Եթերում «Կարևոր անկյուն» հաղորդաշարն է: Այստեղ քննարկելու ենք երեխաների զարգացման և հասունացման շրջանում առաջնային հանդիսացող հարցեր:
Ժամանակն է աշխատելու և գիտելիք հավաքելու: Դրա համար պետք է միայն զինվել համբերությամբ և, ինչպես ասում են, սովորել, սովորել, սովորել:
Դպրոցում աշակերտին միանգամից տրվում է այնքան շատ ինֆորմացիա, որ թվում է, թե հիշել այդ ամենը պարզապես անհնար է: Երեխան սկսում է չհասցնել յուրացնել հանձնարարությունը, բաց թողնել տրված նյութը, և վատ առաջադիմությունը պատրաստ է:
Այսօր դու կիմանաս հիշողությունը մարզող և զարգացնող մի մեթոդի մասին, որը և կօգնի ձեր երեխային հիշել հեշտությամբ, ճիշտ, և սովորել հաճույքով:
Սկսենք նրանից, որ հիշողությունը մարզել ոչ միայն կարելի է, այլ նաև պետք է յուրաքանչյուր տարիքում: Ցանկալի է դա սկսել կյանքի առաջին իսկ ամիսներից:
Երեխայի ուղեղն աճում ու զարգանում է մինչև յոթ տարեկան հասակը: Այդ տարիքում նրանք կարող են իմանալ և հիշել մի շարք ինֆորմացիա: Երկար ժամանակ անցկացրու փոքրիկիդ հետ, խաղա, խոսիր, պատմիր հեքիաթներ, երգիր նրա համար: Արդեն երեքից չորս ամսականում նա կարող է հիշել իր համար կարևոր կերպարները:
Նոր վայր կամ հյուր գնալիս երեխայի ուշադրությունը հրավիրիր այն առարկայի վրա, որը նա մինչ այդ չէր տեսել: Շարժիր այն, թույլ տուր, որ նա դիպչի այդ առարկային:
Յոթ ամսականից երեխայի հետ կարելի է խաղալ պահմտոցի: Այսպես. Վերցրու մի խաղալիք և ցույց տուր փոքրիկին, որից հետո թաքցրու այն իր առջև դրված թաշկինակի կամ որևէ կտորի տակ ու խնդրիր փոքրիկին գտնել պահված խաղալիքը:
Ութ ամսականում երեխան կլանված նայում է հեքիաթի պատկերազարդ գրքերը, մուլտֆիլմի հերոսներին: Այս շրջանում նա, հատկապես, հիշում է շարժումները և աշխատում կրկնել դրանք: Նրա հետ խաղա շարժուն խաղեր, ծեփամածիկով (նույն պլաստիլինն է) տարբեր ֆիգուրներ պատրաստիր, նկարիր, նվագիր խաղալիք երաժշտական գործիքներով: Նման կերպ կզարգացնես փոքրիկիդ շարժողական հիշողությունը: Խոսիր երեխայի հետ տեղի ունեցածի մասին, պատմիր, թե որտեղ ես եղել, ինչ կամ ում ես տեսել զբոսանքի գնալիս, գուշակեք հանելուկներ նրա հետ միասին և սովորեք բանաստեղծություններ, քննարկիր կարդացած հեքիաթի հերոսներին:
Նախ և առաջ, եթե ուզում ես, որպեսզի երեխան հիշի որևէ ինֆորմացիա, պետք չէ նրան տալ հրահանգ, ասելով՝ «հիշիր»: Դա ուղղակի կարգելափակի նրա հիշողությունը՝ հանգեցնելով միայն ու միայն սթրեսային վիճակի և լարվածության: Պետք է ասել. «Պատկերացրու»: Այստեղ երեխայի մոտ սկսում է գործել ստեղծագործական մտածողությունը, միանում են պատկերները: Մեկ անգամ պատկերացնելուց հետո մոռանալը պարզապես անհնար կդառնա:
Երկրորդ սկզբունքն ինֆորմացիան միմյանց կապելու կարողությունն է: Երեխայի հետ խաղա խաղ, որը կոչվում է «բռունցք-մատ»: Սա ազդում է ուղեղի հենց այն հատվածի վրա, որը պատասխանատու է ստեղծագործական մտածողության համար:
Եվ այսպես՝ պարզում ենք երկու ձեռքերը և փակում ենք բռունցքը, որից հետո բացում ենք բութ մատը, և հերթականությամբ սկսում ենք՝ ծափ-բռունցք-ձախ բութն ենք ցույց տալիս, ծափ-բռունցք-աջ բութը: Այսպես, աստիճանաբար արագացնում ենք մինչև հոգնելը: Երկրորդ խաղը կոչվում է «Գտնենք առարկան»: Պատրաստիր մի քանի տուփ, դրանցից մեկի մեջ դիր կոճակ, վրան գցիր թաշկինակ: Արտասանելով «ֆոկուս-մոկուս» բառերը փոքրիկը պետք է վերցնի թաշկինակը և փնտրի կոճակը:
Նման խաղերից երեխաներն անչափ ոգևորվում և ակտիվանում են:
Երրորդ խաղը կոչվում է «Ի՞նչն է կորել»: Երեխայի դիմաց դիր մի քանի խաղալիք, խնդրի նրան ուշադիր նայել և հիշել, իսկ դու պահիր կամ տեղափոխիր դրանք: Երեխան պետք է շրջվի և ասի, թե ո՞ր խաղալիքն է պակասել կամ տեղափոխվել: Այսկերպ մարզվում է նրա տեսողական հիշողությունը, երբ երեխան մտքում պատկերները կապում է մեկը մյուսի հետ: Նույնը կարելի է խաղալ նաև փակ աչքերով՝ շոշափելով խաղալիքները: Ի դեպ, այս խաղերը շատ լավ մարզում են ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի հիշողությունը: Այնպես, որ սա երկուստեք օգտակար զբաղմունք է:
Շատ հետաքրքիր է նաև երեխայի հետ թվերով աշխատելը: Փոքրիկը պետք է յուրաքանչյուր թիվ ընկալի ոչ միայն որպես թիվ, այլ նաև համեմատականներ անցկացնի և նմանություններ դնի դրանց մեջ: Օրինակ՝ 1 թիվը նման է Բուռատինոյին, որովհետև նա ևս երկար քիթ ուներ, կամ 2 թիվը նման է կարապի և, այսպես շարունակ: Այսինքն, եթե սովորելու համար ընդունված տարբերակները փոխարինենք խաղերի, շարժումների միջոցով սովորելուն, դա կհիշվի ողջ կյանքի ընթացքում այն պարզ պատճառով, որ մեր ուղեղը հիշում է այն, ինչը վառ է, ուրախ և պատկերավոր: Հակասելով «Կրկնությունը գիտության մայրն է» հայտնի ասացվածքին՝ ասեմ. որքան շատ ենք կրկնում նույն բանաստեղծությունը սովորելու ընթացքում, այնքան շուտ ենք մոռանում այն: Մեկ անգամ կարդա բանաստեղծությունը, կազմիր պատկերներ, հետո դրանց օգնությամբ կրկնիր ու թող, որ երեխան մի քանի ժամ հանգստանա: Դրանից հետո մի քանի անգամ ևս կրկնիր քնելուց առաջ և առավոտյան՝ թարմ ուղեղով: Այնպես որ, պետք չէ ծախսել հինգ վեց ժամ ինչ-որ տեքստ կամ բանաստեղծություն սովորելու համար: Չէ՞ որ ժամանակը թանկ է, և կարելի է ավելի արդյունավետ օգտագործել այն:
Հաջորդ խաղը շատ լավ օգնում է զարգացնել տեսողական հիշողությունը, ինչը կարևոր տեղ է զբաղեցնում մեր կյանքում: Երեխային ցույց տուր մեկ-երկու նկար, պահիր դրանք և խնդրիր նրան պատմել այդ նկարը: Ըստ տարիքի կարող ես ավելացնել նկարների քանակը: Ցանկալի է, որ նա ասի այն նույն հերթականությամբ, որով ցուցադրել ես իրեն: Նույնատիպ խաղ կարելի է խաղալ նաև թղթի վրա թվեր գրելով: Սովորաբար երեքից վեց տարեկան հասակում երեխայի հիշողությունը զարգանում է առավելագույնս արագ՝ սպունգի պես կլանելով ինֆորմացիան: Մասնագետները խորհուրդ են տալիս հենց այս տարիքից սկսել լեզուների ուսումնասիրությունը: Այս շրջանում երեխան գիտակցաբար է իր առջև դնում որևէ բան անելու խնդիր: Սակայն, ինքնուրույն անել նա չի կարողանալու: Ուստի, այստեղ պետք է օգնության հասնի ծնողը: Առաջարկիր նրան, ասելով՝ «Արի կարդանք ևս մեկ անգամ» կամ «Կրկնիր իմ հետ»:
Հաջորդ խաղը կոչվում է «Կախարդական խոսքեր»: Առանձնացրու յոթից տասը նույնանման բառեր, օրինակ՝ խնձոր-տանձ, գետ-ձուկ, մարմին-ոտք: Այնուհետև բառերը մեկ անգամ կարդալուց հետո առաջինն ինքդ ասա, իսկ երեխան՝ կրկնի քեզ:
Նմանատիպ խաղերի միջոցով երեխային ոչ միայն սովորեցնում ենք հիշել, այլ նաև զարգացնում ենք նրա տրամաբանությունը, ինտելեկտը և ստեղծագործական ունակությունները: Այսպիսով, հիշողությունը և ուշադրությունը հիմնական հմտություններն են, որոնք օգնում են երեխային լավ սովորել դպրոցում: Այս մեթոդի շնորհիվ ոչ պակաս զարգանում են նաև մտածելու և տրամաբանելու հմտությունները: Երեխան հաճույքով կյուրացնի իրեն տրված հանձնարարությունները, և հեշտությամբ կընկալի դպրոցական ծրագիրը:
Հաջողություն ձեզ ուսման մեջ: Հիշիր, որ կրթություն ստանալիս կարևորը ժամանակ չկորցնելն է:
Այսօր այսքանը: Հաջորդ զրույցը կարևորի մասին՝ մեկ շաբաթից:
Մնա կարևոր անկյունում՝ այն կօգնի նաև քո փոքրիկին: Առայժմ:
Հաղորդավար՝ Նարինե Պետրոսյան
Յուրաքանչյուր չորեքշաբթի ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. չորեքշաբթի ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)
www.onlineradio.am-ի եթերում «Կարևոր անկյուն» հաղորդաշարն է՝ Նարինե Պետրոսյանի հետ:
—————————————————
Ծնողական հոգածությունը պաշտպանվածության լավագույն տարբերակն է փոքրիկի համար:
Զերծ պահիր փոքրիկիդ տարբեր խնդիրներից «Կարևորի» հետ, «Կարևորի» օգնությամբ:
—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով այս հղումով
—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից