Այսօրվա թեման մանկական վախերն են:
Սա խնդիր է, որի առաջ կանգնում է ծնողների մեծ մասը : Այսօր երեխան վախենում է մթությունից, տեսիլքներից, իսկ մի քանի տարի անց նրա մոտ կարող են ի հայտ գալ նեվրոզ, քրոնիկ հիվանդություններ կամ ֆոբիաներ՝ վախեր: Ինչպե՞ս խուսափել այդ ամենից, և օգնել երեխային:
Հաճախ մանկական վախերն առաջանում են հենց ծնողների ներշնչումից և նրանց ոչ ճիշտ վարվելակերպից:
1-ին հերթին, եթե դու վախենում ես ինչ- որ բանից, ապա աշխատիր դա ցույց չտալ երեխայի մոտ, որպեսզի նրան չփոխանցվեն այդ զգացողությունները : Չէ որ երեխաները շատ զգայուն են: Պետք չէ կենտրոնացնել երեխայի ուշադրությունը տեղի ունեցածի վրա: Որքան հանգիստ լինի քո ռեակցիան, այնքան քիչ կարևորություն կտա դրան երեխադ: Աշխատիր ծիծաղեցնել նրան՝ այսկերպ ցրելով նրա անհանգստությունը: Եթե երեխան շատ վախեցած է և լացում է ՝ ջերմ գրկիր և մեղմ ձայնով հանգստացրու նրան: Երբ նա հաղթահարի իր վախը՝ մի մոռացիր գովել նրան, և ասել, թէ ինչքան քաջ է նա:
2-րդ. զգուշությամբ ընտրիր այն մուլտերն ու հաղորդումները, որոնք պետք է դիտի երեխադ: Նրանք հռուստացույցն ընկալում են որպես իրական կյանք:
Եվ 3-րդ՝ ամենատարածված սխալը. պետք չէ երեխային վախեցնել ոստիկանների այցելությամբ, կամ «բոբո ձյաձյաներով», և այլն: Նման կերպ դու ինքդ կմտցնես փոքրիկիդ մեջ տարբեր տեսակի վախեր, որոնց դեմ պետք է պայքարես տարբեր մեթոդներով: Նման դաստիարակման մեթոդը հավասար է զրոյի: Միևնույն է, երեխան ոչ կուտի, ոչ էլ կպառկի քնելու:
Մինչև մեկ տարեկան փոքրիկները վախենում են բարձր ձայներից (փոշեկուլի ձայն, բարձր ծիծաղ, և այլն): 7-8 ամսականում առաջանում է վախ անծանոթ մարդկանց հանդեպ (երեխան սկսում է տարբերել հարազատներին օտարներից): Երկու տարեկանում ի հայտ են գալիս վախեր բժիշկներից, սրսկումներից, և այլն: Այս հարցում ծնողի սխալը նրանումն է, որ հաճախ մենք վախեցնում ենք երեխային՝ սպառնալով, օրինակ՝ «եթե չլվանաս ձեռքերը՝ կհիվանդանաս և քեզ կտանենք հիվանդանոց», կամ «եթե ինձ չլսես՝ կսրսկեն քեզ»:
2-րդ պատճառը սուտն է: Երբ ծնողները բժշկի տանելիս երեխային ամեն կերպ փորձում են հավատացնել, որ ցավոտ չի լինելու, և որ նա ոչինչ չի զգալու: Ճիշտ կլինի երեխային նախապատրաստել՝ բացատրելով, որ բժշկի մոտ գնալը կամ սրսկումը կօգնի նրան շուտ ապաքինվել: Կամ եթե ատամնաբույժը բուժի ատամը, այն այլևս չի ցավի: Փորձեք նաև որպես օրինակ բերել բժիշկ Այբոլիտին, որը շատ բարի է և օգնում է բոլոր հիվանդներին: Բժշկի գնալուց առաջ կարդացեք նրան այդ հեքիաթը: Կարևոր է, որ փոքրիկին բացատրես ամենն իրեն հասանելի, մատչելի լեզվով:
3-4 տարեկան երեխաներին վախեցնում են մթությունը և փակ տարածությունները: Նույնիսկ բացատրելով, որ մթության մեջ ոչ ոք չկա, դու չես հասնի որևէ արդյունքի: Դրա փոխարեն մտածիր խաղ: Օրինակ. ամեն անկյունում պահիր քաղցրավենիքներ, իսկ մութ սենյակում դիր այն կոնֆետը, որը նա ամենից շատն է սիրում: Կարելի է խաղալ նաև լապտերիկներով: Միացրեք դրանք և երեկոյան զբոսնեք դրսում, կամ անջատեք լույսերը և փնտրեք որևիցէ խաղալիք: Կամ ասեք, որ մթության մեջ ապրող հրեշը վախենում է լույսից, և նրա համար մեծ ու գեղեցիկ լապտեր պահեք: Կարող եք նաև փափուկ խաղալիք նվիրել, որը կհսկի նրան քնած ժամանակ:
Քնելուց առաջ չի կարելի խաղալ աղմկոտ խաղեր, կարդալ հեքիաթներ չար գայլերի, մարդակերների մասին, և դիտել վախեցնող ֆիլմեր: Ոչ մի դեպքում մի փակիր սենյակի դուռը, երբ երեխադ քնած է: Ուղղակի ծածկիր այն: Այսկերպ երեխադ իրեն ավելի ապահով կզգա:
Չի կարելի երեխային փակել մութ կամ փոքր սենյակում, խփել ձեռքերին կամ այտին, ծիծաղել վրան և անվանել վախկոտ, պատժել վախենալու համար:
Մի համեմատիր երեխայիդ քո հետ, կամ որևիցէ մեկ ուրիշի ասելով, օրինակ՝ «այ, քո տարիքում ես…», կամ էլ՝ «տես, ընկերդ չի վախենում», և այլն: Նման դեպքում երեխան կսկսի իրեն զգալ ոչ լիարժեք: Դրա փոխարեն առաջարկիր նրան թղթին նկարել իր վախը, ինչպես որ տեսնում և պատկերացնում է, իսկ վերջում միասին պատռեք այն: Դա օգնում է հանել միջից բացասականը՝ վերածելով այն մանր կտորների:
Խաղը բնական մեթոդ է վախերից ազատվելու համար: Հոգեբաններն ապացուցել են, որ ինչքան շատ երեխաներով է շրջապատված լինում փոքրիկը, այնքան քիչ են տարրատեսակ վախերը նրա մոտ: Այնպես, որ տարբեր խմբակներն ու մանկական խաղահրապարակները ևս կարող են օգնել քեզ լուծելու վախի խնդիրը: Շատ կարևոր է, որ երեխան հնարավորություն ունենա արտահայտելու իր զգացմունքները:
Հաճախ առաջ են գալիս վարվեցողության կանոններ և երեխան չի կարողանում դրսևորել ինքն իրեն: Ներկայացնեմ բավականին հաճախ հանդիպող մի օրինակ . երխան մոտենում է զրույցի բռնված ծնողին, և ոգևորված ինչ-որ բան ուզում ասել: Նախ, մի քանի անգամ կրկնում է, հետո՝ զգալով, որ իրեն չեն լսում, քաշում է ծնողի թևից, որպեսզի գոնե այդկերպ ուշադրությունն իր կողմ հրավիրի: Ի՞նչ են անում այս դեպքում ծնողներից շատերը. իհարկէ սկսում են բարկանալ և հիշեցնել վարվեցողության կանոնների մասին, ըստ որի՝ չգիտես ինչու, մեծերին չի կարելի ընդհատել: Նման կերպ միայն նպաստում ես նրան, որ երեխան փակվի ինքն իր մեջ ու նորից առաջանան այդ տարատեսակ վախերը: Չէ՞ որ նմանատիպ կանոններն ավելի կարևոր չեն երեխայիդ առողջ և ճիշտ հոգեկան աշխարհից: Միայն հոգատարության, ուշադրության և հնարավորինս քիչ արգելքների շնորհիվ կարող ես պակասեցնել կամ առհասարակ ջնջել ոչ ճիշտ վախերը փոքրիկիդ միջից:
Յուրաքանչյուր ծնող կարող է օգնել իր երեխային հաղթահարել վախը: Դու կարողես խուսափել բարդություններից. և կունենաս առողջ ու երջանիկ երեխա, որն ուղղակի կհասկանա, որ, օրինակ՝ մեքենան ճանապարհին վտանգավոր է, իսկ մութը կամ շնիկը՝ խնդիր չեն:
Այսօրվա կարևոր թեման այսքանն էր: Կհանդիպենք հաջորդ շաբաթ «Կարևոր անկյունում»:
Մնա կարևոր անկյունում՝ այն կօգնի նաև քո փոքրիկին: Առայժմ:
Հաղորդավար՝ Նարինե Պետրոսյան
Յուրաքանչյուր չորեքշաբթի ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. չորեքշաբթի ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)
www.onlineradio.am-ի եթերում «Կարևոր անկյուն» հաղորդաշարն է՝ Նարինե Պետրոսյանի հետ:
—————————————————
Ծնողական հոգածությունը պաշտպանվածության լավագույն տարբերակն է փոքրիկի համար:
Զերծ պահիր փոքրիկիդ տարբեր խնդիրներից «Կարևորի» հետ, «Կարևորի» օգնությամբ:
—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով այս հղումով
—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից