Կարող են նաև գտնել մեզ Ֆեյսբուքում՝ «Կարևոր անկյուն» էջը, հավանել, ուղղել հարցեր, որոնք հետաքրքրում են ռադիոլսողին, որոնց անպայման կանդրադառնամ հետագա հաղորդումների ընթացքում:
Հաղորդումները պատրաստելու ընթացքում որքանով է լինելու հոգեբանների և բժիշկների աջակցությունը:
Հոգեբանների և բժիշկների աջակցությունն անպայման լինելու է, որովհետև թեմաներն այնպիսին են, որ պետք է մասնագիտական խորհրդատվություն: Լինելու են նաև հարցազրույցներ բժիշկների հետ, նաև երեխաների հետ՝ որոշ թեմաների դեպքում:
Շնորհակալություն, քեզ մաղթում ենք բարի եթեր: Համոզված ենք, որ քո տված յուրաքանչյուր ինֆորմացիա շատ օգտակար կլինի մեր մայրերի համար:
Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար: Հաճելի էր զրույցը ձեր հետ:

Ինչպես տեսնում ենք՝ «Օնլայն Ռադիոյի» եթերը լի է հետաքրքիր հաղորդումներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լսարանը:

Հաջորդ հաղորդաշարը «Գիտական պատմություններն» է՝ հեղինակ Արամայիս Պետրոսյան: Ողջույն, Արամայիս: Ներկայացրու քո հաղորդաշարը:
Ողջույն, «ԼարԱնն»: «Գիտական պատմություններ» հաղորդաշարի ընթացքում փորձելու եմ ներկայացնել  մեր գիտական ճանաչում ստացած մեծերին և այն մարդկանց, ովքեր հիմա զբաղվելով գիտությամբ, հասել են մեծ հաջողությունների, և մասսայական ճանաչում չունեն:
Հետաքրքիր է, գիտական թեմային անդրադառնալը այնպես, որ մեր ռադիոլսողը հասկանա, ինչքանո՞վ է քո համար հեշտ:
Լինելով գիտական աշխարհի ներկայացուցիչ՝ հնարավորինս փորձելու եմ ներկայացնել մատչելի լեզվով: Այսինքն, դուրսբերումներ չկատարել, ներկայացնել գիտաշխատողների կատարած աշխատանքները հանրությանը հասկանալի լեզվով:
Արամայիս, մասնագիտությամբ լրագրող չես. ի՞նչը քեզ ձգեց դեպի ռադիոն:
Դեպի ռադիո ձգեց այն միտքը, որ ամեն մարդ իր կայնքի ընթացքում փորձում է սովորել և այդ ընթացքում պակասում են այն նյութերը, որոնք անհրաժեշտ են հետագա զարգացման համար: Այսինքն, մարդն ինքնազարգացում է ապրում ամբողջ կայնքի ընթացքում: Հենց այս ինքնազարգացման համար անհրաժեշտ նյութերի պակասի պատճառով էլ փորձում եմ ներկայացնել մեր գիտնականների կատարած աշխատանքները, որպեսզի հասարակության այն հատվածը, որ ընդհանրապես կապ չունի գիտության հետ, կարողանա ըմբռնել մեր հանճարեղ գիտնականների աշխատանքները:
Մնում է մեր ռադիոլսողին հայտնես եթերի օրն ու ժամը:
«Գիտական պատմություններ» հաղորդաշարին կարող են հետևել ամեն հինգշաբթի ժամը 15:00-ին, և կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին:
«Գիտական պատմությունները» ևս ունի իր ֆեյսբուքյան էջը, որին կարող են հետևել ռադիոլսողները:
Այո, կարող են հետևել նաև ֆեյսբուքյան մեր «Գիտական պատմություններ» էջի միջոցով, կիսվել իրենց հարցերով, առաջարկել թեմաներ, որոնց շուրջ հետաքրքիր կլինի զրուցել:
Բարի երթ ենք մաղթում նաև Արամայիսին և նրա հեղինակած «Գիտական պատմություններ» հաղորդաշարին:

Այսքանով «Օնլայն Ռադիոյի» հաղորդաշարերը չեն սահմանափակվում: Ունենալու ենք նաև հաղորդաշարեր երաժշտության, տնտեսական, քաղաքական, և այլ թեմաների մասին ևս:

Հիմա էլ մեր մասին 🙂 «ԼարԱնն»
Ասեմ, որ մեր հաղորդաշարի անվանումը շատ հետաքրքիր համաձուլում է, քանի որ մեր ռադիոլսողներն առաջին իսկ հաղորդումից իմացել են, որ հաղորդումը վարում են Լաուրան և Աննան: Հարկ չկա երկար մտածելու՝ հասկանալու համար հաղորդման անվանման ծագումը. «ԼարԱնն» — Լաուրա և Աննա անունների միացման արդյունքում ստացանք մեր հաղորդաշարի շատ հետաքրքիր անվանումը: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ անդրադառնում ենք տարբեր թեմաների՝ սկսած «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից, մինչև Հելոուին, սելֆիներից մինչև թատրոններ: Ոչ միայն տալիս ենք չոր տեղեկատվություն, այլ նաև հարցումներ ենք անցկացնում հասարակության շրջանում՝ տվյալ թեմայի շուրջ կարծիքներն իմանալու համար: Մեր գործընկերների պես մենք էլ ունենք մեր ֆեյսբուքյան «ԼարԱնն» էջը: Հավանեք այն և հետևեք մեր ընթացքին: Այնտեղ կարող եք լսել ձեր բացթողած հաղորդումները, ինչպես նաև՝ կիսվել տպավորություններով և առաջարկներով:
Մեր հաղորդաշարին կարող ես հետևել ամեն երեքշաբթի՝ ժամը 15:00-ին, իսկ կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին:
Հենց այսպես. նոր հաղորդումներ, հաճելի քննարկումներ ու թեմաներ: «Օնլայն Ռադիոն» օնլայն հարթակում կխոսի ամեն ինչի մասին:
Այսօր էլ այսպիսի «ԼարԱնն»:
Կհանդիպենք հաջորդ երեքշաբթի՝ նոր թեմաներով և նորություններով:
———————————————————
Կհանդիպենք օնլայն տիրույթում:
Հետևեք «ԼարԱնին», որ չհայտնվեք դարանում
———————————————————
Աննա Գարեգինյան, Լաուրա Մարտիրոսյան

«Օնլայն ռադիոյի» եթերում «ԼարԱննին» կարող եք հետևել ամեն երեքշաբթի ժ. 15:00-ին, կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին:

Հեղինակը՝ Լաուրա և Աննա

Տես նաև

www.onlineradio.am larann-tatron

«ԼարԱնն». Թատրոն

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am larann-ergum-enq-miasin

«ԼարԱնն». 5 հոգով 6 երգ ենք երգում

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am larann-selfie

«ԼարԱնն». Սելֆի

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան