«Սկզբից կարդացեք ամենալավ գրքերը, այլապես կարող է այնպես պատահել, որ չկարդաք դրանք ընդհանրապես»
Իսկ մենք ձեզ առաջարկում ենք, ոչ միայն կարդալ, այլ նաև՝ լսել:
«Մանկությունը իմ լամպոտ օրերի
դեմքը նկարեց ճակատիդ վրա,
սոված սիրտը քո տվեց՝ ինչ կուզեի,
ինչը չէր կարող,
եվ ձեռքերիդ մեջ մրսեց գոլորշին առանց երազի…»
Այս տողերի հեղինակը դեռ մանկուց եղել է վառ ու կենսախինդ, յուրահատուկ, պատկերավոր մտածողությունը նրան միշտ առանձնացնում էր շրջապատում: Ուսանողության տարիներին քչերը գիտեին, որ ստեղծագործում է, իմացողներն այլևս ձեռք չէին քաշում՝ միշտ պահանջում էին նոր, թարմ գործեր: Երիտասարդ ստեղծագործողը բացահայտել է մեծ աշխարհի իր աշխարհը. նրա հերոսները մեր կողքին ապրող սովորական, հասարակ մարդիկ են՝ ազնիվ ու կամակոր, համեստ ու առաքինի: Հատկապես արձակ ստեղծագործություններում ունի նյութի մատուցման յուրահատուկ վարպետություն, մի ներքին պարուրող ջերմություն, հարազատության զգացում, որ ընթերցողին համակում է առաջին իսկ տողերից:
«Ես Նարեկն էի՝ կիթառի ուսուցիչ՝ չսափրված դեմքով, կանաչ աչքերով ու շատ տարբեր ժպիտով: Իմ զարթուցիչը քո ձայնն էր, և քո բույրը՝ իմ օծանելիքը, որ շատերը կնախանձեին շնչել: Երբ մատներդ շոշափում էին ճակատս՝ ես եռում էի, ու վայրկյանները շնչահեղձ էին լինում մեր համբույրներից»:
Թե որ ստեղծագործությունից էր մեջբերված հատվածը՝ կպարզենք մեր զրույցի ընթացքում:
Մեր հյուրն է երիտասարդ ստեղծագործող Հասմիկ Չախալյանը:
Ողջո՛ւյն Հասմիկ: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար:
Մի քանի բառով պատմիր, խնդրեմ, թե ինչպե՞ս մուտք գործեցիր գրական աշխարհ:
Գրական աշխարհ մուտք գործեցի դեռևս ուսանողական տարիներից, երբ ծանոթացա հայտնի գրականագետ Աբգար Ափինյանի հետ, և շփվեցի Սուսաննա Ղազարյանի հետ: Նրանց միջոցով կարողացա իմ ստեղծագործությունները ներկայացնել հանրությանը:
Մասնագիտությամբ բանասեր ես: Ինչո՞վ է մասնագիտությունդ խթանում կամ խոչընդոտում գրելու գործընթացին:
Այո՛, մասնագիտությամբ բանասեր եմ: Ստեղծագործելիս բանասիրական գիտելիքներս և հմտություններս դնում եմ մի կողմ, գրում եմ ազատ, ապա նայում բանասերի ձևաչափով, հետո քննության ենթարկում: Մասնագիտությունս խթանում է, չի խոչընդոտում:
Եթե հնարավորություն ունենայիր գիրք տպագրելու՝ ի՞նչ խորագրի ներքո կներկայացնեիր գործերդ: Հեշտությա՞մբ ես ընտրում վերնագրեր:
Նախ խոսեմ հնարավորություններից: Ունեմ հնարավորություն գիրք տպագրելու, բայց դեռ չեմ շտապում: Չեմ ուզում ներկայացնել պարզունակ ասելիք, այլ ներկայացնել բարձրարժեք գրականություն: Կցանկանայի արձակ և չափածո սեղծագործություններս տարանջատել: Երբ հասունանա տպագրվելու պահը՝ այդ ժամանակ էլ կորոշվի խորագիրը:
Ո՞վ է քո առաջին ընթերցողը և առաջին քննադատը:
Տարբեր շրջաններում տարբեր էին ընթերցողներս: Երկու տարի առաջ ներկայացնում էի Սուսաննա Ղազարյանին, լսում նրա քննադատությունները: Այժմ ընթերցում և կարծիք են հայտնում բոլոր մտերմիկ մարդիկ:
Ստեղծագործում ես և՛ արձակ, և՛ չափածո: Հետաքրքիր է, եղե՞լ են դեպքեր, երբ սկիզբը գրվի չափածոյի տեսքով, բայց վերջում դառնա արձակ, կամ հակառակը…
Նման դեպքեր չեն եղել: Երբ մուսան ծնվում է՝ արդեն պարզ է դառնում՝ կգրվի արձակ, թե՞ չափածո: Երբ ծնվում է ստեղծագործական միտքը՝ ծնվում է նաև բանաստեղծական ձևը:
Զրույցի սկզբում մեջբերեցի մի հատված քո պատմվածքից: Կպատմե՞ս այդ ստեղծագործության մասին. ինչպե՞ս ծնվեց գաղափարը, որքանո՞վ են իրական հերոսները:
Պատմվածքներիս հերոսներն իրական են այնքանով, որքանով որ ապրում են մեր շուրջը: Հերոսներս մտացածին չեն: Նրանք աղքատ, սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ են, փոքրիկ երեխաներ, որ երազում են մանկություն ունենալ:
Քո գրած ստեղծագործությունները երբ չես հավանում՝ չի համապատասխանում քո չափանիշներին, ինչպե՞ս ես վարվում՝ ոմանց պես պատռում ես, այրում, թե՞ պահում՝ հետագայում վերանայելու նպատակով: Միգուցե ունես ա՞յլ տարբերակ…
Լինում են գործեր, որոնք վերացնում եմ: Երբեմն պահում եմ ինձ, չեմ հանձնում հանրության դատին:
Շնորհակալություն քեզ անմիջական և անկեղծ զրույցի համար: Ի՞նչ կցանկանաս հավելել:
Կցանկանամ, որ գրականությանը մոտենան ավելի լրջորեն: Ամեն գրիչ վերցնող չէ, որ դառնում է գրող: Պետք է որոշակի ճանապարհ անցնես և կոփվես:
Խոսքս ավարտեմ մեր այսօրվա հյուրի տողերով «Մենք թողնում ենք բազմակետեր, որ չհասնենք վերջակետի…»
—————————————
Մանկությունը իմ լամպոտ օրերի
դեմքը նկարեց ճակատիդ վրա,
սոված սիրտը քո տվեց՝ ինչ կուզեի,
ինչը չէր կարող,
ե’վ ձեռքերիդ մեջ մրսեց գոլորշին առանց երազի,
ե’վ գիշերները աղոտ հեքիաթի սկիզբը եղան,
ե’վ աչքերը իմ արև փնտրեցին, ձյունոտ մի արև,
որ քեզ նայելիս ես փոքրիկ մնամ,
և ետ նայելիս՝ սրբեմ արցունքս քո հոգնած դեմքից,
և ինձ մոռացած ես քայլեմ, հայրի’կ,
և հիշեմ միայն փոշոտ աստղերը իմ պատուհանի,
օդում թափառող մոմերի բույրը,
որ փնտրում է ինձ, կմաշվեն դանդա՜ղ,
կջնջվեն, հայրի’կ, կյանքիդ երկնագույն մայրամուտներից…
ՀԱՍՄԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ
—————————————
Հաղորդավար՝ ՍՈՆԵՏ (Սոնա Վանյան)
———————————————————————————————
«Օնլայն Ռադիոյի» անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
———————————————————————————————
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից
ՆշումներOnline Radio Երիտասարդ գրողներ Հասմիկ Չախալյան Սոնետ (Սոնա Վանյան)