«Նոր ֆուտբոլ». Պատանեկան ֆուտբոլ. «Փյունիկ» ՖԱ, Հայկ Ավետիսյան

Ֆուտբոլում, ինչպես նաև կյանքի յուրաքանչյուր ասպարեզում, շատ կարևոր է սերնդափոխությունը:
Պատանիների ճիշտ դաստիարակման արդյունքում միայն կարելի է ապահովել զարգացում:

Այսօր խոսելու ենք մանկապատանեկան ֆուտբոլից:
Իմ հյուրն են «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան «Փյունիկ-2-01» թիմի մարզիչ Հայկ Ավետիսյանը և նրա սաները՝ Կորյունը, Աշոտը և Արամը:

Բարև ձեզ, Հայկ:
Բարև ձեզ: Շնորհակալություն հրավերի համար:
Ձեզ ենք շնորհակալ, որ ժամանակ գտաք և հյուրընկալվեցիք մեզ: «Փյունիկը» համարվում է լավագույն ակումբը Հայաստանում: Որքանո՞վ են այնտեղ լիարժեք պայմանները որակյալ ֆուտբոլիստներ կրթելու համար:
Կարծում եմ, որոշ ակումբներ չեն համաձայնի ձեր այդ կարծիքին, որ «Փյունիկը» լավագույն ակումբն է, որովհետև գոնե ենթակառուցվածքների առումով այս պահին զիջում է մի քանի ակումբի: Չնայած, կոնկրետ այս պահին շինարարական մեծ աշխատանքներ են ընթանում, և «Փյունիկում» էլ պայմանները կբարելավվեն՝ ամռանից սկսած: Արդյունքների առումով նույնպես «Փյունիկը» մի քիչ դիրքերը զիջել է և պատանեկան ֆուտբոլում, և պրոֆեսիոնալ մակարդակով: Սակայն, կարծում եմ, որ հաջորդ տարվանից սկսած «Փյունիկը» կվերականգնի իր սասանած հեղինակությունը և նորից կտեսնեք առաջատար դիրքերում՝ թե մանկապատանեկան թիմերին, և թե բարձրագույն և 1-ին խմբի թիմերին:
Աստված տա, որ այդպես լինի: Ի՞նչ դեր ունեն ֆուտբոլիստի համար կրթությունն ու գիտելիքները: Արդյո՞ք դրանք պետք են խաղադաշտում:
Անպայման պետք են: Ես ինքս միշտ խրախուսում եմ երեխաներին, հորդորում եմ՝ լավ սովորել, երբեմն նույնիսկ ստուգում եմ իրենց գնահատականները: Շատ կարևոր է՝ ֆուտբոլիստն ինտելեկտով պետք է բարձր լինի: Դա հեշտացնում է մարզիչ-ֆուտբոլիստ աշխատանքը: Նույն տակտիկական բաները բացատրելիս մի բան է բացատրել լավ սովորող, ինտելեկտով երեխային, և մի այլ բան՝ նրան, որը խնդիրներ ունի դպրոցում, լավ չի սովորում և ինտելեկտով զիջում է: Կարծում եմ, բոլոր մարզիչները պետք է խրախուսեն երեխաներին՝ դպրոցում լավ սովորել, բարձր ինտելեկտ ունենալ: Դա օգնելու է ֆուտբոլում միանշանակ:
Երբ նայում ենք եվրոպական գրանդ-ակումբների խաղերը, զգացվում է, որ ֆուտբոլիստների յուրաքանչյուր շարժումն անգամ մտածված է: Իսկ հայկական ֆուտբոլում տեսնում ենք պայքար, ուժ, սակայն այդ մտածված աշխատանքը բացակայում է: Թերի՞ է, արդյոք, այդ ուշադրությունը մարզիչների կողմից:
Եթե նկատել եք, ուրեմն կա այդ թերությունը: Դա մարզիչների հետ էլ է կապված: Տակտիկային է վերաբերում ձեր հարցը: Շարժումները, մտածված կոմբինացիաները դրանք տակտիկական խնդիրներ են՝ ինչպես պաշտպանվել, հարձակվել: Ես էլ եմ գտնում, որ մենք դրանում թերանում ենք:
Մի օրինակ բերեմ. մեր ՝ 17-19 տարեկանների հավաքական թիմերի երեխաները, միշտ սովորաբար խաղում են Հայաստանի լավագույն թիմերում, ու իրենց թիմերը մրցակցությունից դուրս են լինում: «Փյունիկի» և«Բանանցի» երեխաներն են մեծամասամբ կազմում հավաքականի կորիզը, և իրենք Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ անընդհատ գրոհողի դերում են: Երբ գնում են միջազգային խաղերի՝ այնտեղ հակառակորդը շատ ժամանակ պարտադրում է պաշտպանվել, իսկ մեր ֆուտբոլիստները պարզապես չգիտեն դա ինչ է, քանի որ տարիներ շարունակ Հայաստանի առաջնությունում չեն պաշտպանվել: Ես իմ վերլուծությունն եմ կատարել. մեր եզրային խաղացողներն ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է պաշտպանվելը: Այդ խնդրին ինքս մեծ ուշադրություն եմ դարձնում՝ «Փյունիկում» այսօր դրան շատ մեծ ուշադրություն ենք դարձնում: Մեր աշխատանքները համակարգում է Վարդան Մինասյանը, որն անընդհատ մեր հետ տեսական աշխատանքներ է տանում, մենք՝ մարզիչներս էլ մեր գիտելիքները փոխանցում ենք երեխաներին, փորձում ենք այդ հարցերը լուծել: Կոնկրետ պաշտպանվելու հետ կապված երբ խնդիրներ են առաջանում, շատ սխալ տեղաշարժեր են լինում: Աշխատանքներ տարվում են ամեն դեպքում: Կիսում եմ ձեր կարծիքը: Բայց կարծում եմ՝ դա էլ ժամանակի հարց է:
Այսինքն, պատճառը մրցակցությո՞ւնն է՝ քիչ թիմեր են ուժեղ և մրցակցությունը թո՞ւյլ է լինում:
Իմ նշած օրինակում հենց դա նկատի ունեի: Բայց ձեր հարցը տեղաշարժերի մասին էր՝ այդպիսի խնդիր էլ կա: Հարձակման ֆազայում էլ տեսնում ենք, որ մտածված գործողությունները քիչ են: Շատ քիչ թիմեր եմ տեսնում մանկապատանեկան ֆուտբոլում, նույնիսկ՝ պոֆեսիոնալ ֆուտբոլում, որ տուգանայինը խաղարկեն և ոչ թե միանգամից հարված կատարեն: Հաճախ մարզիչներն ընտրում են մի լավ, ուժեղ հարվածող ֆուտբոլիստի: Եթե դարպասապահն էլ երեխաների տարիքում կարճահասակ է, շատ հեշտ է գրավել մրցակցի դարպասը, և հեշտ ճանապարհն են ընտրում մարզիչները: Ոչ մի միտք չեն տալիս երեխաներին, որ կարելի է խաղարկել տուգանայինը:
Այսինքն, ձեր ասածից կարելի է ենթադրել, որ թիմերի մազիչները շեշտը դնում են հենց հաղթանակի՞ վրա, ուզում են հաղթել ամեն գնո՞վ:
Հաղթելը կարևոր է: Ես ինքս կարևորում եմ հաղթելը՝ թեկուզ մանկապատանեկան ֆուտբոլում, որովհետև, եթե ֆուտբոլիստը շատ է պարտվում մանկապատանեկան տարիքում՝ չի կարող հաղթողի հոգեբանություն ձեռքբերել, և հետագայում խնդիրներ է ունենալու: Հաղթելը շատ կարևոր է, բայց ոչ ամեն գնով:
Հայաստանի Ակադեմիայում, հիմա՝ նաև «Բանանցում», աշխատում են օտարերկրացի մասնագետներ: «Փյունիկը» կհետևի՞ այդ օրինակին՝ հրավիրելով օտարերկրացի մասնագետներ:
Դժվարանում եմ հարցին պատասխանել՝ օտարերկրացի մազիչներ կգան մեր մոտ, թե ոչ, քանի որ իրավասու չեմ: Նման բան չեմ լսել, նախատեսված չէ, բայց հնարավոր է: Իսկ ինչ վերաբերում է մյուս ակումբներին՝ օրինակ, իսպանացիները. բավական հետաքրքիր նորամուծություններ ենք տեսնում աշխատանքի մոտեցման մեջ:
Դա երևո՞ւմ է իրենց թիմերի խաղից:
Բարձրագույն խմբի թիմի մասին եմ խոսում: Մանկապատանեկան ֆուտբոլում առանձնապես փոփոխություններ չենք տեսնում: Բայց բարձրագույն խմբի թիմի խաղը հաճելիորեն փոխվել է:
Հայաստանում Ակադեմիան կառուցվեց. այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելվում է, այդ թվում՝ նաև երեխաների ծնողների: Ո՞րն է դրա նպատակը:
Կարծում եմ այդ քայլին գնացել են նրա համար, որ բոլոր թիմերում լինում են ծնողներ, որոնք խաղերի ժամանակ պարզապես խանգարում են երեխաներին և մազիչներին՝ իրենց միջամտություններով: Իհարկե, կարծում եմ դա տվյալ թիմի մարզիչի խնդիրն է նաև: Պարտադիր չէր այդպիսի քայլի գնալ՝ այդ հարցը լուծելու համար: Ամենակարճ ճանապարհն են ընտրել, ուղղակի չեն թողնում, որ տարածք մուտք գործեն, դրանով հարցը փակվում է: Բայց նույն մարզիչները կարող են բացատրական աշխատանքներ տանել ծնողների հետ և նման հարցեր չեն առաջանա: Ծնողներին էլ եմ հասկանում՝ նրանք էլ ուզում են դիտել իրենց երեխաների խաղը: Պարզապես դա արված է այն ծնողների դեմ, որոնք պարբերաբար խանգարում են մարզիչներին, իրենց և հակառակորդի երեխաներին՝ իրենց իսկ միջամտություններով:
Այսինքն, պետք է ծնողներին հորդորել, որ նրանք իրենց սխալ հուշումներով, թեկուզև ցանկանում են, որ իրենց երեխան լավ խաղա, բայց չխանգարեն: Որովհետև նրանք պրոֆեսիոնալ չեն և չեն հասկանում:
Այո, ես միշտ ասում եմ ծնողներին, որ կարող եք միայն ոգևորել: Նայեք ինչպես երկրպագու, բայց միջամտել խաղին՝ օրինակ, «աջ վազի», «ձախ վազի», «պաս տուր կամ մի տուր», սա բացի մասնագիտական առումով սխալ լինելուց, նաև հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ երեխաների վրա: Երեխան, ենթադրենք, փոխանցումը չտվեց: Եթե ծնողը միջամտում է, շատ հոգեբանական խնդիրների առաջ կարող է կանգնել երեխան:
Նշեցիք, որ ձեր մարզադպրոցում մեծ թափով սկսել են վերակառուցման աշխատանքներ: Ի՞նչ աշխատանքներ են դրանք և ի՞նչ «Փյունիկ» կտեսնենք այդ աշխատանքների ավարտից հետո:
Ձեր առաջին հարցի պատասխանում կարծես անդրադարձա, որ հավանաբար հաջորդ տարվանից բոլորովին նոր «Փյունիկ» կտեսնեք: Նախ՝ ենթակառուցվածքները բարելավվում են. մենք նույնիսկ հանդերձարանների լուրջ խնդիր ունեինք, որը սազական չէր մեր նման առաջատար ակումբին: Հիմա այդ ամենը կկարգավորվի, մարզիչներս էլ ավելի լավ կսկսենք աշխատել նման պայմաններում, մոտիվացված կլինենք, երեխաներն ավելի մոտիվացված կլինեն, ավելի լավ կմարզվեն, և արդյունքներն էլ սպասեցնել չեն տա:
Շատ լավ: Շնորհակալ եմ ձեզ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար: Մաղթում եմ նպատակների իրագործում և մեծ հաջողություններ:
Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար: Ողջունում եմ ձեր հաղորդաշարը: Ցանկանում եմ մեծ լսարան:
Շնորհակալ եմ:

Մենք հյուրընկալել ենք նաև Հայկ Ավետիսյանի սաներին՝ Կորյունին, Արամին և Աշոտին:
Կորյուն, դու ձեր թիմի դարպասապահն ես: Կա կարծիք, որ դարպասապահը թիմի կեսն է. արդյո՞ք դու ձեր թիմի կեսն ես:
Կարելի է ասել, այո:
Ինչպե՞ս սկսեցիր ֆուտբոլով զբաղվել:
Սկզբում ֆուտբոլ չէի պարապում՝ ծնողներս էին արգելում ֆուտբոլ պարապել: Հետո կարողացա համոզել: Մինչ այդ զբաղվում էի կարատեով:
Շատ կտրուկ անցում ես արել՝ կարատեն և ֆուտբոլն իրականում շատ հեռու են իրարից: Գո՞հ ես, որ զբաղվում ես ֆուտբոլով:
Այո:
Ի՞նչ է տվել քեզ ֆուտբոլը:
Լավ ընկերներ:
Արդեն խոսեցինք քո մարզչի հետ, որ ֆուտբոլիստը պետք է ունենա գիտելիքներ, որպեսզի կարողանա դաշտում լավ դրսևորել իրեն: Դու ինչպե՞ս ես սովորում դպրոցում՝ միայն անկեղծ:
Նորմալ:
Շնորհակալ եմ պատասխանների համար:
Հիմա խոսենք Արամի հետ: Արամը ժպտում է: Բարև, Արամ:
Բարև ձեզ:
Դու տեղափոխվել ես «Փյունիկ» «Բանանցից»: Ինչո՞ւ:
«Բանանցում» չստացվեց ֆուտբոլ խաղալ, այնքան էլ լավ չէի խաղում՝ զիջում էի մրցակից ընկերներիս: Դուրս մնացի պայքարից: Որոշեցի ֆուտբոլային կարիերաս շարունակել «Փյունիկում»:
Ինչպե՞ս ես քեզ զգում «Փյունիկում»:
«Փյունիկում» ամեն ինչ լավ դասավորվեց: Հիմա կարողանում եմ մասնակցել խաղերին: Ինչ-որ չափով կարողանում եմ օգնել իմ թիմակից ընկերներին՝ ոչ միայն ֆուտբոլիստ դառնալու հարցում, այլ իրենց նաև:
Այսինքն, քեզ ավելի լավ դրսևորում ես «Փյունիկում», քան «Բանանցո՞ւմ»:
Այո:
Դա ինչի՞ հետ է կապված՝ մարզչի՞, թե ուրիշ հանգամանք կա:
Դե, «Բանանցում» պայքարն ավելի մեծ էր, քան «Փյունիկում» է: Դրա համար «Բանանցից» դուրս մնացի, շարունակեցի ֆուտբոլ խաղալ «Փյունիկում»:
Դո՞ւ երբ ես սկսել ֆուտբոլ խաղալ:
Արդեն 5 տարի է:
Իսկ մինչ այդ կարատեով չես զբաղվե՞լ: (ժպտում են բոլորը)
Զբաղվել եմ: (ժպտում են)
Հետաքրքիր զուգադիպություն է: Ի՞նչ քեզ տվեց ֆուտբոլը:
Ընկերներ: Ինչ-որ չափով սկսեցի ավելի լավ սովորել դպրոցում:
Փաստորեն մարզի՞չն է քեզ հորդորել, որ լավ սովորես:
Այո:
Լավ է, չէ՞, լավ սովորելը:
Այո:
Ավելի լավ սովորիր: Հավատա՝ դա քեզ մեծ ուժ կտա, որ ավելի լավ խաղաս: Քանի որ միայն ֆիզիկական ուժը բավարար չէ լավ ֆուտբոլիստ դառնալու համար: Շնորհակալ եմ պատասխանների համար:
Հիմա զրուցենք «Փյունիկ-2-01» թիմի ավագի՝ Աշոտի հետ: Բարև, Աշոտ:
Բարև ձեզ:
Ի՞նչ պարտավորություն ես զգում, երբ մտնում ես խաղադաշտ ավագի թևկապով:
Պատասխանատվությունը մեծ է, քանի որ խաղադաշտում պետք է թիմին առաջնորդել, դժվար պահերին թիմի կողքին լինել, խաղը քո վրա վերցնել: Նաև պատասխանատվություն կա հանդերձարանում թիմի կարգապահության համար: Դժվար պահերին պետք է ընկերներին աջակցել:
Թիմում լինո՞ւմ են ինչ-որ կոնֆլիկտներ, որ փորձում եք ձեր մեջ լուծել՝ ոչ մեկ չիմանա:
Մեր թիմում շատ լավ մթնոլորտ է: Կոնֆլիկտներ չեն եղել: Միմյանց հետ ընկերներ ենք բոլորս էլ:
Տա Աստված, որ այդպես էլ շարունակվի, և հաշտ-համերաշխ շարունակեք ձեր ֆուտբոլային կարիերան: Քե՞զ ինչ տվեց ֆուտբոլը:
Առաջին հերթին՝ նոր ընկերներ, նոր շրջապատ: Հաճելի զգացումներ, նոր գիտելիքներ՝ ֆուտբոլային, նաև՝ այդ դաշտից դուրս:
Քեզ էլ շնորհակալություն պատասխանների համար:

Զրուցեցի «Փյունիկ-2-01» թիմի խաղացողների հետ: Այսօր ևս զգացվեց, որ նրանք միահամուռ են, և կարող են դառնալ մեր ապագայի ֆուտբոլային աստղերը: Շնորհակալ եմ ձեզ: Ցանկանում եմ մեծ հաջողություններ և նպատակների իրականացում:
Շնորհակալություն: (բոլորը՝ միասին)

Այսօր խոսեցինք մանկապատանեկան ֆուտբոլից՝ «Փյունիկ-2-01» թիմի մարզիչ Հայկ Ավետիսյանի և նրա սաներ Կորյունի, Արամի ու Աշոտի հետ: Մաղթենք նրանց բազմաթիվ հաջողություններ ապագայում:

Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է:
————————————————-
Հաղորդավար՝ Նոմա

Յուրաքանչյուր ուրբաթ ժ. 15:00-ին (UTC+04:00)
կրկնությունները. ուրբաթ ժ. 19:00-ին (UTC+04:00) և ժ. 22:00-ին (UTC+04:00)

www.onlineradio.am-ի եթերում «Նոր ֆուտբոլ» հաղորդաշարն է՝ Նոմայի հետ:
—————————————————
Ապրիր ֆուտբոլով՝ այն առողջարար է

—————————————————
Ֆեյսբուքյան էջին կարող ես հետևել՝ անցնելով
այս հղումով

—————————————————
«Օնլայն Ռադիոյի» ֆեյսբուքյան անցուդարձին հետևելու համար անցիր հղումով և հավանիր էջը
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին Ֆեյսբուքում
Հետևիր «Օնլայն Ռադիոյի» եթերին քո բջջայինից

Հեղինակը՝ Նորայր Մարտիրոսյան

Տես նաև

www.onlineradio.am eritasard-groghner-armen-mkheyan

«Երիտասարդ գրողներ». Արմեն Մխեյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am eritasard-groghner-arlen-shahverdyan

«Երիտասարդ գրողներ». Առլեն Շահվերդյան

(+374)99725370 OnlineRadio.am

www.onlineradio.am hamagortsakcutyan-avart-egga

«Օնլայն Ռադիոն» դադարեցնում է ԵԳԳԱ-ի հետ համագործակցությունը

(+374)99725370 OnlineRadio.am

Թողնել պատասխան