«ԼարԱնն». 5 հոգով 6 երգ ենք երգում

Հաճախ կարելի է լսել. «5 հոգով 6 երգ ենք երգում»: Փոխաբերական իմաստով գործածվող այս արտահայտությանն այսօր «ԼարԱննում» կանդրադառնանք հենց ուղիղ իմաստով:

Անհասկանալի՞ է, բացատրենք.
Պատկերացրեք, որ ընկերներով քաղաքից դուրս վայելում եք բնությունն ու որոշում եք երգել… մեկը մյուսին հաջորդող կիսատ երգեր, անավարտ մեղեդիներ: Որքան էլ ժխտենք՝ մինչև վերջ ոչ մի երգ չենք երգում: Հենց այսպես, մեկը մյուսին հաջորդող երգերն անավարտ թողնելով, անցնում ենք մյուսին, արդյունքում՝ չենք երգում և ոչ մի երգ: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ չգիտենք երգերը մինչև վերջ: Ամեն երգից մի տուն, կամ միայն կրկներգն իմանալով համարում ենք, որ երգը գիտենք ամբողջությամբ:
Մենք փորձել ենք հասկանալ, թե ի՞նչ երգեր են լսում երիտասարդներն ընկերական հավաքույթների ժամանակ, և ո՞ր երգերը գիտեն մինչև վերջ:
Նշեմ, որ հարցմանը մասնակցել են հիմնականում ուսանողներ տարբեր բուհերից: Մեր հարցման արդյունքում պարզ դարձավ, որ թեև երիտասարդները երգում են «Բիթլզի», Ռուբեն Հախվերդյանի երգերից շատերը, բայց նրանց երգացանկում շատ են ազգագրական երգերը: Իսկ ամենահաճախը երգում են «Գետաշենը»:
————-
«Գետաշենը» գրվել է Գուսան Հայկազունի կողմից, 1992 թվականին: Գուսան Հայկազունը մասնակցել է Արցախյան պատերազմին՝ Արտաշատի «Երկրապահ» ջոկատում, Մհեր Սաղաթելյանի հրամանատարության ներքո։ Մարտական գործողություններն սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում։ Ինչպես պատմում է Գուսանը. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1990 թվականին 20-25 զինված տղաներից բաղկացած կամավորական ջոկատը ժամանեց Երևան՝ Գետաշեն մեկնելու և այն պաշտպանելու համար։ Հրամանատարը Լաերտ Սաղաթելյանն էր։ Եկածների մեջ տեսնելով Գուսան Հայկազունին՝ հրամանատարն արգելեց նրան մեկնել` ասելով. «Մի պատահական գնդակ քեզ որ կպչի ի՞նչ ենք անելու։ Քեզ այնտեղ գնալ չի կարելի»։
Գուսանը հաստատակամ էր և փորձեց գաղտնի մտնել ինքնաթիռ: Սակայն, հրամանատարը դա նկատեց և ասաց. «Դե´, հիմա իջի´ր: Էս ո՞ւր ես թռչում։ Քեզ չասացի՞, որ չես մեկնելու։ Ավելի լավ է՝ մնաս այստեղ ու մի երգ գրես Գետաշենի մասին»։ Գուսանն այդպես էլ արեց. մնաց Երևանում և երեք օրվա ընթացքում Գետաշենի մասին երգ գրեց։ Չորրորդ օրն այն ուղղաթիռով, որով զենք ու սննդամթերք էին տեղափոխում, Գուսանը մեկնեց Գետաշեն ու միացավ ջոկատին։ Այնտեղ էլ կայացավ երգի առաջին կատարումը:
Ինչպես պատմում է Գուսան Հայկազունը. «1992 թվականին հայկական ջոկատներից մեկն Արամայիս Մկրտչյանի հրամանատարությամբ դիրքեր էր գրավել Շահումյանի և Մարտակերտի անտառներում՝ ապահովելու անվտանգ գաղթը Շահումյանի շրջանից։ Զինվորները գալիս և հրամանատարին ասում են, որ անտառներից հայ երեխաների ձայներ են լսվում, սակայն ոչ ոք զինվորների արձագանքներին չի պատասխանում։ Հրամանատարը շարում է ամբողջ գունդը և պատվիրում երգել «Գետաշեն» երգը։ Ջոկատը երգում է «Գետաշենը»: Հանկարծ թփուտների միջից 80 տարեկան ծերունի է դուրս գալիս՝ միփողանի հրացանով՝ ետևից 43 որբ երեխա, որոնց հասցնում են Ստեփանակերտ»:
Հիմա առաջարկում ենք ևս մեկ անգամ լսել «Գետաշեն» երգը
Նրանք, ովքեր ընկերների հետ երգում են այն, բայց չգիտեն երգի խոսքերը մինչև վերջ, առաջարկում ենք լսել եւ սովորել:

————————————————
«Գետաշեն»
Գուսան Հայկազուն (1992թ.)

Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
Արծիվներին բույն ես, չքնաղ Գետաշեն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող,
Դու, քաջերի օրրան իմ քաջ Գետաշեն։

կրկն.
Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ՝ փակված,
Երկնքում՝ սև ու մութ ամպեր կուտակված,
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս հավերժ, Գետաշեն։

Ջահել տղերք դու քիչ ունես, Գետաշեն,
Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն,
Ամեն մի կին՝ մի ֆիդայի տնաշեն,
Քեզ հաղթել չի լինի, իմ քաջ Գետաշեն։

կրկն.
Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ՝ փակված,
Երկնքում՝ սև ու մութ ամպեր կուտակված,
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս հավերժ, Գետաշեն։

Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս,
Հակառակ թշնամուդ պիտի շենանաս,
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես, ամրոց Գետաշեն։

կրկն.
Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ՝ փակված,
Երկնքում՝ սև ու մութ ամպեր կուտակված,
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս հավերժ, Գետաշեն։
———————————————————
Կհանդիպենք օնլայն տիրույթում:
Հետևեք «ԼարԱնին», որ չհայտնվեք դարանում
———————————————————
Աննա Գարեգինյան, Լաուրա Մարտիրոսյան

«Օնլայն ռադիոյի» եթերում «ԼարԱննին» կարող եք հետևել ամեն երեքշաբթի ժ. 15:00-ին, կրկնությունները՝ նույն օրը ժամը 19:00-ին և 22:00-ին:

Հեղինակը՝ Լաուրա և Աննա

Տես նաև

www.onlineradio.am larann-onlineradio

«ԼարԱնն». ONLINE ռադիո.am ;)

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am larann-tatron

«ԼարԱնն». Թատրոն

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am larann-selfie

«ԼարԱնն». Սելֆի

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան